Ֆուտզալի հավաքականի համար բարդ մեկնարկ է սպասվում Եվրոպայի առաջնությունում. Ռուբեն Նազարեթյան
Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կարծիքով` Եվրոպայի առաջնության խմբային փուլում իր գլխավորած թիմին հեշտ մրցակիցներ բաժին չեն ընկել:
«Եվրոպայի առաջնության ժամանակ հիմնականում «հարմար» մրցակիցներ չեն լինում: Առաջնության եզրափակիչ փուլին հասնում են ուժեղագույնները: Իմ կարծիքով մեզ հետ նույն խմբում ընկած Ուկրաինայի հավաքականը նույնիսկ այս առաջնության հաղթողի ֆավորիտներից է: Մենք փորձելու ենք լավ պատրաստվել ու լավագույնս հանդես գալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նազարեթյանը:
Վերջինիս խոսքով` Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում Ուկրաինայի հավաքականի հետ խաղը իրոք բարդ կլինի, բայց հավաքականն առաջին իսկ խաղից ձգտելու է առավելագույնի:
«Մեր առաջ խնդիր է դրված դուրս գալ խմբից: Այս խմբում թույլ թիմեր չկան ու անցողիկ թիմեր չկան: Մեզ համար հեշտ չի լինելու»,-առանձնացրեց նա:
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ դեկտեմբերին հնարավոր է մասնակցի մինի մրցաշարի` այդ կերպ նախապատրաստվելով հիմնական մրցաշարին:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդգրկված է Ուկրաինայի (հունվարի 22), Չեխիայի (հունվարի 25) ու Լիտվայի (հունվարի 28) հետ նույն խմբում:

