«Գագիկ ջան, սիրուն չի… մինչև մարտ»

Երեկ կայացած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանը որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, այսինքն՝ երեկվանից կասեցվեց օրենքի այն կետերի գործողությունը, որոնց համաձայն` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պարտավոր էին 5% վճարել կուտակային հիմնադրամին:

ՍԴ-ն երեկ տեղեկացրել է, որ նշված գործով դատաքննությունը կայանալու է 2014թ. մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով: ՍԴ-ի երեկվա այս որոշման մասին տեղեկատվությունը սկզբում շատերի մոտ անասելի ոգևորություն էր առաջացրել, ոմանք անգամ շտապեցին այն որակել` որպես «աննախադեպ» ու «պատմական»: Բայց կարճ ժամանակ անց նախագահ Սերժ Սարգսյանը փարատեց այդ ոգևորությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում «պատմական» գնահատելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման քայլը:

«Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալուգ»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: Այսպիսով, ՍԴ երեկվա որոշումն ընդամենն իշխանությունների կողմից մարտավարական քայլ է, որի նպատակն է` մեղմել կամ չեզոքացնել այս համակարգի դեմ ծավալվող դժգոհության ալիքը:

Իշխանությունների հաշվարկը պարզ է: Նախ՝ ՍԴ-ի այս որոշումը բողոքողների մոտ որոշակի հույս կառաջացնի՝ թուլացնելով մինչև մարտի վերջ այս հարցով բողոքի ակցիաներին մասնակցելու շահագրգռությունը: Բացի այդ, մարտի վերջին-ապրիլի սկզբին, իսկ գուցե` ավելի ուշ (ՍԴ-ն բանավոր կարգով բողոքի քննարկումը կարող է ձգձգել այնքան, որքան պետք կլինի իշխանությանը), փետրվար ամսվա գազի ու մյուս կոմունալ վճարումները քաղաքացիներն արդեն կատարած, դրանց առթիվ ցասման հերթական չափաբաժինը սպառած կլինեն: Իշխանությունների որոշման վրա, ամենայն հավանականությամբ, ազդել է նաև Մարտի 1-ի գործոնը. եթե ՍԴ-ն չկասեցներ օրենքի գործողությունը, առաջիկայում բողոքի ակցիաները կավելանային՝ ընդգրկելով ավելի մեծ թվով քաղաքացիների, որոնք կամ որոնց մի մասը կարող էին միանալ Մարտի 1-ի զոհերի հիշատակին ամեն տարի անցկացվող հանրահավաքին կամ երթին:

Պետք չէ բացառել, որ այս որոշման վրա ազդել են նաև արտաքին ինչ-ինչ գործոններ, գուցե ղարաբաղյան հակամարտության հարցում առաջիկայում սպասվող ոչ բարենպաստ զարգացումները (ՀՀ և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են փետրվարին), որոնք կարող են ավելացնել դժգոհող զանգվածի քանակն Ազատության հրապարակում:

Մի խոսքով, ակնհայտ է, որ իշխանությունն այսկերպ փորձել է խուսափել գոնե մինչև ապրիլ հանրահավաքային պայքարի ծավալման հեռանկարից: Հետաքրքիր է, սակայն, թե ինչո՞ւ Ս. Սարգսյանն այդքան արագ «մատնեց» ՍԴ-ին՝ շատերին զրկելով օրենքը հակասահմանադրական ճանաչելու հույսից:

Իրականում Ս. Սարգսյանի այդքան օպերատիվ արձագանքն ուղղված էր ոչ թե քաղաքացիներին, այլ իշխանական համակարգին, որպեսզի վերջինիս ներկայացուցիչները ՍԴ-ի որոշումը հանկարծ չընկալեին` որպես քաղաքացիներին ընդառաջ գնալու, այսինքն՝ «հանձնվելու» նախանշան: Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա նրանք պետք է ոչ միայն չոգևորվեն ՍԴ-ի այս որոշումից ու դադարեցնեն պայքարը, այլ ճիշտ հակառակը՝ մինչև մարտի 28-ը բողոքի ալիքը հասցնեն այնպիսի մակարդակի, որ օրենքը ճանաչվի հակասահմանադրական:

Տեսանյութեր

Լրահոս