Վահե Էլոյան – Յուրի Վարդանյան դատական հակամարտությունը շարունակվում է
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցի քննությունը։
Վ. Էլոյանը դիմել է դատարան և պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև վճարել հարկադիր պարապուրդի ընթացքում կուտակված գումարը։
Դատական նիստի ընթացքում կողմերը հարցեր ուղղեցին միմյանց, մասնավորապես, այն մասին, թե ինչպես կարող էր լինել աշխատանքից ազատման մասին դիմում, եթե այդ դիմումից մեկ օր առաջ Էլոյանը նախարարի հրամանով նշանակվել էր նրա օգնականի պաշտոնում։
Կառավարության ներկայացուցիչ Ռաշիդ Գալստյանը պնդեց, որ Վ. Էլոյանին և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի միջև եղել է փոխհամաձայնություն այն մասին, որ Էլոյանը նշանակվելու է նախարարի օգնականի պաշտոնում։ Նշենք, որ Վ. Էլոյանը պնդում է հակառակը՝ նշելով, որ իրենց միջև համաձայնություն չի եղել։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014թ. հունվարի 31-ին։ Դատական այդ նիստի ընթացքում երկու կողմերը՝ պատասխանողը և հայցվորը, կներկայացնեն իրենց ապացույցները։