Համաշխարհային դավադրություն՝ ընդդեմ Տարոն Մարգարյանի և Գագիկ Բեգլարյանի

Որևէ համակարգի կենսունակությունն ու արդյունավետությունը գնահատվում է նրանով, թե որքանով է այդ համակարգն իր գործառույթները կատարում ֆորսմաժորային, ճգնաժամային իրավիճակներում: Դա կառավարման հիմնարար սկզբունքներից մեկն է և վերաբերում է ինչպես՝ փոքր, այնպես էլ՝ խոշոր համակարգերին, այդ թվում՝ պետություններին, միջազգային կառմակերպություններին, և այլն:

Պատահական չէ, որ ուկրաինական ճգնաժամից հետո աշխարհում սկսեցին խոսել, օրինակ, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի արդյունավետության, կենսունակության մասին, շատերը բարձրացնում են դրանց վերափոխման անհրաժեշտությունը: Համեմատաբար ստանդարտ պայմաններում այդ կառույցներն ավելի կամ պակաս չափով կատարում էին իրենց ֆունկցիաները, մինչդեռ ճգնաժամային պայմաններում, ըստ էության, ցույց տվեցին  իրենց անկարողությունը:

Ինչպես Երևանի քաղաքապետարանն ու Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ անցած օրերին Երևանում ու Հայաստանում տեղացած առատ ձյան պայմաններում: Թող, իհարկե, մեզ ներեն Լամբերտո Զաննիերն ու Պան Գի Մունը՝ իրենց Տարոն Մարգարյանի ու Գագիկ Բեգլարյանի հետ համեմատելու համար, բայց վերջիններիս անկարողությունը ճանապարհների մաքրման հարցում դրսևորվեց գրեթե այնպես, ինչպես վերոնշյալ պարոնների ղեկավարած կառույցների անկարողությունը՝ «ուկրաինական ձյան» դեպքում:

Տարոն Մարգարյանն ու Գագիկ Բեգլարյանը, չնայած բազմաթիվ արտաքին և բովանդակային տարբերություններին, ունեն նաև նմանություններ. երկուսն էլ շատ են սիրում լուսանկարվել ու տեսանկարահանվել այդ նպատակով պլպլացված փողոցների ֆոնին, մեծ-մեծ հարցազրույցներ տալ «օգտագործված» աղի ու ավազի չափաքանակների, ցուցանիշների մասին:

Չար լեզուներն ասում են՝ որքան մեծ են այդ ցուցանիշները, այնքան ավելի մեծ են նաև «ատկատների» թվերը, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված են լինում քայլել ու երթևեկել «կատոկի»  վրա: Արդեն երկու օր է՝ մամուլում, սոցիալական ցանցերում սույն և նրանց փոխկապակցված պաշտոնյաների կամ նրանց «փիարշչիկների» կողմից ուղղակի-անուղղակի մեղադրանքներ են հնչում Հիդրոմետծառայության հասցեին, թե՝ սխալ կանխատեսում եք ներկայացրել, դրա համար էլ համապատասխան ծառայություններն անպատրաստ են եղել:

Լավ է՝ Երևան-Ապարան ճանապարհի մերկասառույցի կամ Նալբանդյան փողոցի անանցանելիության համար չեն մեղադրում Յարոշին ու Տյագնիբոկին՝ Ուկրաինայում ճգնաժամը հաղթահարելու և այդպիսով՝ Հայաստանի ձնամաքրման համակարգերի կայունությունը խարխլելու համար:

Իրականությունն այն է, որ մայրաքաղաքային ու միջմարզային ճանապարհների մաքրման պարտավորություններ ունեցող կառույցների ղեկավարների մտքով չի անցել, որ մարտի 30-ին կարող է այնպիսի ձյուն տեղալ, որը սովորաբար մարտ ամսին չի տեղում: Ու «սովորական ձյան» ժամանակ մի քանի պարկ աղով կամ ավազով «յոլա գնացողները» հայտնվել են ցայտնոտային վիճակում: Մինչդեռ սա նման համակարգերի համար սովորական ֆորսմաժորային իրավիճակ է, որում գործելու ցուցումներ պետք է որ գրված լինեն դրանց կանոնագրքերում կամ աշխատանքային ուղեցույցներում:
Բայց միայն Տարոն Մարգարյանին ու Գագիկ Բեգլարյանին մեղադրելը կնշանակի՝ մեղանչել արդարության դեմ:

Նրանք գործում են ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի պետական կառավարման մյուս համակարգերը: Սովորական պայմաններում, օրինակ, Արտգործնախարարությունը զբաղվում է զանազան համայնքների հետ մշակութային կապեր հաստատելով, նախարար  Էդվարդ Նալբանդյանն էլ աչք չի փակում էկզոտիկ երկրներ կատարած այցերից: Բայց բավական է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը միջազգային կարևորություն ունենա, կամ Քեսաբի հայերը տեղահանվեն, որպեսզի Նալբանդյանի ու Արտգործնախարարության ձայնն առանձնապես չլսվի: Նույն իրավիճակն է գրեթե բոլոր ոլորտներում: Պետական կառավարման համակարգում՝ ընդհանրապես:

«Սովորական ռեժիմում» Հայաստանը «յոլա է գնում», ճգնաժամային իրավիճակներում հայ քաղաքական միտքը սկսում է մտածել «անվտանգության սպառնալիքների» ու անկախությունից հրաժարվելու մասին, հայկական նավատորմի հրամանատարությունն էլ ավելի շրջահայաց լինելով՝ արդեն իսկ վերհիշած է լինում Գյուլիստանի պայմանագիրը:

Ամեն դեպքում, պատմական ու քաղաքական անգրագիտություն կլինի Հայաստանում տեղացած ձյունը միայն բնության կամակորություն համարելը: Գարնանը հենց այնպես, առանց համաշխարհային դավադրության, որևէ շարքային երկրում ձյուն չի տեղում: Մի՞թե աշխարհի որևէ այլ ազգի գրականության գոհարների մեջ կարող եք գտնել՝ «Գարուն ա, ձուն ա արել…» սիմվոլիզմը: Իհա՞րկե ոչ: Բայց նաև դժվար կլինի որևէ ազգի բանահյուսության մեջ գտնել «Գլխիդ ձուն գա» դարձվածքը:

Տեսանյութեր

Լրահոս