Թարմոտ խոստումների ժամանակը
Դանդաղ տեմպերով կառավարություն է ձևավորվում: Այսօր ոչ ոք ստույգ չի հիշում` նման նախադեպ ունեցե՞լ ենք, թե՞ ոչ: Բայց ամեն ինչ օրենսդրության ոգով է: Երկու-երեք օրը մեկ` մեկ կամ երկու նախարարի անուն է հրապարակվում: Քաղաքագետներն այս գործընթացը կառավարության ձևավորման փուլային տարբերակ անվանեցին: Ինչ-որ իմաստով` լավ է: Որոշ նշանակումներ հիասթափություն են առաջացնում: Մի քանիսը՝ ըմբռնում: Նորանշանակների մեջ նոր մարդիկ չկան: Այսինք՝ չկան հասարակությանն անծանոթ անուններ: Հնարավոր է` նաև օբյեկտիվ պատճառներով:
Անկախությունից ի վեր` 13 կառավարություն է մեր երկրում ձևավորվել: Հետևաբար` բավական բարդ կլինի հաշվարկել, թե քանի հարյուր նախարար ենք ունեցել: Հիմա շատ ավելի հեշտ է հաշվարկել, թե քաղաքական ներկապնակի նկատվող դեմքերից ովքեր երբևէ կառավարության անդամ չեն եղել, քան` հակառակը:
Փաստորեն, մինչև կառավարության վերջնական ձևավորումն ու գործունեության պաշտոնական ծրագրի հրապարակումը կամաց-կամաց բացահայտվում է նաև նույն կառավարության գործելաոճը: Նոր վարչապետը նաև տեղեկատվական ոլորտում է ակտիվ: Կառավարության պաշտոնական կայքում բազմաթիվ հրապարակումներ կան: Դրանց վերնագրերի ընթերցումն արդեն, օտար բառով ասած՝ առանձնահատուկ «դրայվ» է: Կամ, մոտավորապես, ոսկեղենիկով ասած՝ առանձնահատուկ հաճույք:
Ընթերցեք. «Կառավարությունն իր խոստման տերն է. կուտակայինին վերաբերող նախագիծը խորհրդարանում է», «Վարչապետն ընդունել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին», «Պետությունը զիջում է գյուղացիների լրացուցիչ պարտավորությունները», «Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի գործարարներին»: Հասկանալի է, որ սրանք բոլոր վերնագրերը չեն: Պոպուլիստական համարվող որոշումների մեծ շքերթ է մեզ սպասում: Կուտակայինի մասով վարչապետ Հ. Աբրահամյանը նույնիսկ պաշտոնական խոսք է հրապարակել: Այն կարծես առայժմ կբավարարի «Դ!եմ եմ» շարժման մասնակիցներին և և հասարակության՝ պարտադիրը չընդունող, 80 տոկոսին:
Բայց պաշտոնական խոսքի վերջում հետաքրքիր մի հատված կա՝ վարչապետը հույս է հայտնում, որ բոլոր այն տնտեսվարողներն, ովքեր «աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստանձնել աշխատողների վճարման բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները»: Այլ կերպ ասած` սա տնտեսվարողներին ուղղված խնդրանք է՝ «Մի մոռացեք պետական բյուջեն» թեմայով: Հատկապես, որ բյուջեին ակնհայտորեն փող շատ է պետք լինելու: Պոպուլիստական որոշումների արդյունքում հարկային արտոնություններ ու հարկադրույքների նվազումներ են հայտարարվում: Ու շարունակվելու են հայտարարվել:
Օրինակ, կարծես թե չեղյալ է հայտարարվելու ակցիզային հարկի «Շքեղության հարկ» տեսակը: Այս հարկատեսակը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հպարտությունը կարելի էր համարել: Չնայած որ այն բավական կիսատ-պռատ ձևակերպում ու կիրառում ունեցավ: Հիմա դա էլ չի լինելու: Հասարակությունն, իհարկե, միշտ էլ նման որոշումները ոգևորությամբ է ընդունում: Դրա համար էլ դրանք պոպուլիստական են համարվում: Ամենամեծ ոգևորությամբ, հարկավ, կընդունվի մարդատար ավտոմեքենաների ներմուծման հարկի նվազեցումը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ԱԺ մի քանի պատգամավոր օրենքի նախագիծ է ներկայացրել` առաջարկելով նվազեցնել թեթև ավտոմեքենաների ներկրման գործող ակցիզային հարկը:
Մեր պատգամավորները, պարզվում է, հաշվարկել են, որ այս դեպքում կավելանա ներկրվող ավտոմեքենաների քանակը: Իսկ դա իր հերթին` կավելացնի բյուջեի հարկային մուտքերը:
Արդեն հայտնի է, որ կառավարությունն այս օրինագծի նկատմամբ առարկություն չունի: Կարելի է ոգևորվել ու հավատալ կատարված խորհրդարանական հաշվարկներին: Կարելի է նաև սպասել, ասենք, մի տարի ու համեմատել բյուջեի մուտքերը: Հատկապես, որ կուտակայինի մասին իր պաշտոնական խոսքում վարչապետ Հ. Աբրահամյանը խնդրում է մի քանի ամիս սպասել: Հատկապես, որ հասարակությունը, սպասելուց բացի, ուրիշ անելիք չունի:
Հիմա բոլորն են կառավարությանը դիմում հնարավոր բոլոր հարցերով: Անգամ խնդրում են փոխել հանրահայտ ՀԴՄ-ների կիրառման կարգն ու «շեշտակի նվազեցնել պատասխանատվության չափը»: Խախտումների դիմաց, իհարկե: Պոպուլիստական ժամանակներ են, որոնց արդյունքում ինչ կստացվի` ցույց կտա ժամանակը: Որպես վերջաբան` կարելի է հիշել ամենահայտնի արկածային վեպի վերջին բառերը՝ «Սպասել և հուսալ»: Այն իսկապես հարմար է, որովհետև մեր նորօրյա պատմությունն էլ արկածային է՝ հանց վեպ: