«Ինչպես հասկացանք, ուրիշ տեղ է երևի գնացել, այսքան շուխուռից հետո գյուղում «ուրվական» կմնա՞». Մալիշկայի վարչական ղեկավար

Վայոց ձորի Մալիշկա գյուղի բնակիչներն ահազանգել էին, որ 10 օրից ավելի է՝ դիմակավորված «ուրվական» է շրջում գյուղում, ով գիշերային ժամերին քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին։

Երեկ 168.am-ի հետ զրույցում Մալիշկայի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանն ասել էր, որ գյուղում ոստիկաններն աշխատում են, երիտասարդներն են նաև շրջում, որպեսզի հասկանան, թե ով է նման արարք թույլ տալիս։

Այսօր Գարիկ Նազարյանից հետաքրքրվեցինք՝ որևէ նորություն կա՞,  հաջողվե՞լ է բռնել «ուրվականին»։

Կարդացեք նաև

Վարչական ղեկավարը հակիրճ պատասխանեց. «Ինչպես հասկացանք, ուրիշ տեղ է երևի գնացել, այսքան շուխուռից հետո գյուղում ո՞վ կմնար։

Հիմա ես գյուղում էլ չեմ, հստակ տեղեկատվություն չկա, բայց ոստիկանները տեղում են, ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպե՞ս կարող են ոստիկաններ չլինել, իրենք իրենց ծառայությունն իրականացնում են»։

Նշենք, որ ինչպես գրել էին լրատվամիջոցները, «ուրվականը» 1,5 ամիս առաջ եղել է նաև Մալիշկայի հարևան գյուղում՝ Գետափում, տան տեսախցիկներից մեկը ֆիքսել է, թե ինչպես է նա հեռանում բակից։ Նա եղել է նաև Արտավանում ու Ագարակաձորում։

168.am-ը նաև Ագարակաձորի վարչական ղեկավար Վիգեն Ալեքսանյանից  հետաքրքրվեց, թե «ուրվական» նկատե՞լ են գյուղում։

«Մեկ-երկու հոգի ասում են, որ նման շարժ նկատել են, բայց որ ասեմ՝ Գետափում Մալիշկայի նման խառնաշփոթ վիճակ եղել է, չէ։

Գիտեք՝ ինչպես է, խոսքից խոսք, մարդիկ բառերն ավելացնում են, մի քիչ այլ երանգ են տալիս ու ներկայացնում են, լեգենդներ են պատմում։ Մեր գյուղում հանգիստ վիճակ է»,- նշեց Վիգեն Ալեքսանյանը։

Արտավան գյուղի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում նման բան։

«Արտավանը փոքր գյուղ է, Մալիշկայի նման մեծ չէ, եթե նման մի փոքր դեպք էլ լիներ՝ կիմանայինք, փորձանքից հեռու»,- նշեց Ատոմ Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31