Բաժիններ՝

Իրանի խորհրդարանը քվեարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու օգտին

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանն այսօր հավանության է արժանացրել երկրի քաղաքական ու վարչական մայրաքաղաքը Թեհրանից մեկ այլ քաղաք տեղափոխելու մասին առաջարկը՝ չնայած նախագահական ապարատը դեմ է դրան: Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ այդ առաջարկը հակասում է Սահմանադրությանը և բացի այդ, այն շատ թանկարժեք նախագիծ է:

110 պատգամավոր քվեարկել է այդ առաջարկի օգտին, 67-ը դեմ է արտահայտվել, իսկ 10-ը ձեռնպահ է մնացել, 27 պատգամավոր էլ չի մասնակցել քվեարկությանը: Նոյեմբերին խորհրդարանի իրավական հանձնաժողովը նախագահին խնդրել էր հավանության արժանացնել մայրաքաղաքը մեկ այլ քաղաք, հնարավոր է՝ Թավրիզ, տեղափոխելու մասին օրինագծի դիտարկումը:

Օրենսդիրները վկայակոչում են Թեհրանում տեղաշարժվելու հետ կապված խնդիրները (խոշոր խցանումները), սեյսմիկ մեծ ակտիվություն ունեցող գոտում քաղաքի գտնվելը, կրիմինալի մակարդակը, ինչպես նաև բնակչության կտրուկ աճը. ներկայումս Թեհրանի բնակչությունը կազմում է ավելի քան 15 միլիոն մարդ:

Նախապես հայտարարվել էր, որ եթե Իրանի խորհրդարանը հավանության արժանացնի այդ նախաձեռնությունը, ապա Իրանի իշխանությունները պետք է ստեղծեն հատուկ հանձնաժողով, որը երկու տարվա ընթացքում պետք է զբաղվի երկրի նոր մայրաքաղաքի ընտրությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Իրանի մայրաքաղաքը կարող է Թեհրանից տեղափոխվել Թավրիզ՝ վերջ դնելու համար Ադրբեջանի տարածքային հավակնություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս