Տեսուչը նպաստը տալու դիմաց կաշառք է պահանջել. չեն տվել՝ նպաստ չեն ստանում

10 տարեկան Մարտիկին մայրը հազվադեպ է թույլ տալիս դրսում երեխաների հետ խաղալ՝ այդպիսով փորձելով պաշտպանել ոչ թե որդուն, այլ՝ բակի երեխաներին: Փոքրիկ տղան նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունի, գլխին հարվածների բազում սպիներ կան: Հայրն այնքան ու այնպես է ծեծել, որ էպիլեպսիա հիվանդություն է ստացել, հաճախակի ցնցումների մեջ է ընկնում: Մայրը՝ Գայանեն, պատմում է, որ 4 տարեկան հասակում վիճաբանության ժամանակ հայրն այնպես է երեխայի գլխին հարվածել, որ տղան «ծեփվել» է պատին ու պատն ամբողջությամբ արյունոտվել է:

«Դիմեցի Ոստիկանություն, նստել պատը դանակով քերում էր, որ արյան շիթերը մաքրեր: Շատ ա մեզ ծեծել, շատ-շատ: Հիմա, որ հիշում եմ, թե ոնց ենք դիմացել էդ հարվածներինգ Երեխայիս գլխին էնքան էր խփում, որ սարքեց հաշմանդամ, ներվային: 4 տարեկան էր, ասեց՝ մամ, գլուխս ուժեղ ցավում ա, ու քիչ հետո տեսնեմ` ուշաթափվել, ընկել ա գետնին: Տարա բժշկի, պարզվեց` էպիլեպսիա ա առաջացել»,- պատմում է 33-ամյա Գայանեն, ով 8 տարեկան հասակում Գյումրիի երկրաշարժից հետո ծնողների հետ փախել է Շամշադին:

ereq erexa (9)

Առանց ոչնչի Շամշադին փախած Գայանեի ընտանիքը փորձել է նոր կյանք սկսել, բայց այս անգամ էլ գրադների ցնցումների ներքո: Ասում է՝ «Ամուսնացա, անգամ չպատկերացնելով՝ ինչ նոր երկրաշարժեր են գլխիս իջնելու: Ուղիղ մեկ տարի շատ հաշտ ենք ապրել, դրանից հետո` հարբեցողություն, ծեծ ու ջարդ, երեխեքիս ինչ օրն էր գցում, ես ջհանդամգ Հոգեկան շեղումներ ուներ, Մարտիկիս աչքի առաջ ինքն իր երակները փրթում էր: Կասկածում էի, որ սրսկվում ա, բայց դա ինձ մոտ չի արել, որ ապացույց ունենամ: Ծեծ ու ջարդի ժամանակ էնքան եմ դիմել Ոստիկանություն, բայց ոչ ոք մեզ չկարողացավ պաշտպանել»:

Մարտիկն իր տարիքի համեմատ այս կյանքում շատ բան է տեսել, մարմնի վրա զգացել է հոր բռունցքների դաժանությունը ու հիմա, անկախ իրենից՝ իր հասակակակիցների վրա ինքն է բռունցք գործադրում: Մայրն ասում է՝ երեխաներին պաշտպանելու համար Մարտիկին փակում է տանը: Գայանեն ստիպված է լինում բոլորից ներողություն խնդրել որդու ոչ ադեկվատ վարքագծի համար, բայց սիրտն այնքան է ցավում Մարտիկի համար, որովհետև գիտի, թե տղան ինչերի միջով է անցել: Ասում է՝ «Որ գլուխը բացեմ, սպիները տեսնեք` կսարսափեք: Երեխուս մանկությունը սարսափի մեջ անցավ»: Ասում է՝ այլևս անկարող էր դիմանալ մի կողմից` ամուսնու դաժան բռնություններին, մյուս կողմից՝ սոցիալական ծայրահեղ վատ վիճակին, քանի որ ամուսինը, չաշխատելուց բացի, երեխաների գումարը բռնությամբ խլում և ալկոհոլային խմիչք էր գնում:

ereq erexa (3)

ereq erexa (7)

Որոշ ժամանակ անց երեխաների հայրը դատապարտվել է սիրուհու ամուսնուն դանակահարելու պատճառով: Այնուամենայնիվ, Գայանեն հավատալով, որ ազատազրկումից հետո նա կարող է փոխվել՝ սպասել է, սակայն ապարդյուն, քանի որ ազատություն ստանալուց հետո երեխաների հայրն էլ ավելի դաժանությամբ է նրանց ծեծել: «Հասկացա, որ աղջիկս նույնպես չի դիմանա ու տղայիս պես հիվանդություն ձեռք կբերի: Աղջիկս վախից սկսեց չխոսել, կակազելով, կմկմալով ձայներ էր հանում ու վախից մինչև հիմա միզում ա տակը: Հիմա խոսում ա: Երեխեքիս փրկելու համար նրանց վերցրի ու փախա Երևան»,- պատմում է երեխաների մայրը՝ ավելացնելով, որ 2010 թ.-վականին ամուսնալուծվել է՝ համարելով, որ այդպիսով գոնե փրկում է երեխաների ապագան:

ereq erexa (5)

Որոշ ժամանակ անց Երևանում ծանոթացել է Արմենի հետ, ով երեխաներին սիրում է իր հարազատ երեխաների պես ու նրանց մասին պատշաճ հոգ է տանում: Մարտիկի հայրը, սակայն, վերջերս հայտնվել և Գայանեից երեխաների հետ հանդիպում է պահանջել: Նա անմիջապես դիմել է Ոստիկանություն, որից հետո այլևս չի համարձակվում երեխաներին մոտ գալ:

«Ասեց՝ երեխու փողի 50.000 դրամը տուր, որ նպաստդ դասավորեմ»
Գայանեն, Արմենն իրենց երեք անչափահաս երեխաների հետ, արդեն 3 տարի է ապրում են 25.000 դրամով վարձակալած` բանտային խցից ավելի անտանելի մի տարածքո՛ւմ, որը ոչ այն է` «տուն» է, ոչ այն է՝ ավտոտնակ: Երեխաներն ապրում են բետոնե հատակի ու պատերի ներսում, որտեղ տիրող սառը խոնավության մեջ անգամ կես ժամ դիմանալ հնարավոր չէ: Արմենը տաքսի է քշում և օրական վաստակած մի քանի հազար դրամով կարողանում են դպրոցական Մարտիկի հոգսերը հոգալ և երեխաների օրվա հացը հայթայթել: Գայանեն աշխատասեր կին է, ցրտից կապտած մատներով գուլպա է գործում, որ վաճառելով` գումար վաստակի:

ereq erexa (4)

Ասում է՝ «Ես միշտ էլ աշխատել եմ, հավաքարարություն եմ արել, շշեր եմ լվացել, երբեք չեմ ամաչել նման տեղերում աշխատելուց, համարել եմ, որ չաշխատելն ա ամոթ, ուղղակի հիմա երեխաս փոքր ա՝ 1 տարեկան, մի քիչ մեծանա, կաթից կտրվի, կաշխատեմ: Հիմա էլ պարապ չեմ նստում, անընդհատ շյուղերը ձեռքիս ա, բայց, հավատացե՛ք՝ շատ դժվար ա: Օր ա լինում` երեխեքը սոված են մնում, դռները փակում տանն եմ պահում, որ մարդ չիմանա»: Թշվառության մեջ ապրող ընտանիքն` աղքատության նպաստ չի ստանում, քանի որ սոցծառայությունից տեղեկացրել են, որ ուրիշի տանն են ապրում, գրանցված չեն այն հասցեում, որտեղ փաստացի ապրում են: Չնայած դրան, երրորդ երեխայի ծնունդից հետո տեսուչը Գայանեին առաջարկել է՝ «Դե երրորդ երեխայի համար պետությունը 430.000 դրամ հատկացրեց, որը նույնպես այդ գրասենյակից են գրում, հաստատում: Տեսուչն ինձ ասաց՝ 50.000 դրամ երեխու փողից տուր, որ նպաստդ էլ դասավորեմ: Ասացի՝ ինչի՞ տամ, չեմ կարող, հազար ծախս ունենք, 3 մանր երեխա: Ասեց՝ տես, քեզ լավություն եմ անում, չե՞ս տա՝ չեմ էլ դասավորի նպաստդ: Չտվեցի ու չստացա: Հիմա արդեն գրանցվել ենք այս տան վրա, չնայած՝ վարձով ենք ապրում: Բոլոր օրինական փաստաթղթերով վաղը պիտի գնամ, բայց գիտեմ՝ առանց ոչնչի` չեն դասավորի: Ինձ ասում ա՝ ինձ հետաքրքի՞ր ա` դու ինչ պայմաններում ես ապրում, ես էլ իմ գործն եմ անում: Ամուսինս ասում էր՝ ոչինչ, մեկ ամսվա գումարն իրանց թողնենք, թող դասավորեն, ասեցի՝ ոչ, դա իմ երեխեքի փողն ա, պետությունը հատկացնում ա երեխեքին, ոչ թե իրանց: Չտվեցինք ու տենց էլ առանց նպաստ մնացինք»:

ereq erexa (2)

Այնուամենայնիվ, տարածքը սպասարկող տեսուչն այդ խոսակցությունից հետո, մեկ տարուց ավելի, Գայանեենց տուն ոտք չի դրել: Գայանեն վստահ է, որ իրենից կրկին պահանջելու են մեկ կամ երկու ամսվա նպաստն իրենց թողնել, սակայն մենք հետևելու ենք հետագա զարգացումներին և փորձելու ենք ուսումնասիրել, թե որքանով է հնարավոր կաշառքով անհնարը դարձնել հնարավոր, իսկ օրինական փաստաթղթեր ներկայացրած քաղաքացուն անհիմն զրկել պետական նպաստից: Եվ քանի որ 50.000-ից մերժված տեսուչը մեկ տարուց ավելի նշյալ տարածքում տնայց չի կատարել, հարկ ենք համարում հատուկ Սոցծառայության աշխատակիցների համար ներկայացնել 3 անչափահասների կենսապայմանները:

Գայանեի երեխաներն այս ցուրտ եղանակին «տան» դուռը բաց են թողնում, որ արևի ջերմությամբ տաքանան, իսկ նրանց ծեր տատիկը, որը ոտքի վրա չի կարողանում կանգնել, ամեն օր փողոցներից կարտոններ է հավաքում, որ երեկոյան վառարան վառեն, ու ցրտից թոռնիկները չցրտահարվեն: Երեխաները հագնում են հարևանների տված հին հագուստը և հաճախ քաղցած են գիշերում: Այն «տանը», որտեղ այս ընտանիքն ապրում է տարածքը սպասարկող տեսուչը հավանաբար 1 ժամ չի կարող մնալ: Երեք երեխաների ծնողները ծույլ չեն, անգամ այդ ծայրաստիճան վատ կենսապայմաններում ապրելով՝ աշխատում են, փորձում են ինքնուրույն հոգալ խնդիրները, բայց մեր պետությունը նրանց նմաններին աջակցելու համար հատկացնում է պետական նպաստ, աղքատության նպաստ, որը Գայանեի նմաններն, ովքեր իսկապես ծայրահեղ աղքատ են, հաճախ չեն ստանում, որովհետև գրասենյակի պետերն ու տեսուչները պատրանք են ստեղծում, թե այդ գումարներն իրենց գրպանից են տալիս: Հետևաբար, նպաստ «դասավորելը» նրանց համար դարձել է բիզնես:

Կտա՞ն մի քանի ամսվա գումար պետերին ու տեսուչներին՝ կստանան պետական նպաստը, չե՞ն թողնի այդ գումարը՝ կստանա այդ գումարն իրենց տվող քաղաքացին, որը, պարտադիր էլ չի` աղքատության շեմը հաղթահարի: Կթողնե՞ր Գայանեն 50.000 դրամը տեսուչին, ուրեմն՝ կստանար նպաստը, և արդեն էական էլ չէր լինի օրենքի այն պահանջը, համաձայն որի՝ նրանք պետք է գրանցվեն այն բնակարանի վրա, որը պատկանում է այլ քաղաքացու, որն ընտանիքին տարածքը հատկացրել է վարձակալությամբ:

Տեսանյութեր

Լրահոս