Մարտի՛կ, ներիր մեզ…
– Մալաթիայի հիվանդանոցի մոտ ինչքա՞ն ժամանակից կլինեք:
– Հինգ րոպեից:
– Լա՛վ: Տղաս հիմա դուրս կգա, Ձեզ կդիմավորի: Ինքը սպիտակ սվիտերով ա…
Սպիտակ սվիտերո՞վ: Դրսում -17 էր: Տղայի մասին արդեն գիտեի գործընկերոջս` Լուսինե Ստեփանյանի հոդվածից («Տեսուչը նպաստը տալու դիմաց կաշառք է պահանջել. չեն տվել` նպաստ չեն ստանում»): Տասը տարեկան է, անունը` Մարտիկ: Մայրը` Գայանեն, Լուսինեին պատմել էր, որ ամուսինը 4 տարեկան Մարտիկի գլուխն այնպես էր «ծեփել» պատին, որ երեխան էպիլեպսիկ էր դարձել: Գայանեն` երեք երեխաների հետ, ծայրահեղ վատ պայմաններում է: Փոքրիկը` Սրբուհին, մեկ տարեկան է: Օրեր են լինում` երեխաները քաղցած են քնում: Ընտանիքի մասին բազային ինֆորմացիան այսքանն էր:
Ու Նոր տարուց 2-3 օր առաջ որոշել էի այցելել Գայանեին: Ավելի ստույգ` Մարտիկին: Ամանորի նախօրյակին Մալաթիայի շուկայի մոտ սարսափելի խցանումներ են: Իմ ասած հինգ րոպեն վաղուց անցել էր, իսկ մեքենան առաջ չէր գնում: Զանգ եմ տալիս Գայանեին. «Երեխային ներս կանչեք, ես տունը մի կերպ կգտնեմ»: «Արդեն դուրս է եկել»:
Վերջապես մոտենում ենք հիվանդանոցին: Հայացքով փնտրում եմ Մարտիկին: Չի երևում:
Փողոցում առհասարակ կենդանի շունչ չկա` բացի հեռվում նշմարվող փոքրիկ, ամրակազմ մի երեխայից: Սպիտակ սվիտերով: Կանգնած սպասում է: «Մարտի՞կ, շուտ մեքենան նստիր, մրսել ես»,- գրկում եմ երեխային: «Չէ, մի անհանգստացեք, չեմ մրսում, ցուրտ չի,- ժպտում է երեխան, ուշադիր նայում դեմքիս ու ավելացնում,- վերարկու ունեմ, ուղղակի չեմ հագնում»…
Տեղ ենք հասնում: Մայրը` Գայանեն, գլխով թեթև բարևում է. «Գնամ կոֆե դնեմ»: Նկուղատիպ տարածք է, որտեղ անգամ անշարժ կանգնած, միևնույն է, խանգարում ես միանգամից բոլորին: Անկյունում նոսր մի տոնածառ կար` առանց խաղալիքների: Մարտիկն, ինձ նայելով` ասաց. «Էս տոնածառը հես ա զարդարելու եմ: Էնքա՜ն խաղալիքներ ունենք»: «Հա՞, որտե՞ղ»,- աշխուժացավ Մարտիկի 4-ամյա քույրը` Գյուլին: «Մի քիչ հետո ցույց կտամ, ընդեղ ա»,- ձեռքը ոչ մի տեղ պարզեց Մարտիկը: «Գյուլին նոր ա սկսել խոսել: Վախից չէր խոսում քանի տարի ա»,- աղջկա ձայնը լսելով` ասաց Գայանեն:
Գայանեի փոքրիկը` մեկամյա Սրբուհին, չտեսնված գեղեցկության մի երեխա է: Այդ տարիքում երեխաները դժվարությամբ են թողնում մոր գիրկը, բայց լուռ եկավ ինձ մոտ ու սկսեց չափազանց տխուր աչքերով դեմքիս նայել: Հագին թեթև հագուստ էր:
Գայանեն բերեց սուրճը ու պնակով կոնֆետներ: Երեխաների հայացքը կենտրոնացավ սեղանի վրա: Կոնֆետի պնակը հանճարեղ էր մտածված. այն այնքան փոքր էր, որ երկրորդ կոնֆետը դնելուց հետո անմիջապես լցվում էր` առատորեն լցված ամանի պատրանք ստեղծելով: Գյուլին ավելի մոտեցավ սեղանին, սակայն Մարտիկն անմիջապես կանխեց դեպքերի սպասվելիք ընթացքը. «Ձեռք չտաս, չգիտե՞ս, որ հյուրի մոտ սեղանից բան չեն վերցնում»:
– Դպրոց գնո՞ւմ ես,- հարցրեցի Մարտիկին:
– Հա, բայց էն օրերին, երբ ստեղս ցավում ա, չեմ կարողանում գնամ,- ասաց Մարտիկը` ձեռքով կրծքավանդակը ցույց տալով:
– Հայրն այնքան ա ծեծել, գլուխը սաղ վերք ա: Էպիլեպսիա ունի,- արագ վրա բերեց Գայանեն. նա գիտեր, Մարտիկի ծեծի պատմությունը ոչ մեկին չէր կարող անտարբեր թողնել: Ու Գայանեն պատրաստ էր այդ պատմությունը պատմել բոլորին, ամենայն մանրամասներով, միայն թե օգնեն երեխային:
«Քրոջս տվեք ինձ, ես կպահեմ, Դուք հանգիստ Ձեր սուրճը խմեք»,- Սրբուհուն ձեռքիցս վերցրեց Մարտիկը: Հաճախ ցավող կրծքավանդակով ու երբեմն կիսաքաղց այս երեխային որտեղի՞ց այնքան կամք, որ անհրաժեշտության դեպքում կարող է չմրսել -17 աստիճան ցրտին: Իսկ «Դուք»-ով անծանոթ, իրենից ավագին դիմելու ո՞ճը:
Մինչ Գայանեի հետ զրուցում էի, առանց դուռը թակելու` ներս մտավ հարևանուհին: Տարիքը կռահելը դժվար էր: Ինձ տեսնելով` սկսեց պատմել, թե ինչ սարսափելի պայմաններում է ապրում: Գայանեին նրա բողոքն արժանահավատ չթվաց. «Բայց դու գոնե հոսանք օգտագործելու հնարավորություն ունես»: Հարևանուհին բողոքեց, թե անգամ հաց գնելն է իր համար խնդիր, թեև աչքերի շուրջ սև մատիտի հաստ շերտն ասում էր, որ ռոմանտիկ կյանքի հանդեպ հետաքրքրությունը կինը վերջնականապես չի կորցրել: «Կոֆե կա՞»:
Մարտիկը վառարանի մեջ ինչ-որ բան գցեց` տաքացնելու սրճեփի տակ մնացած հեղուկը: Հարևանուհին սկսեց թվարկել Մարտիկի արժանիքները. «Բերանը փակ ա, ը՛հ (կինն ափով բերանը ծածկելու շարժում արեց- Լ.Ա.), ամեն լսած այստեղ-այնտեղ չի ասի»:
Գայանեն գլխով հաստատում էր: «Մի օր լիֆ էի ուզում փորձեի, չէի նկատել, որ Մարտիկը տանն ա: Մեկ էլ հարձակվեց վրես, թե` «Թքեմ քո նամուսին, դու ամոթ չունե՞ս, որ իմ մոտ ուզում ես շորերդ հանես: Գնա՛ մեր տնից»: Բա՜գ Որ սիգարետի եմ ուղարկում, էն վերջին տասը դրամն էլ կբերի, ինձ կտա»,- զվարթ պատմում էր հարևանուհին:
«Գործից չեմ փախչում: Առաջ շիշ էի լվանում, հավաքարարություն էի անում: Հիմա որ փոքր ա (գլխով Սրբուհուն ցույց տվեց.- Լ.Ա.), չեմ կարողանում: Ձեռագործ եմ անում: Քո համար շարֆ կգործեմ: Համարդ հեռախոսիս մեջ գրանցել եմ»,- ժպտաց Գայանեն: «Լավ, ես գնամ»,- շրջվեցի դեպի դուռը: (Սենյակն այնքան փոքր էր, որ, այսպես թե այնպես, բոլորն ակամայից դռան մոտ են, ու տպավորություն է, որ բոլորն ամեն րոպե ցանկանում են տնից դուրս գալ):
Մարտիկը կանխեց. «Դուրս մի՛ եկեք, ես կգնամ Ձեզ համար տաքսի կբռնեմ, կբերեմ, դռան մոտից կնստեք»: «Չէ, չէ, շատ ցուրտ ա, դուրս չգաս, ինքս տաքսի կնստեմ»: Բայց Մարտիկն արդեն դրսում էր: Իր սպիտակ բլուզով: Անցավ տասը րոպե, քսան, իսկ Մարտիկը չկար:
Ամեն րոպեն անտանելի էր: Մայրը հանգստացնում էր. «Մի՛ մտածեք, չի մրսի»: «Չէ՛, գնում եմ»: Մարտիկը չէր երևում փողոցի ողջ երկայնքով: Մալաթիայի նեղլիկ փողոցներում մարդ չէր երևում: Մարտիկը չկար: Կես ժամ անց հեռախոսս զնգաց: Մարտիկն էր. «Ես Ձեզ բա չասեցի՞, որ սպասեք, որ անպայման մեքենա կբերեմ»…