
Սերժ Սարգսյանն ո՞ւմ կփոխանցի իշխանությունը. Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանին

Այս հարցն, առաջին հայացքից, կարող է՝ ծիծաղելի, ընթացիկ քաղաքական գործընթացները հաշվի առնելով՝ անգամ անհեթեթ հնչել, քանի որ այսօր նախկին երկու նախագահները բացահայտ կամ թաքնված պայքար են մղում գործող նախագահի դեմ: Սերժ Սարգսյանի ու նրա թիմի թիրախն էլ Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրանց թիմերն են: Սա ընթացիկ քաղաքական գործընթացների տրամաբանությունն է:
Սակայն որևէ մեկը վստահ չի կարող պնդել՝ արդյոք ընթացիկ, բոլորի համար տեսանելի գործընթացներն արտահայտում են իրականությո՞ւնը, իշխանական համակարգի վրա ազդող ներքին և արտաքին գործոնների իրակա՞ն դրությունը, թե՞ հակառակը՝ դրանց նպատակն իրականության իմիտացիա ստեղծելն է:
Հետևաբար՝ այդ հարցին պատասխանելու համար, ընթացիկ ներքաղաքական կյանքին հղում կատարելուց հետո կամ գուցե դրանից առաջ, անհրաժեշտ է պատասխանը որոնել նաև պատմական զարգացումների ու նախադեպերի տրամաբանության մեջ:
Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում Հայաստանն ունեցել է երեք նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան:
Նրանք միմյանց հետ կապված են նույնքան ամուր թելերով, որքան անհաղթահարելի են թվում հրապարակավ նրանց միջև արտահայտվող տարաձայնությունները:
Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ է դարձրել (բառի լայն իմաստով) Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը նախագահ է դարձրել Սերժ Սարգսյանին: Առաջին դեպքում՝ հրապարակային, երկրորդ դեպքում՝ իշխանությունը փոխանցելուց կարճ ժամանակ անց դրսևորված քողարկված թշնամանքի պայմաններում:
Եթե ֆորսմաժորային իրադարձություններ չլինեն, ապա երեք տարի հետո գալու է Սերժ Սարգսյանի հերթը: Ո՞ւմ է նա փոխանցելու իշխանությունը. ավելի ճիշտ՝ ում է նա դարձնելու նախագահ:
Այսօրվա իրադարձությունները հաշվի առնելով՝ առաջին ու ամենահիմնավոր թվացող պատասխանը կարող է լինել՝ ցանկացած մեկին, բացի Ռոբերտ Քոչարյանից ու Լևոն Տեր-Պետրոսյանից:
Բայց պատմությունը ստիպում է առնվազն չբացառել պատասխանի մեկ այլ տարբերակ՝ կա՛մ Քոչարյանին, կա՛մ Տեր-Պետրոսյանին:
Տարիներ շարունակ մեր քաղաքական քննարկումներում հնչում է տեսակետ, թե Հայաստանը չի կարող զարգացում ունենալ «նախագահական եռանկյունու» պայմաններում, և որևէ իրական փոփոխություն կարելի է սպասել միայն «եռանկյունու» բոլոր կողմերից ազատվելու դեպքում: Բայց այս տեսակետը հայտնողները (ովքեր բավական շատ են և բավական ազդեցիկ) իրականում ուղղակի կամ անուղղակի կապերով կապված են եռանկյունու կողմերից որևէ մեկին, կամ երկուսին՝ միաժամանակ:
Իսկ «եռանկյունու» ազդեցությունից դուրս գտնվող գործիչներն ու սակավաթիվ ուժերը հետևողականորեն դուրս են մղվել քաղաքական գործընթացներից:
«Եռանկյունու» կողմերից մեկի՝ սեպարատ, կամ բոլորի՝ միասնական ջանքերով:
Տվյալ դեպքում խնդիրը երեք նախագահների անձերը չեն: Հնարավոր է՝ նրանք անձնապես իրականում ատում են միմյանց, կամ ցուցադրական ատելության պայմաններում մերձավոր ընկերներ են: Խնդիրը նրանց կապի տրամաբանությունն է, պատմական անցյալը, ժամանակաշրջանն ու իրադարձությունները, որոնց արդյունքում նրանք զբաղեցրել են Հայաստանի նախագահի պաշտոնը:
Երեքն էլ ղարաբաղյան շարժման մասնակից են՝ անկախ նրանից, որ երեքից յուրաքանչյուրն իրավացիորեն կամ պատմությունը նենգափոխելով՝ հրապարակային դաշտում փորձում է նսեմացնել մյուսների դերակատարությունը: Երեքն էլ ներդրում են ունեցել Ղարաբաղյան պատերազմում հաղթանակի գործում, ավելի կամ պակաս չափով, երեքն էլ՝ որպես քաղաքական գործիչ, այն շարժման ծնունդ են, որի արդյունքում Հայաստանն անկախացավ ԽՍՀՄ-ից:
Իրականում այս և մի շարք այլ գործոններն են ընկած Հայաստանում իշխանության փոխանցման ներքին տրամաբանության հիմքում:
Եվ որքան տարօրինակ, նույնքան էլ օրինաչափ պետք է համարել, որ այսօր երեքն էլ ուղղակի կամ անուղղակի կերպով՝ գործուն քայլերով կամ լուռ աջակցությամբ, մասնակից են այն գործընթացների, որոնց հետևանքը լինելու է կամ արդեն իսկ կա Հայաստանի ինքնիշխանության՝ եթե ոչ դե յուրե, ապա՝ դե ֆակտո հանձնումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ԽՍՀՄ փլուզումը համարում է 20-րդ դարի ամենամեծ աղետը, ցանկանում է վերականգնել «աղետի հետևանքները»՝ որևէ անվամբ ստեղծելով ներքին բովանդակությամբ ԽՍՀՄ-ի մոդելի միավոր:
Տրամաբանորեն Հայաստանի անկախացմանը մասնակցած բոլոր գործիչները, առաջին հերթին՝ ՀՀ երեք նախագահները, պետք է լինեին Հայաստանը պուտինյան այդ նախագծի մեջ ներքաշելու դեմ ուղղված պայքարի ջահակիրները: Բայց չեն: Ճիշտ հակառակը, նրանցից մեկը՝ առաջնորդում, մյուս երկուսը խրախուսում են Հայաստանը «նոր ԽՍՀՄ-ի» կազմում ընդգրկելու գործընթացը:
Ինչո՞ւ: Այս հարցին միանշանակ պատասխանել, գոնե մինչև պատմական փաստերն արտացոլող վկայությունների վաղեմության ժամկետի ավարտը, թերևս, հնարավոր չէ:
Սակայն, քանի դեռ տրված չեն այդ և դրանից բխող մի շարք այլ հարցերի պատասխաններ, Հայաստանում իշխանությունը, մեծ հավանականությամբ, փոխանցվելու է «նախագահական եռանկյունու» անդամներից որևէ մեկին:
Կամ նրանց սպասարկող քաղաքական ուժերին՝ ի դեմս տարբեր կուսակցությունների այն ներկայացուցիչների, ովքեր տեղավորվում են իշխանության փոխանցման այն տրամաբանության մեջ, որի հիմքը դրվել է 26 կամ 23 տարի առաջ:
Սա սխեմա է, որում որոշիչ գործոնները, դժբախտաբար, միայն Հայաստանում չեն:
Դա նշանակում է, որ այդ սխեման գործում է՝ նաև անկախ նրա մասնակիցների կամքից ու սխեմայի մյուս մասնակիցների նկատմամբ ունեցած մարդկային և քաղաքական վերաբերմունքից:
Ակնհայտ է, որ երեք նախագահներից յուրաքանչյուրն ամեն ինչ կաներ «եռանկյունուց» դուրս գալու և իշխանության փոխանցման սեփական տրամաբանությունն իրացնելու համար:
Նաև դրա վկայությունը կարելի է համարել այն, որ արդեն այսօրվանից շրջանառության մեջ են հայտնվում նախագահի հնարավոր թեկնածուների տարբեր անուններ: «Եռանկյունու» հետ կապ չունեցող անուններ:
Դա կարող է վկայել նաև «նախագահական եռանկյունուց» դուրս գալու՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ցանկության մասին: Արդյո՞ք դա իրականություն կդառնա: Չափազանց դժվար է ասել:
Հ.Գ. Հայաստանի անկախացմանը երեք նախագահներին առնվազն հավասարազոր մասնակցություն ունեցած երկու գործիչներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, սպանված է, մյուսը՝ Վանո Սիրադեղյանը, արտաքսված:
Հարություն Ավետիսյան