Վանաձորում գազամատակարարումը կվերականգնվի, երբ համոզվեն, որ ազատարն ամբողջությամբ պատրաստ է շահագործման
Վանաձորի բազմաթիվ թաղամասերում արդեն երեք օր է՝ դադարեցվել է գազամատակարարումը, իսկ երեկվանից վանաձորցիները նաև էլեկտրաներգիա չունեն: 168.am-ի խմբագրություն դիմած Վանաձորի բնակիչներից մեկը արդարացիորեն բողոքում էր, թե ինչպես պետք է այս ցրտին իրենք տաքացնեն իրենց բնակարանները:
«Գազպրոմ Հայաստանի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գազամատակարարման դադարեցման պատճառը վթարն է: «Այնտեղ և´ տեխնիկա է մոբիլիզացված, և´ մասնագետներ են աշխատում: Հայտնաբերվել է վթարի հատվածը, քանի որ ստորգետնյա գազատարի վրա է այն, հիմա վթարի հատվածում վերականգնողական աշխատանքներ են տարվում՝ հետևանքները վերացնելու համար, որից հետո գազամատակարարումն ամբողջական ծավալով կվերականգնվի»,- ասաց Շուշան Սարդարյանը:
Նա նշեց, որ գազամատակարարումը կվերականգնվի, երբ վերջնականապես համոզվեն, որ վթարի հետևանքները վերացված են, և գազատարն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: «Գազպրոմ Հայաստանի» մամուլի քարտուղարն ասաց նաև, որ գազամատակարարման վերականգնման ժամանակը պարզ կդառնա մի քանի ժամ անց:
Հավելենք, որ lorinews.am-ի հետ զրույցում «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության Դեբետ մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանն ասել էր, թե նշված թաղամասերի հոսանքազրկման պատճառը վթարներն են. «Քանի որ քաղաքի մեծ մասը զրկված է գազից, բնակիչները էներգիա են օգտագործում, ինչի արդյունքում էլ էլեկտրական լարերը ծանրաբեռնվել ու շարքից դուրս են եկել»: Տնօրենի վստահեցրել էր, որ իրենք ողջ ուժով աշխատում են խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար: