Բաժիններ՝

Կառավարությունը՝ որպես ավելորդ շքեղություն

Պետական ապարատի ձևավորման սկզբից մինչ հիմա իշխանությունները երկու պարտավորություն ունեն՝ բնակչության համար ապահովել հաց և տեսարաններ: Մի պարզ նպատակով՝ հնարավորինս երկարաձգել իշխանության լծակներին մոտ գտնվելու իրենց ժամանակը: Ասել, թե մեր իշխանություններին երբևէ հաջողվել է հաց ապահովել՝ չափազանցություն կլինի:

Ահագին մեծ չափազանցություն: Բայց հնարավոր չէ նույնքան միանշանակ դատողություններ անել երկրորդ՝ տեսարան ապահովելու պարտավորության մասին: Ավելի ճիշտ կլինի պնդելը, որ մեր իշխանությունների` պարբերաբար մեզ մատուցվող տեսարաններն արևելյան «թամաշա» են հիշեցնում: Բայց օրերս թամաշան նոր որակ ստացավ: Էդ նախորդ տարիներին էինք մենք հետևում, թե ինչպես են իրար այպանում իշխանությունն ու ընդդիմությունը:

Հիմա լրիվ այլ բան է կատարվում: Գուցե ինչ-որ իմաստով ճիշտ է այն պնդումը, որ ամեն ինչ սկսվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներից: Այդ ելույթների ամենահետաքրքիր հատվածը կենսաթոշակային պարտադիր կուտակային կոչված բարեփոխումներին էր վերաբերում: Հասարակական մեծ կարևորություն ու նույնքան (կամ՝ ավելի մեծ) դժգոհություն ծնած այս բարեփոխման նախնական էտապի մասին ոչինչ հայտնի չէր: Աշնանային բուռն քննարկումների ընթացքում երկրորդ նախագահը լռում էր: Խոսեց միայն Ամանորյա արձակուրդների օրերին, երբ այդ բարեփոխումն արդեն օրենքի ուժ էր ստացել ու մի քանի օրից արդեն գործողության մեջ էր դրվելու:

Հասարակական լայն շրջանակները միայն այդ ելույթից իմացան, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս օրենքը պարտադրելու փորձերը սկսել էր դեռ 2004 թվականից: Այսինքն` այն ժամանակվանից, երբ դեռ Կենտրոնական բանկի նախագահ էր: Պարզվում է, նա տարիներ շարունակ փորձում էր պարտադրել կուտակային պարտադիր համակարգը: Բայց տարիներ շարունակ կառավարություններին հաջողվում էր խուսափել այդ էքսպերիմենտի ներդրումից: Հետո, երբ Տիգրան Սարգսյանը ԿԲ-ից տեղափոխվեց կառավարություն, որևէ մեկին այլևս համոզել պետք չէր:

Կարդացեք նաև

Նա կամաց-կամաց սկսեց իրագործել իր տարիների երազանքը: Իրագործել լավ մշակված ծրագրով: Նախ` «կուտակային» օրենքն ընդունվեց կամավորության սկզբունքով: Ընդունվեց ու չաշխատեց:

Ոչ ոք կամավոր չուզեց իր ներկա փողերը վստահել ապագայի տեսլականին: Համարյա ոչ ոք: Նույնիսկ այն նախարարներն ու պատգամավորները, ովքեր կողմ էին քվեարկել այդ օրենքին: Մինչդեռ նախարարների ու պատգամավորների պարագային խոսքը գնում էր ոչ թե իրական եկամուտներից կատարվող գանձումի մասին, այլ՝ հարկվող աշխատավարձից: Աշխատավարձն այս անձանց համար խորհրդանշական մի բան է: Բայց տղերքը նույնիսկ այդ խորհրդանշական փողերից չվստահեցին մաս հանել ինչ-որ կուտակայինի:

Ուստի բարեփոխումների հայրերը որոշեցին այն նախ` դարձնել պարտադիր, ապա` ստիպել 1974 թ. հետո ծնված բոլորին վճարում կատարել: Պարզ ու միամիտ հասարակությունը դեռ հույսեր ունի: Սահմանադրական դատարան է դիմել: «Դեմ եմ» շարժում է նախաձեռնել: Սա էլ, եթե կուզեք, տեսարան է: Կամ՝ թամաշա: Բայց որպես թամաշա` եզակի չէ: Նոր տարում մեզ նոր տեսարան էր մատուցվել: Հարկավ այն զիջում է «կուտակային» կոչվածին:

Զիջում է՝ և հասարակական մասշտաբների ողբերգականությամբ, և դիտարժանությամբ: Բայց ավելի եզակի է, ինքնատիպ, աննախադեպ և այլնգ Հայոց աշխարհում նման բան դեռ չէր եղել: Նախ` Ֆինանսների նախարարությունը մեղադրեց Պետական եկամուտների կոմիտեին` բյուջետային միջոցները վատնելու մեջ: ՊԵԿ-ը պատասխանեց: Ու սկսվեց: Համարյա՝ «Էլ գող փիսո, էլ քաչալ շուն» դասական բանաձևով: Հասարակությունը հանկարծ տեսավ, որ հարազատ կառավարությունը միասնական ու կուռ մարմին չէ: Որ նախարարն ինչ ուզեց` հայտարարեց:

Օրինակ` Աշխատանքի ու, կարծեմ, սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց, որ «Մենք չենք կարող պատասխանատվություն կրել հղիության նպաստների վատման համար»: «Ո՞վ զարմանար»,- կարող են արձագանքել մամուլն ու հասարակությունը: Մի քանի ամիս առաջ նույն կառավարությունն ամբողջ կազմով հայտարարեց, որ վատնվել են գործազրկության համար վճարվող նպաստները:

Հիշո՞ւմ եք` ի՞նչ արեց կառավարությունը վատնումների փաստը հրապարակավ արձանագրելուց հետո: Մեր կառավարությունը չարաշահումներին ու վատնումներին վերջ տալու ազնիվ նպատակով քաջաբար վերացրեց գործազրկության նպաստը: Հիմա կարծես հերթն արդեն հասել է հղիության նպաստներին: Նույն՝ կոռուպցիայի ու վատնումների դեմ պայքարի շրջանակում: Սա ինչո՞վ թամաշա չէ: Թերևս, միայն իր ողբերգականությամբ:

Իսկ ողբերգականությունը դարձել է մեր կառավարության կողմից մեզ մատուցվող թամաշաների անքակտելի բնութագիրը: Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն` հարազատ կառավարությունը հենց առաջիկա նիստում որոշում է ընդունելու` աճուրդով վաճառել պետական գանձարանում պահվող թանկարժեք մետաղյա իրերն ու թանկարժեք քարերը: Բանական մարդը չի հավատա, բայց որպես հիմնավորում` ասվում է` «պահպանումը ոչ արդյունավետ է»:

Երևի մեր գանձարանում պահպանվող թանկարժեք մետաղներն ամեն օր հաց ու ջուր են ուզում: Երևի պահանջում են, որ կառավարությունը ձմռանը ջեռուցում ապահովի, ամռանը՝ զովություն ու ծովափնյա արձակուրդ: Դե, այդ պարագային թանկարժեք իրեր պահելը պետական գանձարանում իսկապես տրամաբանական չէ: Մյուս կողմից` թանկարժեք իրեր ունենալը կոռուպցիոն ռիսկեր է ծնում: Հետևաբար` դրանք հարկավոր է իրացնել: Երևի մեր երկրում գանձարան ու թանկարժեք իրեր ունենալն ավելորդ շքեղություն է: Ավելորդ շքեղություն` հատկապես նման իշխանություն ունենալու պարագային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս