«Արա՛, ա՛ջ քաշեք, արա՛գ…»

Մարտի 1-ի հանրահավաքին տեղի ունեցավ այն, ինչ նախապես հայտնի էր. այն է` ոչինչ տեղի չունեցավ: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից» արտահայտությունը համալրեց սրախոսությունների նոր շարքը:

Սակայն հեգնելու խնդիր չկա: ՀԱԿ նախագահը պարզ շարադրեց իր տեսակետը. «Ոչ ոք մեզ արկածախնդրության դրդելու, մեզնից բան պահանջելու իրավունք չունի: Այլ բան պահանջողները թող գոնե Շանթի ազնվությունն ու քաջությունն ունենան և անձամբ իրականացնեն իրենց պահանջները: Մենք ոչ ոքի խանգարելու մտադրություն չունենք»: Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանափոխության սահմանադրական եղանակը մատնացույց անելով` որևէ գործողության, արդյունավետ լուծման ուղի ցույց չի տալիս:

Գագիկ Ծառուկյանին հավատացնել, թե նա նման է Իվանիշվիլիին՝ ինչ-ինչ ակնկալիքներով, ազնիվ չէ հենց Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Նա ակնհայտորեն Իվանիշվիլի չէ: Նա լոկ Գագիկ Ծառուկյան է:

Ընդդիմության հետ հույսեր կապել, որքան հասկացանք, զուր է: Ընդդիմադիրները կասկածելի անցյալ ու ներկա ունեցող, հետևաբար` խոցելի մարդիկ են, որոնց հետ իշխանությունները կարող են լեզու գտնել կամ հաշիվներ մաքրել: Մարտի 1-ի հանրահավաքը ցույց տվեց, որ կան տասնյակ-հազարավոր մտահոգ մարդիկ, որոնք պատրաստ են արդյունք ապահովող ցանկացած խելամիտ քայլի: Իսկ նման քայլ է նոր խմբերի ներգրավումը քաղաքացիական համընդհանուր անհնազանդության շարժման մեջ:

Կան խնդիրներ, որոնք լուրջ տհաճություններ ու անհանգստություն են պատճառում մեր քաղաքացիներին: Եվ այդ խնդրի լուծումը կարող է համախմբել տասնյակ-հազարավոր մարդկանց: Խոսքն այս դեպքում արագաչափերի, տեսագրող սարքերի և ավտոտեսուչների մասին է: Մայրաքաղաքում յուրաքանչյուր ավտոմեքենայի, թերևս, չորս ավտոտեսուչ է բաժին հասնում:

Դա մի սարսափելի համակարգ է. ավտոտեսուչների անհագ, կոռումպացված բանակը՝ ուղարկված փողոցներում ռեկետ իրականացնելու, ուղղակիորեն խանգարում է առողջ միջավայր ունենալուն: Ամենաանմեղ զանցանքի համար վարորդը սկսում է արդարանալ ավտոտեսուչի մոտ, որ, ախր, իր արածն ամենևին այն խախտումը չէ, որի համար պետք է 5-10.000 դրամ տուգանք վճարի: Ավտոտեսուչը ևս համամիտ է` 5-10.000-ը շատ է: «Տուր 3000 կամ 5000 դրամ, ակտ չեմ կազմի, բարի ճանապարհ»: Իսկ ավտոտեսուչների բարձրախոսնե՞րը, որոնք վարորդներից ամենանվաստացուցիչ տոնով պահանջում են «աջ քաշել», երբ ՀՀ որևէ չտես պաշտոնյա է անցնում՝ իր ուղեկցող մեքենաներով:

Ի դեպ, խուճապահար «աջ քաշած» վարորդներն անուղղակիորեն խախտում են անում, որը ևս ֆիքսում են տեսախցիկները:

Երեկոյան ժամերին պետավտոտեսուչների ավտոմեքենաների լուսային սարքերն ամանորյա տոնածառ են հիշեցնում քաղաքում՝ նրանք ամենուր են: Լարվածություն, նյարդայնություն, վթարային իրավիճակներ ստեղծող այդ կոռումպացված ցանցը եթե ոչ` վերացնելու, գոնե հիմնարար փոփոխությունների պետք է ենթարկվի: Իսկ փորձը կարող ենք հարևան Վրաստանից վերցնել:

Կա պայքարի այլ թիրախ ևս՝ մենաշնորհները: Մեզ ներկայացվում են օլիգարխներ, որոնք, իբրև թե ապօրինաբար, իրենց ձեռքն են վերցրել մենաշնորհները: Որևէ մեկն այս երկրում առանց իշխանությունների, երբևէ չի կարող տնօրինել որևէ մենաշնորհի: Մենաշնորհների դեմ պայքարը ևս կարելի է հորիզոնական հարթություն տեղափոխել:
Կարող ենք օրինակը բերել չփչացող, երկարաժամկետ պահպանվող որևէ մթերքի, դիցուք, շաքարավազի վրա: (Ի դեպ, մենաշնորհված ներմուծվում են անգամ բանանը, ցիտրուսային մրգերը, կարագը, վառելիքը, առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքատեսակներ):

Կարելի է քաղաքացիական նախաձեռնությամբ բացել ՍՊԸ, վարձել պրոֆեսիոնալ իրավաբանի, որն անխոցելի պայմանագրեր կկազմի: Ստեղծել հատուկ ֆոնդ, ուր մենք՝ շաքարավազ օգտագործող քաղաքացիներս, կանխիկ գումար կդնենք, այնքան, որքան շաքարավազ ցանկանում ենք գնել: Օրինական ճանապարհով կարելի է իրականացնել ներմուծումը: Այսինքն՝ քաղաքացիական նախաձեռնությամբ, հազարավոր մարդիկ, առանց շահույթ հետապնդելու, ներմուծում են շաքարավազ: Եվ այդ հազարավոր շահագրգիռ քաղաքացիները վերահսկում են, թե ինչպես է շաքարավազով բարձած նավը մոտենում Փոթիի նավահանգստին, ինչպես են սահմանին մաքսազերծում, ինչպես է բեռը մտնում Հայաստան: Այս դեպքում այլևս որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի կարող ձևացնել, թե տեղյակ չէ, որ երկրում տնտեսությունը մենաշնորհային է:

Արդեն տեղ հասած շաքարավազը կարող է բաշխվել հատուկ կետերից՝ ըստ յուրաքանչյուրի մուծած գումարի: Այս գործողությունը կարելի է իրականացնել նաև մենաշնորհով ներմուծվող այլ ապրանքատեսակների վրա: Այսպիսով՝ նաև տնտեսվարողները, ովքեր պատրաստ են գումարներ դնել այս կամ այն ապրանքը ներմուծելու համար, իրենց միայնակ չեն զգա՝ անիրավության, կոռումպացված չինովնիկների դեմ: Ինչպես ժամանակին միայնակ մնաց և ձերբակալվեց «Ռոյալ Արմենիա» ընկերության տնօրենը:

Սա անիրատեսական գաղափար չէ: Կարելի է մասնագետների միջոցով կատարելագործել, ավելի արդյունավետ եղանակներ մշակել: Ամեն դեպքում, սա գոնե գործողություն է ենթադրում, որի արդյունքը կարող ենք միասին վերահսկել ու տեսնել:
Ի դեպ, սա պայքարի լրիվ սահմանադրական ճանապարհ է, որը մարդկանց, հասարակության բոլոր շերտերի համախմբման միջոցով իշխանություններին կարող է ստիպել վերանայել քաղաքացիների հաշվին հարստանալու պլեբեյական սովորությունը:

Տեսանյութեր

Լրահոս