«5 տարի հետո Սևանը չի լինի, դա միանշանակ» (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց «S.O.S. Սևան» նախաձեռնությունը կազմակերպել էր բողոքի ակցիա` ընդդեմ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերի հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու» օրենքի նախագծի:
Նշենք, որ վերոհիշյալ օրենքի համաձայն, մինչև Սևջուր գետի և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաև առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը ժամանակավոր՝ մինչև 2019թ. հունվարի 1-ը, Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակ uահմանել առավելագույնը 240 մլն մ3՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (գ.Հրազդան, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարներ) ջրատվության աստիճանից։
Հիշեցնենք, որ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը նույնպես անդրադարձել էր այս օրենքին` դիմելով պատգամավորներին. «Մենք ավելացնում ենք Սևանի հոսքը, որից կօգտագործենք մի 20-30 տոկոս, 70 տոկոսը կուղարկենք Նախիջևան: Ջուրը պահել չենք կարողանում: Եթե գյուղացին փող չունի, ենթադրենք, ջուր չենք տալիս նրան ջրելու, էդ ջուրն ինչ է լինում՝ գնում է Ադրբեջան»:
Ակցիայի մասնակիցները կոչ էին անում պատգամավորներին դեմ քվեարկել այդ օրենքի նախագծին: Մասնակիցները եկել էին «Սևան լճի վրա իրավունք ունի նաև այն երեխան, ով ծնվելու է այս մարզում 500 տարի հետո», «Պաշտոնյաների ագահությունը, ահա թե ինչն է կործանում` Սևանը», «Չենք հանձնի Սևանը» և նաման բովանդակության այլ պաստառներով։
«Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանն ասաց, որ մոտավորապես 5 էջի վրա իրենք ներկայացրել են ոչ թե ուղղակի իրենց մտահոգությունը, այլև բերել են գիտական հիմնավորումներ. Մենք դեմ ենք կառավարական 2 որոշումներին : Մի որոշումը վերաբերում է Սևանից ավելի ջուր տանելուն (40 %), և այսօր ԱԺ-ում պետք է քննարկվի հենց այդ որոշումը: Մյուս որոշումը վերաբերվում է համակիր ծրագրին ` ձկնաբուծարանի վերաբերյալ: Ակադեմիկոս Ռ. Ջրբաշյանից լավ ես երևի չեմ կարող ասել : Նա ասաց, որ հիմնավորված է՝ եթե 170 միլիոն խմ եթե ավելի ես ստանում, Սևանի էկոհամակարգը, ջուրը չի կարող վերականգնվել:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, ով նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային, ասաց, որ մենք պետք է մտածենք, որ տարիներ առաջ Սևանը մեզ կերակրել է, պահել է մի ամբողջ ժողովրդի. «Հիմա մենք ի՞նչ ենք ուզում անել: Ուզում ենք մեր ժողովրդին գանձարանից զրկե՞լ: Մենք ուզում են մեր հասարակությունը սա հասկանա, որ մենք բավական լուրջ վիճակում ենք, որ մենք չենք կարող խաղալ լճի հետ: Դա հայ ժողովրդի ապրելու, լինել-չլինելու աղբյուրն է: Մենք այսպես ենք այս խնդիրը դրել»:
Ինգա Զառաֆյանն ավելացրեց, որ այս խնդիրը ավելի լավ են հասկանում Սևանի բնակիչները. «Մեր բոլորիս կյանքն է կապված Սևանի հետ, բայց նրանք, այսպես ասած, անմիջապես կապ ունեն: Հո բոլորը չե՞ն գնալու Ռուսաստան: 5 տարի հետո Սևանը չի լինի, դա միանշանակ»:
Ակցիային մասնակցելու էին եկել նաև Սևան քաղաքի բնակիչներից: Անահիտ Գրիգորյանը նշեց, որ երբ Սևանը բարձրանում է, իրենց տներն են խոնավանում, երբ ցածրանում է, իրենց աղբյուրներն են ցամաքում. «Դա մեր հաց ու ջուրն է, մեր երեխայի հացն է: Սևանը մեր այգին է ջրում: Այն աղքատ տարիներին ամբողջ հանրապետությանը ձուկը պահեց, և հատկապես մեզ»:
Անի Քեշիշյան