
Հասան Ռոուհանին աջակցում է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելուն

Իրանական Basidj լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին աջակցում է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելուն: Այս մասին հայտարարել է իրանցի պատգամավոր Ամիր Խոջասթեհը:
Նրա խոսքերով` Ռոուհանին ու նրա վարչակազմը համաձայն են մայրաքաղաքի տեղափոխման պլանին և քաղաքաշինության գծով պաշտոնյաներին հանձնարարել են զբաղվել տվյալ հարցով:
Իրանի խորհրդարանը պլանավորել է մայրաքաղաքի տեղափոխման մասին օրինագծի մանրամասներն ուսումնասիրել հաջորդ շաբաթ: Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հավանության էր արժանացրել ենթադրյալ օրինագծի ընդհանուր դրույթները, որը թույլատրում է մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից:
Օրինագծի կողմնակիցները դրա անհրաժեշտությունը փաստարկում են նրանով, որ Թեհրանում հաճախակի են գրանցվում երկրաշարժեր, և բացի այդ, աղտոտված է Թեհրանի օդը: Հայտնի չէ, թե որ քաղաք կտեղափոխվի Իրանի մայրաքաղաքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Իրանի մայրաքաղաքը կարող է Թեհրանից տեղափոխվել Թավրիզ՝ վերջ դնելու համար Ադրբեջանի տարածքային հավակնություններին: