Հայաստանը՝ վիրտուալ պատրիոտիզմի ու իրական դավաճանության արանքում
Քեսաբում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հայկական արձագանքները ստիպում են ևս մեկ անգամ մտածել ոչ միայն Հայաստանի համապատասխան պաշտոնական կառույցների՝ կառավարության, ԱԳՆ-ի, խորհրդարանի, այլ նաև հանրային ինստիտուտների՝ քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, վիրտուալ հայրենասերների գործողությունների ադեկվատության մասին: Աշխարհագրությունից ու պատմությունից բավարար գնահատական ստացող բարձր դասարանցի աշակերտի համար անգամ դժվար չէ հասկանալ, թե հատկապես ում և ինչ նպատակով է ձեռնտու Քեսաբի ու քեսաբահայերի շուրջ բարձրացված աղմուկը: Սակայն անգամ Քեսաբում «ցեղասպանության» կեղծ լուսանկարների և տեսանկարների տարածումը մարդկանց չի ստիպում մտածել և գոնե մտածելուց հետո լծվել հաստիքային հայրենասերի ամենօրյա աշխատանքին:
Տարընթերցումներից ու ապազգայնության մեղադրանքներից զերծ մնալու համար ևս մեկ անգամ նշենք այն, ինչին վերջին օրերին բազմիցս ենք անդրադարձել: Հայաստանը՝ որպես սփյուռք ունեցող պետություն, պարտավոր է 24-ժամյա ռեժիմով աշխատել՝ գործադրել բոլոր հնարավոր ու անհնար խողովակները՝ քեսաբահայության ամեն մի ներկայացուցչի անվտանգությունն ապահովելու, նրան ավելի անվտանգ բնակության վայր տեղափոխելու համար: Պետությունը դա անում է վատ, շատ վատ, քանի որ սիրունատես պատգամավորներին Ասադի աուդիենցիային ուղարկելը պետության քայլ անվանելու համար պետք է առնվազն ՀՀԿ անդամ լինել:
Բայց ինչ են անում մեր շարքային, սոցիալական հայրենասերները: Նրանք մի անասելի, աննկարագրելի աղմուկ են բարձրացրել՝ Քեսաբը փրկելու համար, միաժամանակ՝ գրեթե ծպտուն չհանելով քեսաբահայությանը փրկելու համազգային գործառույթ ստանձնած, տարբեր համաժողովներում աշխարհասփյուռ հայության անունից ճոռոմ ելույթներ ունեցող ՀՀ իշխանությունների մասին: Նախագահի նստավայրի, Կառավարության, ԱԳՆ-ի և այլ գերատեսչությունների շենքերի առջև պիկետներ կազմակերպելու փոխարեն՝ ֆեյսբուքահայերը բողոքի ակցիաներ են կազմակերպում վիրտուալ տարածությունում՝ մեղադրելով բոլորին, ում հնարավոր է. կեղտոտ Արևմուտքին, նեխած իմպերիալիզմին, ցեղասպան Թուրքիային, բոլորին, բացի նրանից, ում աշխարհաքաղաքական շահերից է բխում Քեսաբում «ցեղասպանության» թեմայի գեներացիան՝ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային տարածքում: Ի վերջո, դժվա՞ր է նեղություն տալ սեփական ուղեղին և մտածել՝ ինչպե՞ս է պատահում, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը ծպտուն չի հանում, երբ Հայաստանի սահմանին Ադրբեջանին վաճառված ռուսական զենքով հայ զինվորներ են սպանվում, սակայն մի ամբողջ էջանոց հայտարարություն է տարածում Քեսաբի մասին: Եթե չեն մտածում՝ կամ չունեն համապատասխան ֆիզիոլոգիական տվյալները, կամ մտածելն արգելված է: Քանի որ որևէ մեկի մտավոր կարողություններին կասկածելու հիմքեր չունենք, ավելին, սոցցանցերի գեներալները կրթված երիտասարդներ են, ապա, դժբախտաբար, մնում է երկրորդ տարբերակը:
Քեսաբում տարբեր գնահատտականներով բնկավում էր 5-700 հայ ընտանիք: Այսինքն՝ քեսաբահայությունը կազմում էր առավելագույնը 3000-3500 մարդ, ովքեր տեղահանվել են հիմնականում Լաթաքիա: Նրանց տեղահանման համար մենք բողոքի ձայն ենք բարձրացնում՝ պահանջում ենք մեղավորներին պատժել ՄԱԿ-ի ու մնացած բոլոր կոնվենցիաներով: Հայաստանից, պաշտոնական տվյալներով՝ յուրաքանչյուր ամիս արտագաղթում է 3500-4000 մարդ: Այդ մարդիկ, իհարկե, բռնի չեն տեղահանվում, սակայն արտագաղթում են, որովհետև Հայաստանի իշխանության հետևողական քաղաքականության արդյունքում Հայաստանում ապրելը դառնում է անհնար: Այսինքն՝ լայն իմաստով, ամեն ամիս Հայաստանից տեղահանվում է ավելի շատ ՀՀ քաղաքացի, քան Քեսաբից: Սակայն մենք՝ մեր հայրենասերները, առանձնապես չեն մտահոգվում «հայկական տեղահանությամբ» ու անլար ինտերնետի արագությամբ իրենց էջերում, ասենք, Շամշադինում կամ Աշոցքում, սովամահ լինող երեխաների կեղծ լուսանկարներ չեն տեղադրում ու «SAVE ARMENIA» գրությամբ լուսանկարներ չեն տարածում: Որովհետև դրանում մեղավոր է ոչ թե համաշխարհային քաղաքականությունը՝ ԿՀՎ-ն, Մոսադը կամ ՄԻ-6-ը, այլ Հայաստանի իշխանությունը: Հետևությունները թողնում ենք օգտատերերին: