Fake ես դու, Fake եմ ես… վախ քո ցավը տանեմ ես
Մինչ աշխարհը շարունակում է քննարկել մարտի 27-ի ՄԱԿ-ի քվեարկությունը՝ Հայաստանի և Զիմբաբվեի աջակցությունը Ռուսաստանին, հայ քաղաքական միտքն էլ հաճույքից տեղը չի գտնում, որ Քիմ Քարդաշյանն ու ռուսական սերիալային մի քանի դերասաններ իրենց աջակցությունն են հայտնում քեսաբահայությանը, երեկ Հայաստանի ԱԺ-ն խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ կենսական, օրհասական մի խնդիր՝ «ֆեյքերի» դեմ պայքարի մասին օրինագիծը քննարկելու համար:
Ընդամենը օրեր առաջ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումից վերադարձած պատգամավորներն ու նրանց գործընկերներն այդ օրենքի հիմնավորման ժամանակ խույս չէին տալիս հղում կատարել եվրոպական այնպիսի երկրների փորձին, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան կամ Էստոնիան: Եթե մի կողմ թողնենք օրինագծի իրավական ձևակերպումներն ու անսպասելի ձյան տակ սառած գարնանային արբունքի նմանվող պաթետիկ հիմնավորումները, ապա այդ օրինագծի նպատակը լրատվամիջոցների դեմ ճնշում գործադրելու հերթական մահակ ստեղծելն է:
Ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոտնահարման դարդով տապակվող մի խումբ հանրապետականներ կարծում են, որ լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն կրեն նաև իրենց հրապարակումների տակ սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումների համար: Հանճարեղ գաղափար է:
Ընդունում ես այս օրենքը, ու իշխանական մեծամասնության մի խումբ պատգամավորների ինտերնետից օգտվելու ձևը սովորեցնելուց հետո (դա, իհարկե, ավելի անհաղթահարելի խոչընդոտ է, քան որևէ օրենքի ընդունումը), հանձնարարում ես իրենց ամենօրյա լեքսիկոնով քոմենթներ գրել այն կայքերի հրապարակումների տակ, որոնք պետք է փակել կամ գոնե տուգանել:
Որևէ ֆեյք օգտատիրոջ անունից, բնականաբար:
Ավելի ժողովրդավարական մեթոդ հնարավոր չէ անգամ պատկերացնել: Բավական է, ասենք, Առաքել Մովսիսյանն իր վերաբերմունքը հայտնի անգամ եղանակի տեսության վերաբերյալ, և դա հիմք կարող է հանդիսանալ տվյալ կայքին առնվազն տուգանելու համար: Պատկերացրեք՝ Հիդրոմետ ծառայությունը կանխատեսում է, որ ապրիլի 22-ի սպասվում է ձյուն, ինչին ի պատասխան՝ Մովսիսյանը՝ ցանկանալով ցույց տալ իր ցրտադիմացկունությունը, ասենք «Մի ծաղկով՝ Գարուն» հայրենասիրական կեղծանունով օգտատիրոջ անունից գրում է, հատկապես, թե ինչ «արած ունի» ձյան կանխատեսո՛ւմն էլ, կանխատեսող հիմնարկի ղեկավարի՛ն էլ: Ամեն ինչ այնքան հեշտ է ու սահուն, որքան Երևանում նախօրեին տեղացած առատ ձյունը:
Արժե՞ արդյոք նկարագրել, թե ինչ կլինի, եթե Մովսիսյանը բացակայի հանրապետությունից, և եղանակի տեսության վերաբերյալ իր վերաբերմունքն արտահայտի, օրինակ, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ «ՀԷԿ-ի ջրի խատուտիկ կարմրախայտ» ֆեյքի անունից:
Դատարանը կարող է դա որակել՝ որպես Հիդրոմետ ծառայության պետ Լևոն Վարդանյանի ականջներին ուղղված ֆիզիկական սպառնալիք՝ տվյալ անշառ լուրը հրապարակած կայքի համար՝ դրանից բխող ֆինանսական հետևանքներով: Առաջին հայացքից անհեթե՞թ է թվում:
Ոչ ավելի, քան այն, որ զրպարտության ու վիրավորանքների հոդվածներին ենթակա լեզվով մարդիկ մեծամասնություն են իշխող մեծամասնության կազմում:
Իշխանությունն այս խնդրի լուծման երկու ճանապարհ ունի՝ կամ ազատվել այդպիսիներից, կամ օրենքներ ընդունել այդպիսիների գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցներին պատժելու համար: Իշխանությունը, ինչպես պետք էր սպասել, ընտրել է երկրորդ տարբերակը: Ու դա անում է մեծամասնության մեջ փոքրամասնություն կազմող ուսյալ պատգամավորների կեղծ (fake) ժողովրդավարական մղումների ներկայացման միջոցով:
Ու թերևս պետք չէ պատահական համարել, որ այս նախաձեռնությունն արժանանում է նաև ԲՀԿ-ականների բացահայտ կամ ոչ այնքան հնչեղ պաշտպանությանը: Ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի գործունեության մեջ fake-ը կարևոր դերակատարում ունի: Եվ ոչ միայն վիրտուալ տարածությունում: