Բաժիններ՝

Պետք չէ ֆինանսների նախարարության բացահայտած խնդիրներն օգտագործել նրան իսկ քննադատելու համար. Ֆիննախ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

* * *

«Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 2-ին «Պետական «ատկատների» մեխանիզմը» վերտառությամբ հրապարակման մեջ «կոռուպցիոն նոր մեխանիզմե է բացահայտել և որպես օրինակ բերել ՀՀ ֆինանսների նախարարությունում ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարների «ակնհայտ աճը»: Հոդվածագրի մեջբերած տվյալներով՝ ֆինանսների նախարարությունում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել աշխատակիցների 41,5 %-ը` դրա դիմաց ստանալով համապատասխան նպաստ, իսկ ահա 2013թ. անաշխատունակության թերթիկ ներկայացրել է նախարարության աշխատակիցների 82 %-ը:

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ, որից օգտվել է հրապարակման հեղինակը, նշվել է, որ ֆինանսների նախարարությունում 2011թ.-ին ժամանակավոր անաշխատունակության թերթիկների քանակը (և ոչ թե հիվանդ աշխատողների քանակը) կազմել է 263, 2012 թ.-ին ՝ 334, 2013թ.-ին՝ 553 հատ: Թերթիկների քանակը համադրվել է նախարարության այդ տարիների աշխատակիցների թվաքանակի հետ, արդյունքում՝ ստացվել վերը նշված տոկոսը:
Կարծում ենք, որ ամբողջ տարվա թերթիկների քանակը համեմատել աշխատակիցների թվաքանակի հետ և դրանից հետևություններ անել այն մասին, թե ամբողջ անձնակազմը հիվանդ է կամ հաճախ հիվանդանում է, պարզապես կոռեկտ չէ:
Կոնկրետ ՀՀ ֆինանսների նախարարությանն առնչվող մասում բերված տեղեկատվությունը չի արտացոլում իրականությունը: Պետք է նշել, որ 2011 թ. նշված թերթիկների քանակն իսկապես եղել է 263, իսկ 2012 թ.՝ 334: Իսկ ահա 2013 թ. թերթիկների քանակը կազմել է ոչ թե 553, այլ 329 հատ:
Այսպիսով՝ այն, ինչ ներկայացնում են լրատվամիջոցները որպես սենսացիա կամ «կոռուպցիոն բացահայտում». մասնագիտական առումով պարզապես թերի աշխատանքի արդյունք է:
Հարկ է նաև առանձնացնել ՎՊ տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած ևս մեկ կետ. Ֆինանսների նախարարության ժամանակավոր անաշխատունակության նպաստների ընդհանուր գումարը 2012թ.-ին եղել է 21 մլն 568 հազար դրամ, իսկ 2013թ.-ին, չնայած թերթիկների «ակնհայտ աճին», նույն նպատակով տրամադրված գումարը նվազել է՝ կազմելով 20 մլն 346 հազար դրամ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ թերթիկների քանակը չէր կարող աճել ու 334-ից հասնել 553-ի, իսկ դրանց դիմաց տրվող գումարները՝ նվազեն:
Միևնույն ժամանակ նպաստների գումարների աճ է նկատվել 2011-2012 թթ. ընթացքում, ինչը մասնագիտորեն կրկին բացատրելի է: 2011-2012թթ. օրենսդրության մեջ եղել է փոփոխություն, որով վերանայվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգը և վերացվել նպաստի չափը սահմանափակելու՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափ սահմանելու նորմը:
Եվ, վերջիվերջո, տարեկան 329 անաշխատունակության թերթիկը նշանակում է, որ ֆինանսների նախարարությունում մեկ ամսվա ընթացքում թերթիկը (բյուլետենը) միջինում ներկայացնում է 27 աշխատակից: Արդյո±ք սա մեծ թիվ է 674 աշխատակից ունեցող աշխատակազմի համար:

Այդուհանդերձ, ֆինանսների նախարարությունը փաստում է, որ ոլորտում առկա են մտահոգող խնդիրներ: Եվ այդ խնդիրների մասին առաջինը բարձրաձայնել է հենց նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը: Դեռևս 2013 թ. Ֆինանսական վերահսկողության տեսչությունը ուսումնասիրություններ է կատարել այս ոլորտում: Իսկ 2014 թ. սկզբին ֆինանսական վերահսկողության տեսչության պետը ներկայացրել է հրապարակային հաշվետվություն ոլորտում բացահայատված խնդիրների մասին: Տեսչությունն ուսումնասիրություններ է կատարել ինչպես ֆինանսների նախարարությունում, պետական եկամուտների կոմիտեում, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում, այնպես էլ այլ գործատուների գծով (որտեղ եղել են նպաստների աճ) և փաստել, որ կոնկրետ նշված գերատեսչություններում աճը կրում է զուտ տեխնիկական բնույթ: Միևնույն ժամանակ արձանագրվել են ռիսկեր պոլիկլինիկաներն ուսումնասիրելու արդյունքում, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը տեսչությունը 2013թ. հոկտեմբերին ուղարկել է գլխավոր դատախազություն՝ լրացուցիչ քննության:
Արդեն հերթական անգամ ցավով արձանագրում ենք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այս կամ այն ոլորտում բացահայտված կամ լուծում տրված խնդիրներն (օրինակ՝ քաղաքաշինության ոլորտում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ու ապրանքների գնագոյացման խնդիրները, սոցիալական ապահովության ոլորտում բացահայտված՝ կենսաթոշակների ու նպաստների վճարման խախտումներն ու թերացումները և այլն) օգտագործվում են նույն այդ կառավարությանը քննադատելու նպատակով: Կարծում ենք, որ նման մոտեցումը վերանայման կարիք ունի:

Հ.Գ. Կից ներկայացնում ենք ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պատրաստած տեղեկանքն անաշխատունակության թերթիկների հիման վրա տրված նպաստների մասին՝   մասնագիտական շրջանակների համար:

Տեղեկանք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս