Բաժիններ՝

Արամ Մանուկյան. Բոլորի մոտ ճշմարտությանը հասնելու տրամադրություն կա, թաքցնելու բան էլ չկա, բացահայտելը հեշտ է

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր գումարել է առաջին դռնփակ նիստը, որտեղ ընտրվել է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նիստի ավարտից հետո ասաց, որ նիստը գնահատում է արդյունավետ, կառուցողական՝ հավելելով, որ քննարկել են կազմակերպչական հարցեր:

Պատասխանելով հարցին՝ արդյոք արժե՞ր նիստը դռնփակ գումարել, ՀՀԿ-ական պատգամավորը դրական պատասխան տվեց. «Միանշանակ, դռնփակ անցկացնելն ամենաճիշտ որոշումն էր և դա մեզ հնարավորություն է տալիս գործել արդյունավետ:

Պետական գաղտնիքներ չեն քննարկվել, բայց մեկ հարց է` կամերայի ներկայությամբ քննարկել, այլ հարց է, եթե լրատվամիջոցները ներկա չեն»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ նիստը դռնփակ ռեժիմով գումարելը ճիշտ էր: «Արժեր, եթե լրագրողների մասսան լիներ այստեղ՝ հինգ ժամում այս գործը կանեինք»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Ա. Վարդանյանի խոսքով՝ նիստը քննարկել է աշխատանքային հարցեր: Ըստ նրա՝ հանձնաժողովի օրակարգում յոթ խումբ հարցեր կան, որոնց ուսումնասիրման համար ստեղծվել է չորս ենթախումբ: «Հաջորդ նիստում կքննարկենք խմբերում ընդգրկված պատգամավորների հարցը, երկու մեծ խմբերում կլինեն չորսական պատգամավորներ, մյուսներում՝ երկուական»,- նշեց նա:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հույս հայտնեց, որ նիստերը հնարավորություն կտան արդյունքի հասնել: «Կարծում եմ՝ բոլորի մոտ  ճշմարտությանը հասնելու տրամադրություն կա, թաքցնելու բան էլ չկա, բացահայտելը հեշտ է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ՀՀԿ-ականների մոտ զգում է «ճշմարտությունը բացահայտելու մոտիվացիա»:

Ըստ նրա՝ եթե բոլորն էլ ցանկություն ունենան թաքցնել հարցերի պատասխանները, չի ստացվի: Հարցին՝ արդյոք ճշմարտության բացահայտման դեպքում կպահանջե՞ք պատժել մեղավորներին, Ա. Մանուկյանը հորդորեց առաջ չընկնել. «Իմ խնդիրն այս պահին պատժելը չէ, ճշմարտությունը բացահայտելն է: Հույս ունեմ, որ կբացահայտվի այն, ինչ մենք մեծ առումով ուզում ենք, որ բացահայտվի: Տպավորությունս այնպիսին է, որ մարդիկ են, որոնք ուզում են բացահայտվի, ոչ թե նրանց հավատում եմ, վստահում եմ, այլ խնդիրը դնում եմ այլ կերպ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս