Բաժիններ՝

«Ես Փարիզում բնակվող հայ եմ». Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Թել Ավիվում համերգից հետո հարցազրույց է տվել «Նովայա գազետա» պարբերականին` խոսելով սիրո, ընկերության, իր արվեստի մասին: Ներկայացնում ենք որոշ հատվածներ.

2014 թ-ին շանսոնյեն դառնում է 90 տարեկան: Իր 80-ամյա կարիերայի ընթացքում նա խաղացել է 60 ֆիլում, գրել մոտ հազար երգ, երգել վեց լեզվով, վաճառել 100 միլիոնից ավելի սկավառակ: «Time» ամսագրի վարկածով 98թ-ին ճանաչվել է  XX  դարի լավագույն  էստրադային կատարող: Ռուսաստանի քաղաքացիության կարիք չունի, նախկինի պես լեփ-լեցուն դահլիճներ է հավաքում ողջ աշխարհում:

«Սարսափելի է. 6,5 հազար մարդ: Այստեղ իմ առաջին այցի ժամանակ ես երգել եմ փոքրիկ կաբարեում: Եվ ես առաջին արտասահմանցի արտիստն  էի, որ եկել էր` Իսրայելի Պետության ստեղծումից հետո»,-համերգից հետո հիշում է Ազնավուրը:

Ո՞վ եք Դուք, պարոն

«Ես Փարիզում բնակվող հայ եմ: Այդպես էի պատասխանում այդ հարցին, երբ տասը տարեկան էի»: Փարիզից հետո Ազնավուրը 20  տարի ապրել է Պրովանսում: Այնուհետեւ ընտանիքի հետ տեղափոխվել է Շվեյցարիա: Համարում է, որ այնտեղ նոր կյանք է սկսել: «Ես իմ էությամբ շինարար եմ, եւ երբ սկսում եմ «զրոյից», դա ինձ ուժ է տալիս»:

Եթե Ազնավուրը չլիներ, հայերը նրան կհորինեին: Նա նրանց կուռքն է, լեգենդը:

«Ես չեմ պարծենում, սակայն ընդունեք, որ ներգաղթյալի որդու համար վատ չէ..»

1988թ-ին Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական  հիմնադրամը եւ սկսեց մի շարք ծրագրեր իրականացնել:

Խաղաղ նավահանգիստ

Նա բնակվում է Լոզանում: Երրորդ անգամ ամուսնացել է 1968թ-ին, շվեդուհի Ուլլա Թորսելի հետ:  45 տարի նրանք միասին են: Երեք երեխա, թոռներ, շներ:

«Իմ ընտանիքում բոլոր կրոնները կան: Կինս բողոքական է, ես` գրիգորյանական, թոռս հրեա է, որդուս կինը` կաթոլիկ, թոռնուհիս` մահմեդական ընտանիքից: Բայց մենք մեկ ամբողջություն ենք: Մենք հասկանում եւ սիրում ենք միմյանց»:

«Հիմա կրոնական պատկանելության հարցը նույնքան սուր է, որքան սեռական կողմնորշման հարցը»: Այս դիտարկմանը նա պատասխանում է. «72-թ-ին ես նույնասեռականների մասին երգ գրեցի: Լուրջ երգ էր, առանց հեգնանքի: Այն թողարկելը, առավել եւս, այն անձամբ կատարելը բավականին համարձակ քայլ էր: Այդ ժամանակ ես ռիսկի  էի գնում կորցնել հանդիսատեսին: Բայց ես այդպես էի զգում: Այդ երգով ես հայտնեցի իմ դիրքորոշումը, եւ հպարտ եմ դրա համար»:

Դրանից հետո ինչ լուրեր ասես, որ չեն շրջանառվել: Սակայն դրանք հաղթահարել  են նրա կրքոտ սիրավեպերը: «Իմ ամուրիական կայնքը լի է եղել ակնթարթային եւ խելահեղ սիրային արկածներով: Ես արցունքն աչքին թողնում էի մեկին, որպեսզի հայտնվեմ մյուսի գրկում: Նախընտրում էի կարճատեւ հրապուրանքը: Խաբել ու խաբվել եմ, այդպիսին է կյանքը»:

Որպես իսկական հայ, նա սիրել է բոլոր կանաց եւ նրանց նվիրել իր երգերը:

«Պարոն Ազնավուր, բոլորին` նշանակում է ոչ ոքի». «Ճիշտ է, իմ երգերից եւ ոչ մեկը նվիրված չէ կոնկրետ կնոջ»,-ասում է նա:

Նա ասում է, որ անհնար է հագենալ կյանքից, որ տալը զոհողություն չէ, այլ բարիք: Մարդկային հարաբերություններում գնահատում է հարգանքը, իսկ բնավորության մեջ` կամքի ուժը: Նաեւ` պետք է պահպանել սեփական արժանապատվությունն ու չվիրավորել ուրիշներին: Հիանում է մարդկանցով, ովքեր ունակ են հաղթահարել հանգամանքները, վախերն ու հիվանդությունները:

Ազնավուրն արդյունքներն է ամփոփում: Նրա աչքերում մեծ դարաշրջանն է ինքն իրեն նայում: «Դուք ասացիք, որ մարդկանց վերադարձնում եք անցյալը: Նրանք մի՞թե ապագա չունեն» հարցին նա պատասխանում է. «Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք: Բայց մինչ այդ ապրել է պետք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս