Պետք է խուսափել թուրք-ամերիկյան հարաբերություններին ամեն տիպի վնաս պատճառելուց. Դավութօղլուն՝ ԱՄՆ-ում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի մասին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է ԱՄՆ Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը.

«Անհրաժեշտ է, որ պատմական թեմաների ուսումնասիրմամբ զբաղվեն պատմաբանները: Երբեք չպետք է տվյալ թեմաները շահագործել քաղաքական տեսանկյունից: Մեր այս սկզբունքային դիրքորոշումը քանիցս ներկայացրել ենք աշխարհին:

2005 թվականին կոչ ենք արել տվյալ հարցով ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով: Թուրքիան դեռ ամեն տարվա ապրիլի 24-ից առաջ բախվում է այդ խնդրին: Թուրքիան մշտապես շարունակելու է իր սկզբունքային դիրքորոշումը: Մենք համոզված ենք, որ Սենատը չի ընդունի այդ բանաձևը: Եթե վնաս պատճառվի թուրք-ամերիկյան հարաբերություններին, ապա դա շահեկան չի լինի ոչ մեկի համար:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները ներկայումս կրում են ռազմավարական բնույթ և հանդիսանում են ամենակարևոր հարաբերություններից մեկը՝ կապված աշխարհում բազում խնդիրների լուծման հետ: Պետք է խուսափել թուրք-ամերիկյան հարաբերություններին ամեն տիպի վնաս պատճառելուց»:

Դավութօղլուն բանաձևի առաջ քաշումը պայմանավորել է «ներքին գործոններով»՝ այն որակելով որպես «վնասակար երևույթ»: Դավութօղլուի խոսքերով՝ իրենք (Թուրքիայի Հանրապետություն պետությունը) գոհ են իրենցից: Նա նկատել է, որ հաջորդ տարի իրենց սպասում են ծավալուն աշխատանքներ՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ.

«Համայն աշխարհի հայերը, այլ երկրները, երրորդ կողմը չպետք է հայ-թուրքական հարաբերությունները մղեն դեպի փակուղի: Թուրքիան մշտապես պատրաստ է փոխադարձ երկխոսության արտերկրի հայերի հետ, պատրաստ է քննարկել ամեն տիպի պատմական հարց: Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցման գործընթացում երրորդ երկրների միջամտությունը մեծապես բացասական ազդեցություն է ունենում»:

Տեսանյութեր

Լրահոս