Ծածուկ ու թաքուն մարդահամար
Հրապարակվեց: Հայրենի Վիճակագրական ծառայությունն օգտագործեց տոնական արձակուրդներն ու դրանց հաջորդող խումհարը: Վերջապես հրապարակվեցին «Մարդահամար-2011-ի» արդյունքները: Հանաք բան չկարծեք: Դա մեր իշխանությունների համարյա հինգ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Մինչդեռ բոլորս արդեն հասցրել էինք մոռանալ այդ մարդահամարի մասին: ՀՀ կառավարությունն այն անցկացնելու որոշումն ընդունել էր դեռ 2009թ. մարտին: Որոշումն ընդունել ու լծվել էր աշխատանքի:
2010-ի ապրիլին նախնական մարդահամար պիտի անցկացվեր, բայց փող չկար: Ուստի նախնական կոչվածն անցկացվեց նույն թվականի հոկտեմբերին: Այնուհետև կառավարությունը 2011-ի մայիսին որոշեց մեզ հաշվելու ազգանպաստ գործին լրացուցիչ 100 մլն դրամ նվիրաբերել իր սեփական պահուստներից: Երեք ամիս հետո նոր որոշում հայտնվեց. նոր ու ավելի մեծաքանակ գումար` 789մլն 484 հազար զոհաբերելու մասին: Հետո 2011-ի հոկտեմբերի 12-21-ը մեր բոլորիս տուն այցելեցին, հաշվեցին ու տարբեր հարցեր տվեցին ոռոգվող զուգարանների, համակարգիչների, համացանցի և այլնի մասին:
Հարցերը տվեցին, հարցաթերթիկները լրացրին ու խոստացան տվյալները հրապարակավ հայտարարել: Հասարակությունն ըմբռնումով մոտեցավ այդ այցելություններին: Լուսավորյալ 21-րդ դարում ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մարդահամարը շքեղություն չէ: Ցանկացած երկրում իշխանությունները մարդահամարի տվյալների միջոցով փորձում են կառավարման ավելի արդյունավետ համակարգեր մշակել:
Բացատրեք խնդրեմ` ինչպե՞ս և ի՞նչ նպատակով են օգտագործելու 2011թ. տվյալները, եթե դրանց ամփոփման համար հայրենի վիճակագիրներից երկու տարուց ավելի ժամանակ պահանջվեց: 3 մլն-ից մի փոքր ավելի բնակչություն ու ընդամենը 763 հազար 454 տնային տնտեսություն ունեցող երկրի մարդահամարի տվյալներն ամփոփելու վրա ծախսվեց 27 ամիս ժամանակ: Բարդ չէ ենթադրել, որ այդ մարդահամարի տվյալների մի մասն այն աստիճան է հնացած, որ այլևս ոչ պետական կառույցներին, ոչ գործարարներին, ոչ փորձագետներին ոչինչ չի տա: Ո՞ւմ է, ասենք, հետաքրքիր, թե երկու տարի առաջ մայրաքաղաքի բնակչության քանի տոկոսն էր տանն օգտվում համակարգչից ու համացանցից:
Որևէ մեկին հետաքրքի՞ր է արդյոք այն, որ Երևանի տնային տնտեսությունների 80 տոկոսը համակարգիչ ուներ, 15 տոկոսը` չուներ, իսկ 5 տոկոսն էլ չի նշել ունենալ-չունենալու փաստը: Եթե ձեզ հետաքրքրում է, ապա հրապարակված հաշվետվության մեջ կարող եք տեսնել, որ 2011թ. Հայաստանի ընտանիքների 64 տոկոսը համակարգիչ ուներ, 30 տոկոսը չուներ: Այդ ընտանիքների միայն 39 տոկոսն է համացանցից մշտական օգտվում: Իսկ ընտանիքների 53 տոկոսը համացանցից չէր օգտվում: Վիճակագիրների արձանագրած հին տվյալների մեջ տարօրինակ փաստեր էլ կան: Օրինակ, որ համակարգիչների ամենափոքրաթիվ քանակը բաժին էր ընկնում Վայոց Ձորի մարզին` ընդամենը տնային տնտեսությունների 32 տոկոսը համակարգիչ ունի: Բայց այս մարզում համացանցից օգտվողների տոկոսային քանակը զիջում էր միայն մայրաքաղաքին:
Կամ, ասենք, որ մարզերից համակարգիչներով ամենահագեցած տնային տնտեսությունները Արագածոտնի մարզում են: Այստեղ ընտանիքների 67 տոկոսը համակարգիչ ուներ, բայց համացանցից օգտվողների թվով այս մարզն ամենավերջինն էր: Այս տվյալները, հարկավ, մեկ-երկու տարի առաջ իսկապես հետաքրքիր կլինեին: Բայց հիմա բոլորս էլ վստահ ենք, որ դրանք հնացած են: Հետևաբար` անպիտան: «Ինչո՞ւ Ազգային վիճակագրական ծառայությունը, պոետի բառերով ասած, այդպես ծածուկ ու այդպես թաքուն հրապարակեց մարդահամարի տվյալները» հարցը, բնականաբար, բացատրություն ունի:
Ոչ պաշտոնական տվյալներով մարդահամարի տվյալներն ամփոփելուց հետո ԱՎԾ-ն հավուր պատշաճի մրցույթ էր հայտարարել պաշտոնական փաստաթղթի անգլերեն և ռուսերեն թարգմանության համար: Այնուհետև դրանք պիտի որ տպագրվեին ու մոդայիկ շնորհանդեսով ներկայացվեին հասարակությանը: Բայց պարզվել էր, որ թարգմանության մրցույթում շահած ընկերությունը պարզապես ի վիճակի չէր եղել թարգմանել մասնագիտական փաստաթուղթը: Նրանք պարզապես «google- translate» ծրագրի վրա էին իրենց հույսը դրել: Ահա այսպիսի տարօրինակ վիճակագրական պրոֆեսիոնալիզմ, որի պատճառով մեր վիճակագիրները սուսիկ-փուսիկ ու հասարակությունից հնարավորինս թաքուն հրապարակեցին մարդահամարի տվյալները:
Հ.Գ. Հետաքրքիր է` մեր Ազգային վիճակագրական ծառայությունը քանի՞ տարում կհաջողեր անցկացնել Վատիկանի կամ Լիխտենշտեյնի մարդահամարները: