«ՄՄ-ին միացած ՀՀ քաղաքացիների համար գազի գինը մնաց ավելի բարձր, քան Մայդանում մարտնչող ուկրաինացիներինը»
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ամփոփում է 2013 թվականի քաղաքական արդյունքները.
«Ավարտին է մոտենում 2013 թվականը: Եթե մեկ նախադասությամբ փորձեմ ներկայացնել անցնող տարվա քաղաքական խորհուրդը Հայաստանի և հայ ժողովրդի համար, ապա ստիպված եմ արձանագրել. տարին բացահայտեց ժամանակակից հայոց պետականության խոցելիությունն ու ամլությունը, աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում մեր քաղաքական ընտրանու լիակատար սնանկությունը: Տարին բացահայտեց և հանրությանը ի ցույց դրեց այն դաժան իրողությունը, որ Հայաստանի այսօրվա կառավարիչներին ոչ միայն խորթ է քաղաքական ռազմավարության և մարտավարության պլանավորման մշակույթը, այլ որ նրանք ընհանրապես ունակ չեն տարբերակելու քաղաքականության ռազմավարական և մարտավարական խնդիրները:
Այդ ցավալի անընդունակության արտաքուստ դրսևորումը դարձավ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության դիրքերի և հեղինակության անկմանը զուգահեռ՝ ներքաղաքական կյանում իշխող ուժի քաղաքական մենշնորհի վերարտադրությունն ու ամրապնդումը: Քաղաքական ընտրանին ցույց տվեց, որ ի վիճակի չէ ներքաղաքական ասպարեզում գնալ անհրաժեշտ վերադասավորումների, դերերի ճիշտ բաժանման, պարզապես չի գիտակցում արտաքին քաղաքական մարտահրավերներին ադեկվատ պատասխաններ գտնելու առաջնահերթությունը:
Ասելով քաղաքական ընտրանի, ես նկատի ունեմ ինչպես խորհրդարանում ներկայացված իշխող, այնպես էլ «այլընտրանքային » և ընդդիմադիր ուժերին: Դրանց տարբերությունը վերջնագումարում ոչ մի էական նշանակություն չունի. Սերժ Սարգսյանը կարող է, բայց չի ուզում, «ընդդիմադիրները» ուզում են, բայց չեն կարող: Ի վերջո դրանք նույն մեդալի երկու կողմերն են. մեկը պետք է չկարողանա, որպեսզի մյուսը չուզի: Դրա համար, երբ խոսում են գոյություն ունեցող արատավոր համակարգի և այդ համակարգն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին, պետք է գիտակցեն, որ գործնականում դա նշանակում է ներկայիս քաղաքական ընտրանու ամբողջական հեռացման և մաքուր էջից նոր քաղաքական ընտրանու ձևավորման անհրաժեշտություն: Հասկանալի է, որ այդ նպատակին ստեղծված պայմաններում հնարավոր է հասնել միայն ժողովրդական (ոչ թե ժողովրդավարական, այլ ժողովրդական) հեղափոխության միջոցով:
2013 թվականը ցույց տվեց, որ Հայաստանը կարող է խուսափել վերջնական հայաթափումից և կործանումից միայն համաժողովրդական հեղափոխության միջոցով: Քաղաքական թատերաբեմում եղած և ոչ մի ուժ՝ առանձին կամ մյուսների հետ միասին, չեն կարող հասնել նույնիսկ մասնակի համակարգային փոփոխությունների: Այս ճշմարտությունն ակնհայտորեն դրսևորվեց 2013 թվականին անցած նախագահի ընտրությունների և հետընտրական շրջաններում: Ցույց տվեք աշխարհի քարտեզի վրա իրեն ժողովրդավարական հորջորջող մի երկիր, որտեղ խորհրդարանում ներկայացված հիմնական «ոչ իշխանական» ուժերը իրենց իրավունք վերապահեն չմասնակցել ամենակարևոր՝ նախագահի ընտրություններին և դրանից ընդամենը երեք ամիս անց՝ խանդավառությամբ վազեն մասնակցելու տեղական ինքնակարավառման մարմինների ընտրություններին:
Ցույց տվեք մի երկիր, որտեղ քաղաքական ուժերն այնքան կարճատես են, այնքան անընդունակ «զգալու» վրահաս մարտահրավերները, հստակ շոշափվող տեկտոնիկ աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում կլանված քննարկում են «թարս բուսնող խիարի» և «ձայներ խփելու» հիմնահարցերը: Եվ դա այն դեպքում, երբ փորձագիտական մակարդակով՝ մեր դեպքում Հայաստանի քաղաքագետների միության հրապարակային քննարկումների շրջանակներում, երկրի քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրում էր հենց հասունացող աշխարհաքաղաքական տեղաշարժերի և դրանց ադեկվատ պատասխանելու անհրաժեշտության վրա:
Տարին նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությամբ, որին հաջորդեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի 2012 թվականից սպասվող պետական այցը Հայաստան:
Այդ երկու, անշուշտ, փոխկապակցված իրադարձությունների միջև ընկած ժամանակաշրջանում լրատվամիջոցներում հրապարակվեց ղարաբաղյան շարժման կնքահայր Զորի Բալայանի բաց նամակը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին:
Մեկնաբանների միահամուռ կարծիքով նամակը նախապատրաստվել էր Բաղրամյան 26 հասցեում և կոչված էր շեղել Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում ոչ ֆորմալ քննարկումներն ու օրակարգը գործող վարչախմբի համար նպաստավոր ուղղությամբ: Էլ չեմ ասում, որ ֆորմալ առումով էլ Հայաստանի վարչախումբը շահագրգռված էր ներկայացնել ՌԴ Նախագահի այցը որպես երկրի իշխանական բուրգում առանցքային դիրքեր զբաղեցնող ղարաբաղյան խմբի և երկրի ղեկավարի դերում՝ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության ծանրակշիռ հավաստիք:
Պատահական չէ, որ այդ նույն օրերին՝ սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարության և Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարված այցի միջև ընկած ժամանակաշրջանում, վարչախումբը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանում նախագահանկանից վարչապետախորհրդարանական կառավարման ձևին անցնելու մտադրության մասին: Տրամաբանական է ենթադրել, որ սեպտեմբերի 3-ի և դեկտեմբերի 2-ի այցերի շրջանակներում՝ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև ոչ հրապարակային քննարկումների ընթացքում, լուծվել է նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը 2018 թվականից հետո անսահմանափակորեն երկարաձքեու խնդիրը:
Չի կարելի բացառել, որ այդ խնդրի լուծման հարցում Ռուսաստանի աջակցությունը հենց այն գինն է, որը Մոսկվան խոստացել է վճարել Սերժ Սարգսյանին Հայաստանը Ռուսաստանի բացառիկ ազդեցության տիրույթ մտցնելու դիմաց: Այդպիսի համաձայնություն ձեռքբերելու անուղղակի վկայությունն է նաև այն փաստը, որ այս անգամ Հայաստանի երկրորդ նախագահ և Վլադիմիր Պուտինի վաղեմի բարեկամ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված չէր ՌԴ Նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշկերույթին: 2013 թվականն ավարտվում է Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների ձայնակցությամբ:
Այդ երկրում քաղաքական ակտիվ գործընթացներն՝ կոնտրաստի սկզբունքով էլ ավելի են ընդգծում Հայաստանում հրապարակային քաղաքականության հոգեվարքը: Ուկրաինան, չզիջելով իի ինքնիշխանության և ոչ մի տարր, չանդամակցելով ոչ Եվրամիությանը, ոչ Ռուսաստանի Մաքսային միությանը, կարողացավ գազի գինը սեփական քաղաքացիների համար էապես նվազեցնել, առանց որևէ գույքի գրավադրման ստացավ Ռուսաստանից 15 մլրդ դոլարի վարկ, իսկ Մաքսային Միությանը միացած Հայաստանի քաղաքացիների համար գազի «ներռուսաստանյան գինը» մնաց անփոփոխ՝ ավելի բարձր, քան վճարելու են Մայդանում մարտնչող ուկրաինացիները:
Հարց է առաջանում. Ինչո՞ւ մեր ժողովուրդը, ի տարբերություն ուկրաինացիներից, 2013 թվականին էլ իր ակտիվությունը դրսևորեց միայն երկրից փախչելու տեսքով: Մեր խորհրդարանական «ընդդիմությունը» շատ լավ էլ գիտի, թե ինչու:
«Ընդդիմության» համար 2013 թվականի ամենախայտառակ արդյունքն եղավ այն, որ հրաժարվելով 2013 թվականի նախագահական շրջանակներում 2008 թվականի մարտի մեկի սպանդի մեղավորներին պատասխանատվության կանչելու խնդրին առանցքային դառձնելուց, հայտարարելով, որ անհրաժեշտ է խորհրդարանում այդ խնդրի վերաբացումը հետաձգել մինչև ընտրություններն անցնեն (ինչպիսի հոգատարություն Սերժ Սարգսյանի հանդեպ), «ընդդիմությունը» հետագայում էլ այդ հարցը բարեհաջող «ջրեց»: Մինչդեռ սա այն հարցն է, որի կապակցությամբ ընդդիմությունը պարտավոր էր հանդես գալ վերջնագրով. կամ հարցը լուծում կստանա, կամ ընդդիմությունը վայր է դնում մանդատները:
Խոսքը գնում է նույնիսկ հետխորհրդային տարածքում իր նախադեպը չունեցող հրեշավոր հանցագործության մասին, որի համար և ոչ մեկը պատասխանատվության չի կանչվել, որի մեղավորներին պատժի ենթարկելու հարցում ներկայիս ընդդիմությունը կրում է բացառիկ պատասխանատվություն: Հասկանալի է, որ քանի դեռ մեղավոները չեն պատժվել, մեր քաղաքացիներն ապրելու են այդ սպանդի կրկնության վախի ներքո:
Ուկրաինական Մայդանում ոչ մի զոհ, բարեբախտաբար, չեղավ, չնայած դրան, մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր արտոնել էին ցուցարարների դեմ ուժի կիրառումը, ազատվեցին պաշտոններից և հայտնվեցին կալանքում: Ուկրաինայի վարչապետ Ազարովը ներողություն խնդրեց ցուցարարներից, ինչը ամրապնդեց մարդկանց համոզմունքը, որ Ուկրաինայի իշխանությունները ժողովրդի դեմ բիրտ ուժ երբեք չեն օգտագործի:
Համեմատության համար ասեմ, որ պաշտոնապես մարտի մեկի չարանենգ օպերացիայի կազմակերպումը խոստովանած՝ այն ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ոչ միայն չհայտնվեց մեղադրյալի աթոռին, այլ այսօր «ոչ իշխանական ուժի» ներկայացուցիչի կարգավիճակում կոճակ է սեղմում խորհրդարանում՝ Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Լևոն Զուրաբյանի՝ և մյուսներին հավասար:
Ավելին, Գրիգոր Գրիգորյանը ԱԺ ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահն է, ինչը ապացուցում է, որ վարչախումբը չի նախապատրաստվում ներողություն խնդրել ժողովրդից մարտի մեկի սպանդի համար: Սա խորհրդարանական «ընդդիմության» կողմից մարտի մեկի էջը վերաբացելու «դլյա գալոչկի» գործադրված «ճիգերի» արդյունքն է:
Արդյունք, որը առաջիկայում էլ ստիպելու է մեր երկրի հազարավոր քաղաքացիներին իշխանության նկատմամբ սեփական վերաբերմունքն արտահայտել ոչ թե հրապարակում պայքարելու, այլ ի նշան բողոքի Հայաստանից լռելայն հեռանալու միջոցով:
Այսպիսին են 2013 թվականի քաղաքական արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության համար տխուր արդյունքները»: