«Ռուսներին մենք այս պահին ոչինչ չունենք տալու». Արման Սահակյան
«Ռուսներին մենք այս պահին ոչինչ չունենք տալու: Սեփականաշնորհելու շատ բան ունենք, բայց նախարարությունների շենքերի հետ կապված նոր զարգացումներ չեն սպասվում: Ես չեմ ասում, որ 2014 թվականին ոչինչ չի սեփականշորհվելու: Ես ասում եմ, որ եթե լինեն պետությանը շահավետ առաջարկներ, կլինեն սեփականաշնորհումներ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Անդրադառնալով «ՀայՌուսգազարդ» ընկերության՝ Հայաստանի 20% բաժնեմասի վաճառքին՝ նա նշեց, որ օրենքի համաձայն այն կարող էր սեփականաշնորհվել ոչ պետական մասի սեփականատիրոջը. «2001-2006թ. ծրագրում «ՀայՌուսգազարդ» ընկերությունը եղել է և սեփականաշնորհվել է, մնացած մասի սեփականաշնորհումը ծրագրի շարունակությունն է կազմել: Այս գործարքն իր ամբողջ էությամբ ու բովանդակությամբ իրավաչափ է»:
Ա.Սահակյանը տեղեկացրեց, որ «Սևան» հյուրանոցը, Սասունցի Դավիթ կայարանի հարակից շենքն այլևս ՊԳԿ գործառույթների մեջ չեն մտնում: «Դվին» հյուրանոցի հետ կապված` Ա.Սահակյանը նշեց, որ 2013-ին գնորդի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2016 թվականը 16 մլն դոլար ներդրումներ իրականացնելու վերաբերյալ, և ներդրումներ չիրականացնելու դեպքում բավականին տույժ ու տուգանքներ են նախատեսված, ինչը նախորդ պայմանագրում չկար: 2013 թ. պետք է կատարվի 850 հազար դոլարին համարժեք ներդրում, 2014-ին՝ 3 մլն 970 հազար դոլար, 2015-ին՝ 8 մլն 780 հազար դոլար:
«Համաձայնագիրն այնպիսին է, որ ներդրումներ չանելը բավականին տույժ ու տուգանքի է բերելու՝ ընդհանուր գումարի մոտ 6%-ի չափով, իսկ մինչև 2016 թ. ներդրում չանելու դեպքում պայմանագիրը չեղյալ կհամարվի: Ընդ որում, նախագծանախահաշվային աշխատանքների կատարումը նույնպես ներդրումային ծրագի մեջ է մտնում»,- ասաց Ա.Սահակյանը:
Անդրադառնալով կրկեսի շենքին՝ ՊԳԿ պետը հայտնեց, որ դրա սեփականատերը պարտավորվել է 650 մլն ներդնել մինչև 2014 թ., բայց քանի որ հիմքի հետ կապված խնդիր կար և հիմքը քանդվեց, այդ ներդրումների ժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թ. վերջ, ինչից հետո, Սահակյանի հավաստմամբ, կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան կրկես: