Աշխարհը լսեց Հայաստանի լռությունը

Մինչ Հայաստանի իշխանական ու իշխանամերձ փորձագիտական շրջանակներն իրենց հիացմունքն են հայտնում առ այն, որ ուկրաինական իրադարձությունների ու Ղրիմը Ռուսաստանի կազմ մտցնելու վերաբերյալ Հայաստանը կարողանում է պահպանել չեզոքությունը, պարզվում է՝ միջազգային հանրությունը կամ առնվազն այդ հանրության ծանրակշիռ ներկայացուցիչները լսել են հայաստանյան «լռության» ձայնը: «Ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն արեց Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ»,-  այսօր «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ընթացքում Ղրիմում կայացած անօրինական հանրաքվեին անդրադառնալով՝ հայտարարել է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:  Նա սահմանափակվել է այդ նախադասությամբ, չի մասնավորեցրել, թե հատկապես որ հայտարարությունը նկատի ունի «Հայաստանը՝ իր հայտարարությամբ» արտահայտությամբ, և ընդամենը մեջբերել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի խոսքը.  «Ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն է արել հանրաքվեի վերաբերյալ»: Հայաստանը, ֆորմալ առումով, ասենք՝ ԱԳՆ հայտարարության մակարդակով, դիրքորոշում չի արտահայտել Ղրիմի իրադարձությունների վերաբերյալ, և դեսպանն ըստ ամենայնի՝ նկատի ունի երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: «Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը»,- նշված է այդ հաղորդագրությունում:  ԱՄՆ-ը, ում Հայաստանում ներկայացնում է Ջոն Հեֆերնը, Հայաստանի նախագահի նստավայրի տարածած «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը» արտահայտությունը, թերևս, ընկալել է՝ որպես Հայաստանի դիրքորոշում Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ, ինչպես կարող է ընկալել այդ տեքստն ընթերցող ու քաղաքականության այբուբենին ծանոթ ցանկացած մեկը: Բացառված չէ, որ դեսպանը դիտել է նաև Ստեփանակերտում երկու օր առաջ կազմակերպված և ԼՂՀ իշխանությունների կողմից ողջունված տոնախմբությունը՝ Ղրիմում կայացած հանրաքվեի և որպես դրա հետևանք՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու առիթով:

Անկախ նրանից, թե ինչի հիման վրա է Ջ. Հեֆերնը հանդես եկել այդ հայտարարությամբ, դրանով արձանագրվում է՝ առնվազն Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը համարում են, որ Հայաստանը դիրքորոշում է արտահայտել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ  և ցավ են ապրում այդ առթիվ:
Ցավը, իհարկե, քաղաքական կատեգորիա չէ, և Հայաստանի իշխանությունը կարող է դրան պատասխանել կսկիծով կամ հառաչանքով: Կարող է անգամ Հեֆերնին քննադատել այնպես, ինչպես, օրինակ, ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արեց մարտի 1-ի հանրահավաքում: Կարելի է անգամ երիտհանրապետականներին ուղարկել Իսակովի պողոտա՝ ԱՄՆ դեսպանատան առաջ բողոքի ցույց անելու: Բայց մի՞թե դրանից Հայաստանի վիճակն ավելի լավը կդառնա: Իսկ այդ վիճակի վտանգավորությունն այն է, որ լռության իմիտացիա ստեղծելով՝ իրականում Հայաստանը կարող է մտնել միջազգային հանրության կողմից նաև ուկրաինական իրադարձությունների համայնապատկերում ռուսական առանցքի շուրջ ծվարած երկրների շարքը՝ դրանից բխող համապատասխան պատժամիջոցներով կամ դրանց հավասարազոր  վերաբերմունքով:

Տեսանյութեր

Լրահոս