Թողե՛ք տառապենք

Քեսաբը փրկելու, պաշտպանելու ուղղությամբ սոցցանցից օգտվողներն անում են իրենց գիտեցածը՝ որպես գլխավոր նկար տեղադրում են «Փրկեք Քեսաբը» պաստառիկը, առաջարկում են ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորել և այդ ենթադրյալ ջոկատներում անպատճառ գրանցել նաև իրենց անունը:

«Ժողովո՜ւրդ, հայերին մորթում են, սա իսկական ցեղասպանություն է»,- գրում են մարդիկ՝ համացանցում տեղադրելով սարսափազդու կադրեր՝ կտրված գլուխներ, գնդակահարվող քրիստոնյաներ: Այս քայլերը կարելի է կոչել նաիվ, հախուռն, էմոցիոնալ, սակայն այս ինքնագործունեությունն ունի իր հիմնավորումը, որի անունն է Անորոշություն: Հայաստանում չկա մեկ, վստահելի, պաշտոնական կենտրոն, որը նման կարևորության տեղեկատվությունն ունենա առաջին ձեռքից, համակարգի և կներկայացնի իր քաղաքացիներին:

Նման կենտրոնը, սովորաբար, կոչվում է Արտգործնախարարություն: Ասել, որ Հայաստանն ունի այդպիսի կառույց, չափազանցություն է: Մեզ վստահեցրել են, որ պաշտոնական Երևանի ցանկացած կարծիք միջազգային որևէ խնդրի առնչությամբ, անգամ, եթե այն անմիջականորեն մեր շահերին է առնչվում, անգամ Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովի նախնական բառամթերքից՝ «աբըռռ-աբըռռ», կօգտագործվի մեր իսկ դեմ:

Մենք պիտի լռենք, և սա է մեր արտաքին քաղաքականության առանցքը:

Տարիների ընթացքում մենք վարժվել էինք այդ լռությանը, համակերպվել աշխարհում աննկատ, իրադարձությունների լուսանցքում գտնվելու մեր դերին, երբ, խնդրեմ, ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում քվեարկության դրվեց Ղրիմի հանրաքվեի օրինականությունը:

Դեռևս քվեարկության նախօրեին Արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել էր պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ ձեռնպահ մնալ: Եվ հանկարծ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը «դեմ» է քվեարկում:

Գուցե այս քվեարկությունը լավագույն տարբերա՞կն էր, կամ մեր արտաքին քաղաքականության հերթական ձախողո՞ւմը: Ինչո՞ւ այսպես քվեարկեց ՀՀ-ն: Երկրի նախագահը, որի հրահանգով է իրականացվում արտաքին քաղաքականությունը, ենթադրվում է, պիտի հեռուստատեսային ուղերձով դիմեր իր ժողովրդին և բոլորիս հասկանալի լեզվով հիմնավորեր մեր երկրի նման դիրքորոշումը: Այլ կերպ ասած՝ փորձեր ցրել կասկածները, թե Հայաստանն այլևս ինքնուրույն պետություն չէ, որ «դեմ» քվեարկելու այլընտրանք չունեինք… Ի վերջո, նախագահը խորապես համոզված է, որ ընտրվել է ժողովրդի մեծամասնության կողմից, հետևաբար՝ հաշվետու է ընտրողների առաջ:

Իսկ նա ունի ուղերձի միայն մեկ առիթ՝ Ամանորը: Մարտի 8-ին և ապրիլի 7-ին շնորհավորական ուղերձ՝ «սիրելի մայրերին, քույրերին ու դուստրերին», Ապրիլի 24-ին, Դեկտեմբերի 7-ին՝ ցավակցություն, հետո` շնորհավորանքներ երկու թե երեք անգամ, ու դարձյալ Ամանոր է: Տարվա մյուս օրերին, որքան էլ անհրաժեշտություն է առաջանում լսել երկրի առաջին դեմքի խոսքը, բացատրությունը, հիմնավորումը, Սերժ Սարգսյանը լռում է:

Հիմա՝ ունի՞ ՀՀ քաղաքացին ցայտնոտի մեջ ընկնելու իրավունք, չկողմնորոշվելու՝ ինչո՞ւ են ռուս, համաշխարհային հայտնիները հանկարծ ցավակցում հայերին, միջազգային լրատվամիջոցներում ինչո՞ւ են դաժան կադրերում զոհերը ներկայացվում իբրև հայեր, ինչո՞ւ են տեղեկատվական կայքերը տարածում երակներում արյուն սառեցնող կադրեր՝ որպես անաչառ ու թարմ տեղեկություն:

Ունի՞ ՀՀ քաղաքացին իրավունք, ավելի ստույգ՝ դժբախտություն, արձանագրելու, որ Հայաստանի և արտաքին աշխարհի միջև միջազգային հարաբերությունների համար Արտգործնախարարություն պահելն անմտություն է: Որ «Հայաստանի արտաքին քաղաքականություն» ասելիս` հասկանում ենք սա՝ գերտերությունների նախագահների օգնականներն ունեն մեր երկրի նախագահի էլ.փոստի հասցեն, նրա ֆեյսբուքյան ընկերների ցուցակում են կամ, ծայրահեղ դեպքում, ունեն բջջայինի համարը, կապվում են երկրի նախագահի հետ, ու արտաքին քաղաքականությունն անմիջապես վերջանում է:

Ու սկսվում է ներքի՜նը…

Ներքին քաղաքականության ասպարեզում իշխանությունները գլուխ են հանում, քանի որ անվանումն արդեն՝ ներքին, հուշում է՝ նրանք դա կարող են: Ներքին քաղաքականության առանցքը հարկահավաքությունն է սեփական քաղաքացիներից՝ բոլոր հնարավոր եղանակներով:

Արագաչափերն՝ անհեթեթ տուգանքներով, պարտադիր կուտակային կենսաթոշակները, սոցիալական վճարները, թանկացում, հարկերը, տուրքերը, մոնոպոլացված տնտեսությունըգ Սակայն գործող իշխանություններին ամենաբնորոշողը կարմիր գծերն են՝ փող՝ ամեն հնարավոր անկյունից: Կարմիր գծերը գրավում են փողոցի բանուկ մասերը՝ խոչընդոտելով երթևեկությանը: Ոչինչ:
Ներկայանալի, արժանապատիվ, սեփական պետության հանդեպ հարգանք ունեցող և, համապատասխանաբար, հարգանք ներշնչող պաշտոնյաներ մենք, ցավոք, չունենք:

Մանր-մունր հետաքրքրություններով, կարմիր գծերից, ասֆալտը քերելուց և նորից ասֆալտապատելուց, շաքարավազի, վառելիքի, բանանի ու նարնջի ներմուծումը սեփականաշնորհած պաշտոնյաներն օբյեկտիվորեն ի վիճակի չեն աշխարհի հետ խոսել հասկանալի լեզվով:

Հետևաբար, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի քվեարկությունը մեզ համար նույնքան անհասկանալի է, որքան Քեսաբի իրադարձություններին հայերի հանդեպ աշխարհի սևեռված ու անհասկանալի ուշադրությունը: Այնպես որ, ստիպված ենք ֆեյսբուքում շարունակել ինքնագործունեությունը՝ տարածել Բեզրուկովի, Քարդաշյանի ու Շաերիին Սարգսյանի լուսանկարները, պնդել, որ Քեսաբ ուղարկվելիք ջոկատում չմոռանան մեր անունները և, ամեն դեպքում, save Kessab:

Տեսանյութեր

Լրահոս