Թուրքիայում բացվել է աշխարհի հինգերորդ խոշոր ջրային թունելը (տեսանյութեր)
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Շանլըուրֆա քաղաքում բացել է երկրի ամենամեծ և աշխարհում հինգերորդ խոշոր ջրային (ոռոգման) թունելը:
Սուրուչի թունելը կառուցվել է Հարավ-արևելյան անատոլիական նախագծի (GAP) շրջանակներում: Էրդողանի խոսքերով՝ Սուրուչի թունելի նախագծի շնորհիվ տարածաշրջանում աշխատանքի է տեղավորվել 190.000 մարդ: Տարեվերջին կավարտվեն թունելի պոմպակայանների կառուցումը, որով և նախագծի ընդհանուր արժեքը կգերազանցի 2 միլիարդ լիրան (1 դոլարը հավասար է 2.18 դոլարի):
Սուրուչի թունելի երկարությունը կազմում է 17.185 մետր, տրամագիծը՝ 7 մետր: Թունելը կառուցվել է 5 տարում: Թունելի շնորհիվ Աթաթուրքի անվան ջրամբարից (Եփրատ գետի վրա կառուցված այս ջրամբարը հանդիսանում է Թուրքիայի ու Եվրոպայի խոշորագույն ջրամբարը – 168.am) վայրկյանում 90 խորանարդ մետր ջուր կհասցվի դեպի Սուրուչի հովիտ, ուր և կոռոգվի 950.000 հեկտար հողատարածք: Սուրուչի թունելի կառուցումը հանդիսանում է GAP-ի ամենակարևոր մասերից մեկը:
Հիշեցնենք, որ գրեթե 40 տարի առաջ մեկնարկած GAP-ի նախագիծը գնահատվում է 32 միլիարդ դոլար: Այն իր տեսակում Թուրքիայի խոշորագույն նախագիծն է և աշխարհի խոշորագույն նախագծերից մեկը: GAP-ի շրջանակներում նախատեսված է իրականացնել 13 խոշոր նախագիծ, որոնցից 7-ը բաժին են ընկնում Եփրատ գետի ավազանին, իսկ 6-ը՝ Տիգրիս գետի ավազանին:
Նախատեսված է Տիգրիս և Եփրատ գետերի վրա կառուցել 22 ջրամբար և 19 հէկ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի տարեկան ոռոգել 1.82 միլիոն հեկտար հողատարածք և արտադրել 27 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (հէկերի հզորությունը կազմելու է 7485 մեգավատտ):
GAP-ի նախագիծն առնչվում է Թուրքիայի տարածքի 9.7 տոկոսին՝ 75.358 քառակուսի կիլոմետր, Թուրքիայի 81 նահանգից 9-ին՝ Ադըյաման, Բաթման, Դիարբեքիր, Գազիանթեփ, Քիլիս, Սիիրթ, Շանլըուրֆա, Շըրնաք և Մարդին: GAP-ով նախատեսված ոռոգվող հողերի տարածքը պետք է կազմի Թուրքիայի ոռոգելի ողջ հողերի (8.5 միլիոն հեկտար) 20 տոկոսը, իսկ հէկերի դեպքում՝ 21 տոկոսը:
GAP-ի շնորհիվ տարածաշրջանում աշխատանքի կտեղավորվի 3.8 միլիոն մարդ: Տիգրիս ու Եփրատ գետերի տարեկան գետահոսքը կազմում է ավելի քան 52,9 միլիարդ խորանարդ մետր: GAP-ի շնորհիվ վերահսկողության տակ կառնվի Թուրքիայի ջրային պոտենցիալի 28-29 տոկոսը: 2011 թվականի դրությամբ նախագծի իրագործման վրա արդեն իսկ ծախսվել է 27.5 միլիարդ դոլար (86 տոկոս):
2012 թվականի դրությամբ GAP-ն արդեն իսկ «տեսել է» Թուրքիայի 27 կառավարության: Նույն թվականի դեկտեմբերի 25-ին Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Ալթան Թանը Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ GAP-ի նախագծի իրագործմանը խոչընդոտում է «խորքային պետությունը», որը չի ցանկանում երկրի քրդաբնակ շրջանների զարգացում: