Բաժիններ՝

Կայուն, անհողդողդ ու թախծոտ

Տարին ամփոփվեց: Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները պարզ են: Ազգային վիճակագրական ծառայությունը նախնական տվյալներ հրապարակեց: Հրապարակեց, ու պարզ դարձավ, որ տնտեսական հրաշքի սպասումն անցած տարի էլ չկայացավ: Նույն թվերն են, ինչ նախորդ բոլոր տարիներին: Մի քիչ այս ոլորտում է աճ արձանագրվել: Մի քիչ այն ոլորտն է կրճատվել:

Նիլս Բորը հաստատ մի բան գիտեր, որ ասում էր` «Լուծումները հնանում են, խնդիրները` մնում»: Հայաստանի տնտեսության զարգացման բոլոր տեսլականներն արդյունք չեն տալիս: Ի հեճուկս մեր տնտեսության կառավարիչների ու հատկապես` մեր վիճակագիրների:

Պաշտոնական վիճակագրությունն ամեն տարի ինչ-որ աճ արձանագրում է: Աճ, որ ոչ ոք չի զգում իր կենցաղում: Հետևաբար` բոլորը կասկածում են այդ հրապարակումներին: Բայց նույն պաշտոնական վիճակագրությունն ինքն է այդ կասկածները ծնում: Տեսեք` 2013թ. նախնական տվյալներով` արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է համարյա 7 տոկոսով: Հավանաբար կարելի էր հավատալ, եթե հաջորդ իսկ տողում նշված չլիներ, որ 4,1 տոկոսով կրճատվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Հավանաբար ոչ մի երկրում նման հակասություն չի արձանագրվել` արդյունաբերության աճ, բայց էլեկտրաէներգիայի արտադրության կրճատմամբ:

Իհա՛րկե, բավարար չափով իշխանամետ կամ հանրապետական լինելու պարագային կարելի է պնդել, որ այս տվյալները ճիշտ են: Ասել ու փաստարկել, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է արտագաղթի պատճառով: Այսինքն` էլեկտրաէներգիայի քանակը բավարար է արդյունաբերության աճի համար: Այն կրճատվել է բնակչության արտագաղթի պատճառով:

Կարդացեք նաև

Բայց այս դեպքում նույն այդ իշխանամետն ու հանրապետականը ստիպված պիտի լինեն բացատրել, թե ինչու է բնակչությունն արտագաղթում աճող արդյունաբերություն ունեցող երկրից: Այստեղ նաև մի հետաքրքիր փաստ կա: Որքան էլ պայքարենք, որ Հայաստանն ագրարային հետամնաց երկիր չհայտարարվի, հաջողության չենք հասնում: Ամեն տարի գյուղատնտեսությունն ավելի մեծ աճ է արձանագրում: Ի տարբերություն արդյունաբերության 6,8 տոկոսանոց աճի` գյուղատնտեսության համար 7,1 տոկոսանոց աճ է հայտարարվել:

Տնտեսական հիմնական ցուցանիշների շարքում տարին տարվա վրա շինարարության կայուն ու անհողդողդ կրճատում է արձանագրվում: 2012-ի համեմատ` 2013-ին շինարարությունը կրճատվել է 8,1 տոկոսով: Բայց այս մասին, արդեն մի ամիս է, գրում ու խոսում են նախկին ու ներկա համարյա բոլոր պաշտոնյաները: Ու այս խոսք ու զրույցի մեջ կորում են բոլոր հիմնական թեմաները, որոնց շուրջ արժեր լուրջ քննարկումներ սկսել: Խոսքն առաջին հերթին` տնտեսական աճի պուճուր ցուցանիշների մասին է: Տնտեսական աճը հիմա «տնտեսական ակտիվության ցուցանիշ» է կոչվում:

Բայց անգամ այդ պարագային 3,5 տոկոսանոց ցուցանիշը դժվար թե որևէ մեկը բավարար համարի: Հատկապես, որ ոչ մի կերպ չի հաջողվում փոխել ներմուծում-արտահանում հարաբերակցությունը: 2013-ին մեր երկրից արտահանվել է մոտ 606 մլն դոլարի ապրանք: Փոխարենը` ներմուծվել է 1 մլրդ 832 մլն դոլարի չափով: Պարզ թվաբանությունը հուշում է, որ Հայաստանից անցած տարի արտահանվել է մոտ 1 մլրդ 225 մլն դոլար: Կանխիկ փողի տեսքով:

Առաջիկա ամիսներին, հարկավ, կհրապարակվի, որ անցած տարի այդ թվին մոտ գումար է բանկային համակարգով մտել երկիր: Խոսքը տրանսֆերների մասին է: Այսինքն` մեր արտագնա աշխատուժը տարվա իր վաստակը լրիվ ծախսում է: Բնակչության համար խնայողություն ունենալն առասպելաչափ անհավատալի բան է դարձել: Եվ դա պարզից պարզ նկատվում է պաշտոնական վիճակագրությունից: Բնակչության եկամուտները` աշխատավարձերը, մասնավոր հատվածում տարվա ընթացքում աճել են 7,1 տոկոսով: Իսկ պետական աշխատավարձերը` 5,6 տոկոսով:

Ընդ որում, պետական միջին աշխատավարձը 120 հազար է հայտարարված, իսկ մասնավորը` 151 հազար դրամ: 2014-ն ամփոփելիս` մեր վիճակագիրներին լուրջ բարդություններ են սպասում: Պատգամավորների ու չինովնիկների բարձրագույն դասի աշխատավարձի բարձրացումից հետո ահագին բարդ է լինելու տարիներ շարունակ պահպանվող այս համամասնությունն անփոփոխ թողնելը: Բայց մյուս կողմից` վիճակագիրների համար 2014-ի համար ավելի հեշտ կլինի սպառողական գների ինդեքսն ավելի ցածր հաշվարկել, քան աշխատավարձերի աճը: Նախորդ տարիներին դա բավական բարդ էր:

«Դժվարը հեշտացել է» հայտնի բանաձևով` վիճակագիրների համար հեշտ է լինելու: Հատկապես, որ նրանք կհրապարակեն աշխատավարձերի աճի մասին` առանց նեղություն կրելու: Կհրապարակեն` չճշտելով, թե բնակչության որ խավի ու քանի տոկոսի աշխատավարձերի մասին է խոսքը: Բայց սա արդեն կանխատեսումների ոլորտից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս