Բաժիններ՝

Ինչո՞ւ է Հայաստանը համացանցի արագությամբ զբաղեցնում 63-րդ տեղը` զիջելով Վրաստանին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանը համացանցի արագությամբ զբաղեցնում է 63-րդ տեղը` զիջելով հարևան Վրաստանին: NetIndex ընկերության ուսումնասիրության արդյունքներով` Հայաստանը համացանցի արագությամբ զբաղեցնում է 63-րդ տեղը` 188 երկրների թվում: Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցնում է 48-րդ տեղը, Ադրբեջանը` 111-րդ տեղը:

Այս կապակցությամբ 168.am-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ մասնագետից: «Ինտերնետ հանրության» փոխնախագահ Գրիգոր Սաղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին հերթին՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ի՞նչ մեթոդաբանությամբ է իրականացվել հաշվարկը, և այդ մասին հստակ տեղեկատվությունը բացակայում է:

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանը չի հանդիսանում տարանցիկ երկիր, և, ի տարբերություն Վրաստանի, մեր դեպքում հաշվարկը պարզ է` միացված թողունակությունը պարզապես բաժանում են ՀՀ ինտերնետ օգտվողների թվի կամ բնակչության թվի վրա։ Տարանցիկ երկրների համար գործում է այլ բանաձև, որը պետք է հաշվի առնի նաև տարանցիկ հոսքերը, որոնք անհրաժեշտ է հանել ընդհանուր թողունակությունից այդ երկրի համար»,- ասաց Գ. Սաղյանը` նշելով, որ ինքը միանգամայն վստահ է, որ հաշվարկը ներկայացնող ընկերությանն այդ ամենը հայտնի է:

Այնուամենայնիվ, ըստ մեր զրուցակցի` կարելի է հաշվի առնել, որ չկա հուսալի տեղեկատվություն այդ տարանցիկ հոսքերի մեծության մասին։

«Սա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցով պայմանավորվում են տեղեկատվական հոսքերի երթուղիները։ Բացի այդ, հայտնի չէ՝ հաշվարկում գնահատվե՞լ է արդյոք ներքին ինտերնետ միացումների արագագործությունը»,- ասաց Գ. Սաղյանը` նշելով, որ, երբ ասում ենք՝ Ինտերնետ, անհրաժեշտ է ընկալել, որ այն ունի երկու բաղադրիչ` ներքին և արտաքին հոսքեր։

Ըստ մեր զրուցակցի` Ռուսաստանի Դաշնության սահմաններում այդ երկու հոսքերի հարաբերությունը գնահատվում է՝ որպես 50:50: Հայաստանում` 90:10, սա վկայում է ներքին տեղեկատվական աղբյուրների սակավության մասին։

«Այս առումով մեծ նշանակություն ունի ՀՀ տեղական ինտերնետի փոխանակման հանգույցը, որը, ցավոք, չի գործում լիարժեք։ Պատճառներից կարելի առանձնացնել նաև գործող օպերատորներից մեկի կողմից վարվող ինքնամեկուսացման քաղաքականությունը»,- ասաց Գ. Սաղյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս