Բարձրաստիճան մանեկենները
Կառավարությունում թափուր աշխատատեղերի համար ամեն ինչի պատրաստ թեկնածուները հրաշալի գիտեն, որ իրենք վարչապետի կամ նախարարների աթոռներին նստելու են՝ իբրև մանեկեններ: Նրանց շարժումները համակարգող թելերը Սերժ Սարգսյանի ձեռքում են: Բայց, միևնույն է, ցանկացողները շատ են: Համաձայնեք, որ այնքան էլ արդարացի չէ Սերժ Սարգսյանին մեղադրել մանեկեններ ունենալու, երկրում քաղաքական, տնտեսական ոլորտներն ուզուրպացնելու, մենաշնորհներից, կարմիր գծերից ու եկամուտ ապահովող բոլոր հնարավոր ոլորտներից ուղղակի օգտվելու մեջ:
Իսկ կարծում եք` հե՞շտ է նախընտրական շրջանում պարել ընտրողների առաջ կամ ընտրողների հետ, հաճելի՞ է նրանց առաջ նվաստանալ՝ համոզելով, որ քվեարկեն քո օգտին՝ վստահ լինելով, որ այդ անշնորհակալները, միևնույն է, դա չեն անի՝ առանց 5000 դրամի: Հե՞շտ է ամեն գյուղում ծամել աղի մեջ թաթախած հացի ատելի կտորը, գրկել ուրիշների մանր, անլվա երեխաներին և համբուրելգ Իսկ հրապարակային երդո՞ւմը՝ ստորացուցիչ այդ ակտը, երբ նախապես գիտես՝ երդումը կատարելը նախ՝ անհնար է, երկրորդ՝ սցենարով նախատեսված չէ:
Այդուհանդերձ, արարողակարգը ստիպում է ունենալ վարչապետ և նախարարներ: Թվում է, ՀՀ քաղաքացիներս պետք է իմանանք՝ հատկապես ո՞ր արժանիքների համար է նախապատվությունը տրվում ա՛յս և ոչ մեկ այլ թեկնածուին: Սակայն, քանի որ մեզ հետ հաշվի նստել ոչ ոք չի պատրաստվում, փորձում ենք այս իրավիճակում գտնել չարյաց փոքրագույնը մեզ համար, այն է՝ գիտակցել, որ ձախողումների դեպքում մեր վրայից ընկնում է պատասխանատվությունը: Ի՜նչ հրաշալի զգացողություն է՝ գիտակցել, որ դու ոչ մի բանի համար մեղավոր չես: Սակայն ուրախանալ, ինչ խոսք, չարժե: Որպես կանոն՝ գեներալի սխալի համար պատասխանատվություն կրում են զինվորները, ընդ որում՝ վճարում են սեփական կյանքով:
Քննարկել՝ նո՞ր է Սերժ Սարգսյանի թիմը, թե՞ հին, պարապ զբաղմունք է. այն ոչ հին է, ոչ նոր, այն իրենից ոչինչ չի ներկայացնում:
Բոլորիս հասկանալի է մեր երկրի խնդիրների մասշտաբը: Երկիրն այս մասշտաբի ճգնաժամից հանելու համար թարմ, ֆանտաստիկ ուղեղներով, բարձրակարգ մասնագետներ են պետք՝ իրավաբաններ, տնտեսագետներ… Տպավորությունն այնպիսին է, որ այդպիսիք առհասարակ չկան:
Սակայն ո՛չ բոլոր բարձրակարգ մասնագետներն են արտագաղթել: Իսկ ցանկության դեպքում կարելի է ներգրավել անգամ արտագաղթածներին: Լավագույններին գտնելն այնքան էլ բարդ չէ. յուրաքանչյուր միջավայրում գիտեն՝ ով է լավագույն ֆիզիկոսը, տնտեսագետը, պատմաբանը, իրավաբանըգ Սակայն նորերին նշանակելու համար պետք է ազատվել հներից, իսկ նրանք սարի պես կանգնած են: Ահա և ստացվում է՝ նորերին նշանակելու փոխարեն ՝ վերադասավորում ու վերանշանակում են այնքան ծանոթ տգետներին, կաշառակերներին, հանցագործներին:
Այնպես որ, միշտ արդիական է հնչում «Ինչո՞ւ են իշխանության մեջ սրիկաներ» հարցը: Պատասխանը պարզ է՝ այնտեղ վերցնում են նրանց, ովքեր ընդունակ են ամեն ինչի, պատվախնդիր չեն, որոնց վարքն ի սկզբանե կանխատեսելի է: Շատերն անգամ գերազանցում են իշխանությունների սպասելիքները քծնանքի ասպարեզում:
Այն, որ Ս.Սարգսյանը վստահում է վաղեմի ծանոթներին, հասկանալի է. նրան անհամեմատ հարազատ են իր կենացներն անգամ իր բացակայության ժամանակ հոտընկայս խմող մարդիկ, քան թե անկախ պրոֆեսիոնալները: Սակայն, վստահ եմ, ատամնաբույժի մոտ գնալիս առաջնորդվում է ոչ թե նրա նվիրվածությամբ, այլ պրոֆեսիոնալիզմով: Եթե քեզ համար բժիշկ ես ընտրում՝ նրա մասնագիտական տաղանդը հաշվի առնելով, հիվանդ երկրին բուժող մասնագետներին ևս պետք է նույն չափանիշով ընտրել:
Իսկ հիմա կարող ենք տասնյակ անուններ տալ, որոնք վերջին 20 տարիներին բիզնեսից նետվում են կառավարություն, կառավարությունից՝ խորհրդարան, խորհրդարանից՝ բիզնես, ու այդպես՝ անվերջ:
Կառավարությունում ձախողվում են, և, թվում է, առավոտյան պիտի արթնանան մեկուսարանում, սակայն աշխատանքը տապալածները շարունակում են գրանցել անձնական և աշխատանքային հաջողություններ, հարստանում են և ակնկալում երկար ու երջանիկ կյանք:
Հիշո՞ւմ եք Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը». թագավորի համար կարևոր էր, որ բոլորն իրեն ենթարկվեն անմռունչ: Անհնազանդությունը նա չէր հանդուրժի: Սակայն նա շատ բարի էր և տալիս էր միայն խելամիտ հրամաններ: Եթե թագավորն իր գեներալից պահանջի ճայ դառնալ, և գեներալը չկատարի հրամանը, մեղավորը ոչ թե գեներալն է, այլ նման հրահանգ տվող թագավորը: Մեր երկրում «թագավորը» ևս չի հանդուրժում անհնազանդություն, և այդքանով նրա նմանությունը Էքզյուպերիի թագավորի հետ ավարտվում է:
Ի՞նչ սկզբունքով է Ս.Սարգսյանը նշանակում վարչապետ և նախարարներ: Նրանք իրենց ոլորտում անփոխարինելի մասնագետնե՞ր են: Ոչ, նրանք բոլորը հայտնի են նրանով, որ արդեն պաշտոններ ունեցել են: Սակայն նրանք բոլորը ձախողված կառավարիչներ են, կոռուպցիայի մեջ կասկածվող մարդիկ: Հավատարի՞մ են, վստահելի՞: Ուզում եք հավատարիմների՞ն, այդպիսիներին վերցրեք՝ որպես անձնական վարորդ, խոհարար կամ թիկնապահ: Երկրի համար կարևոր ոլորտներում պետք է լինեն պրոֆեսիոնալներ, շքեղությունը հիմարություն համարող, մտածող մարդիկ:
Իսկ նոր կառավարությունը ձևավորվում է գաղտնիության պայմաններում: Գաղտնի ի՞նչ են անում՝ կա՛մ անակնկալ, կա՛մ մի չար գործ, որի ընթացքը գաղտնի են պահում, որ ոչ ոք չկարողանա խանգարել: Տպավորություն է, թե կառավարությունը ձևավորվում է հակառակորդի ճամբարում: Լսելով հերթական նոր (հին) նշանակման մասին՝ քաղաքագետները գլուխները բռնում են, ինչպես շախմատիստները՝ Օստապ Բենդերի հետ միաժամանակյա խաղի ընթացքում, ու սկսում մտածել, թե այս նշանակմամբ ինչ է ցանկանում անել երկրի ղեկավարը:
Վերջինս չի շտապում: Նա կարողացավ տրոհել, չեզոքացնել ընդդիմությունը, իր ձեռքում կենտրոնացնել տնտեսությունը, բոլոր պաշտոնյաների լիազորություններն անցնում են իր կաբինետով: Սակայն բոլորից վերցնելով լիազորությունները՝ նա այդպիսով բոլորին ազատում է նաև պատասխանատվությունից: Ստացվում է՝ երկրում ամեն ինչի համար միակ պատասխանատուն նա է, քանի որ մեկ ուրիշը չկա: Եվ դրա համար վճարում ենք մենք բոլորս, քանի որ մեկ ուրիշը չկա: