Եկեղեցու պղծում, ֆեյք «պատարագ», ֆեյք իրավապաշտպան և երկակի ստանդարտներ
2025 թվականի հոկտեմբերի 26-ին Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի Հովաննավանքում տեղի ունեցավ կարգալույծ հռչակված նախկին քահանա Ստեփան Ասատրյանի կողմից անցկացված բռնազավթված պատարագի իմիտացիա, որին իշխանական վերնախավի հետ միասին՝ մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով իր անվերապահ աջակցությունն է հայտնել կարգալույծ քահանային ու փաստացի իր գործողություններով նպաստում է եկեղեցու պղծման գործընթացին։
Եկեղեցու տարածքում հավաքված մարդիկ, ովքեր չէին թաքցնում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Փաշինյանի աջակիցներն են, աչքի էին ընկնում լրագրողների հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելով ու վիրավորելով, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելով։ Հովաննավանքում անցկացվող ֆեյք պատարագի կադրերը դիտելիս տպավորություն է, որ աղանդավորական մի կառույցի ծես է, որտեղ ծափահարում են իրենց սրտի առաջնորդին, իսկ այլախոհներին բերանը փակելով, բիրտ ուժի կիրառմամբ՝ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները դուրս են վռնդում։
Ֆեյք պատարագի ու եկեղեցու պղծման ակտին զուգահեռ, երբ Հոգեշնորհ տեր Շնորհք աբեղա Պալոյանը փորձում էր մոտենալ եկեղեցուն ու աղոթել, նրա ճանապարհը փակում են կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմնակիցներն ու արգելում նրա մուտքը եկեղեցու տարածք։
Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում ոստիկանության ծառայողների աչքի առաջ, ովքեր այդտեղ էին հասարակական կարգի պահպանության համար, բայց ըստ էության ակնհայտ անգործություն ցուցաբերեցին։ Նույն կերպ շարունակվեց անգամ այն դեպքում, երբ հայհոյախառն արտահայտություններով աչքի ընկնող ֆեյք հավատավորները քաշում էին 168.am-ի լրագրողի մազերն ու վիրավորում նրան։
168.am-ը դիմեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ ճշտելու համար, արդյո՞ք որևէ դրվագով հարուցվել է քրեական վարույթ։
Դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան։
Հատկանշական է, որ եթե նմանատիպ միջադեպեր տեղի ունենային ընդդիմության հավաքներին, Գլխավոր դատախազությունը Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով արդեն հարուցած կլիներ մի քանի վարույթներ։
Արդյո՞ք դատախազության մոտեցումները երկակի են, տեղի ունեցածում առկա՞ են Քրեական օրենսգրքով արգելված արարքներ։
Այս հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության նախկին պետի տեղակալ, փաստաբան Պետրոս Պետրոսյանի հետ․

«Դա լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դասական դրսևորում է։ Եթե դա կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ, համոզված եմ, որ կապված է, որովհետև անձինք այնտեղ ուղղակի ուխտով չէին գնացել, այլ հենց մասնագիտական գործունեություն էին իրականացնում»։
Ինչ վերաբերում է «Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի՝ եկեղեցի մուտքի արգելքին, Պետրոսյանն ընդգծեց․
«Կարող է որակվել՝ որպես անձի ազատ տեղաշարժը սահմանափակելու հանցակազմի տիրույթում, բացի այդ, նաև կրոնական ծեսի իրականացմանը խոչընդոտելու հանցակազմի տիրույթում, երկուսով էլ առկա է»։
Հարցին էլ՝ արդյո՞ք ուղիղ եթերով հեռարձակվող, ակնհայտ իրավախախտում պարունակող միջադեպերով դատախազությունը չպետք է հարուցեր վարույթ, նախկին պաշտոնյան պատասխանեց․
«Նոր քրեադատավարական կառուցակարգերով դատախազությունը որպես այլևս հաղորդում ներկայացնող մարմին իր լիազորությունների իրականացման պրոցեսում է դիտարկվում։ Մի փոքր հետնահանջ ունենք էդ կապակցությամբ, այսինքն՝ մեծ հաշվով չունենք էլ այդպիսի գործիքակազմ, որ դատախազությունն ինչ-որ մոնիտորինգներ իրականացնի։ Այ, հակառակ ասպեկտից ճիշտ եք, երբ որ պետք է լինում, դատախազությունն անհասկանալի պատճառներով ինչ-որ մոնիտորինգներ իրականացնում է, որը մեծ հաշվով քրեադատավարական էլ չի, բայց դա մոնիտորինգների անհրաժեշտություն չունի, եթե ծառայություն իրականացնող իրավապահ մարմնի ներկայացուցիչները կան, պարտավոր դրան հակազդելու, նրանք ուղիղ օրենքով նախատեսված իրենց վրա դրված պարտականություն ունեն՝ ցանկացած հանցագործության դեպք հայտնաբերելու պայմաններում առնվազն հաղորդում ներկայացնելու նախաքննության մարմնին։ Էլ չասեմ, որ տվյալ պահին նույնիսկ պարտավոր են հանցանքը կանխելուն ուղղված գործողություններ իրականացնել, առաջին՝ իրենց պարտականությունն է՝ էդ անձին անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել և ներկայացնել վարույթն իրականացնող մարմիններ։ Մյուս կողմից էլ, համոզված եմ, որ դիտողները, առնվազն իրավապաշտպան կամ այլ հանրության ներկայացուցիչներ, իրենք ևս հանցագործության վերաբերյալ հաղորդումներ կներկայացնեն»։
Դեպքի առնչությամբ լսեցինք նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանին․

«Ի սերն Աստծո, էդ կրոնական ծեսերի․․․ հասկանում եք, չէ՞, մենք ինչքան հեռու ենք կրոնական ծեսերի ընթացակարգերը հասկանալուց և կրոնական ազատությունների մակարդակը վերահսկելուց։ Կներեք, էս քահանային թողեցին, են քահանային չթողեցին, էս քահանան կարգալույծ է, այն քահանան կարգալույծ չի, էս մեկը իրավունք ուներ մտներ, էն մեկը իրավունք չուներ, մտավ՝ հետո հանեցին, էն մեկը իրավունք չուներ․․․
Խնդրում եմ, մեզ էդ ամեն ինչից զերծ պահեք։ Էդ մեր թեման չի, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը չի զբաղվում բոլոր տեսակի հանցագործությունների մասին դատախազության ուշադրությունը գրավելով։ Երբ որ քաղաքացին լրագրողի մազերից քաշում է…, հիմա, կներեք, ամեն մազ քաշելու դեպքով էլ զբաղվենք, խնդրում եմ, էլի, ես ձեզ… կիրակի օրը իմ տան այգում ծառ էի կտրում, եթե դա կրոնական ծես չլիներ, եթե հանրահավաք լիներ, ծառ չէի կտրի, ստիպված կիրակի օրով կզբաղվեինք հանրահավաք դիտարկելով, չգիտեմ, քանակը հաշվելով, նայելով, թե էս պահվածքը ոնց է, էն պահվածքը ոնց է։
Խնդրում եմ, գոնե կրոնական ծեսով մեր կազմակերպությունը թող չզբաղվի, ինչքա՞ն կազմակերպություններ կան էս երկրում։ Ձեր նշածից միակը, որը, կարծես թե, ինչ-որ հանցակազմ կարող է պարունակում է, այն էլ կարող է եմ ասում, դա կրոնական ծեսի իրավունքի հետ կապված է։ Կներեք, կրոնական ծեսի իրավունքի հետ կապված՝ մեր թեման չի»։
Այս պարագայում ևս կարծես մոտեցումներում առկա է երկակի ստանդարտներ, բայցևայնպես միջադեպից անցել է 2 օր, սակայն իրավապահ համակարգն այստեղ որևէ խնդիր չի տեսնում։
ԱՍԱՏՈՒՐ ԱՍԼԱՆՅԱՆ

