Ուսուցչուհի. «Աղքատավարձ ենք ստանում, ոչ թե աշխատավարձ» (տեսանյութ)
Այսօր մի խումբ մանկավարժներ «Դ!եմ եմ» ակցիայի հետ միասին հավաքվել էին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության դիմաց: Բողոքի ակցիան կրկին կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչին էր վերաբերվում: Բողոքի ակցիային մասնակցելու էին եկել մանկավարժներն ու դասախոսները` դպրոցներից ու մի շարք բուհերից: Նրանք պնդում էին, որ իրենց աշխատավայրերում մինչև անցյալ ամիս կատարվել են բոլոր պահումները: Իսկ այս ամիս դեռևս չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում: Նրանց համոզմամբ` իրենց աշխատավարձերն առանց այն էլ շատ քիչ են, որ մի հատ էլ պահումներ անեն.
«Մենք պահանջում ենք նաև, որ ԿԳՆ ոլորտի առանց այն էլ ցածր աշխատավարձերից պահումներ չանեն: Մեր աշխատավարձերն առանց այն էլ մեզ չեն բավականացնում՝ օրվա հացի խնդիր լուծելու համար: Ինքս ստանում եմ 32 հազար դրամ աշխատավարձ, չնայած ունեմ 17 տարվա աշխատանքային փորձ: Բայց այսօր մեր նախարարի գրչի մեկ հարվածով մենք կորցրել ենք և՛ մեր դասաժամերը, և՛ մեր աշակերտներին ու, հազար ներողություն, աղքատավարձ ենք ստանում, ոչ թե աշխատավարձ: Հիմա այդ 32, 40, 50, թող լինի՝ 80 հազար դրամ աշխատավարձից պահումները վատացնում են մեր կրթության, գիտության ոլորտի աշխատակիցնրերի վիճակը: Են մենք հստակ խնդիր ենք դրել նախարարի առջև, որ՝ եթե նա մեր պահանջները չկատարի, մենք պատրաստ ենք գործադուլի, որովհետև համբերության բաժակը մի օր, ի վերջո, լցվում է և թափվում է»,- ասաց Երևանի թիվ 50 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին իջնել եւ լսել իրենց պահանջները: Սակայն Արմեն Աշոտյանը 2 անգամ իր աշխատակիցների միջոցով փոխանցեց, որ ինքը սպասում է մանկավարժներին իր աշխատասենյակում, իսկ մանկավարժներն էլ, իրենց հերթին, հրաժարվեցին բարձրանալ Ա. Աշոտյանի մոտ` ասելով, որ իրենք ուզում են հանդիպել նրա հետ հանրության առաջ: Քիչ անց լուրեր տարածվեցին, որ Արմեն Աշոտյանը «գողեգող» փախել է նախարարությունից, և ակցիայի մասնակիցները որոշեցին իրենց պահանջագիրն ուղարկել նախարարին:
Ակցիայի մասնակից` Երևանի թիվ 20 դպրոցի ուսուցչուհի Սոֆյա Հովսեփյանը ասաց, որ` իրենք չհամաձայնվեցին բարձրանալ Ա. Աշոտյանի հետ հանդիպման, քանի որ բազմաթիվ օրինակներ են եղել դպրոցներից, երբ շատ ուսուցիչներ մասնակցել են թե´ գրքերի քննարկմանը, թե´ ծրագրերի կառուցման աշխատանքներին, բայց դա ընդամենը եղել է «ձևի համար». «Մի քանի հոգի չպետք է բարձրանան, ինքը պետք է իջնի, ինքը պարտավոր է այն նույն ուսուցչին, որից վերցնում է, պատասխան տալ լրատվամիջոցների առաջ, բոլորի` հանրության առաջ»:
Ըստ նրա` Ա. Աշոտյանը չցանկացավ իջնել, քանի որ ամաչում է նայել իրենց աչքերին:
Այնուհետեւ ուսուցչուհին հավելեց. «Ես այսօր եմ ուզում ապրել, միգուցե ես 65 տարեկան չհասնեմ, թողեք այսօր ես հանգիստ ապրեմ: 65 տարեկանում, թե ինչպես կապրեմ` դա իրենց հոգսը չէ»: