Ռուսական «Գազպրոմը» 1 դոլարով գնել է Ղրղզստանի պետական գազային ընկերությունը
Korrespondent.eu-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» 1 դոլարով գնել է «Ղրղզգազ» ընկերությունը: Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը երեկ ստորագրել է Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը մասնավորապես ենթադրում է «Գազպրոմի» կողմից մեկ դոլարով «Ղրղզգազ» պետական գազային ընկերության գնում:
Համաձայնագիրը «Գազպրոմին» պարտավորեցնում է 655 միլիոն դոլար ներդնել Ղրղզստանի գազային ոլորտում: Ղրղզստանի իշխանությունները ճիշտ են համարել նման համաձայնագրի կնքումը, քանի որ երկիրն ի վիճակի չի եղել անձամբ «Ղրղզգազը» դուրս բերել խոր պարտքերից:
Բացի այդ, երեկ Հայաստանի խորհրդարանն իշխող կուսակցության քվեներով վավերացրեց Ռուսաստանի հետ համաձայնագիրը, որով ռուսական «Գազպրոմին» անցավ «ՀայՌուսգազարդ» համատեղ ընկերության բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, որը մինչ այդ հանդիսանում էր Հայաստանի սեփականությունը:
Բացի այդ, Հայաստանն այդ միջկառավարական համաձայնագրով զրկվում է ինքնուրույն կերպ գազ ներկրելու իրավունքից, որը հետագա 30 տարիների ընթացքում՝ մինչև 2043 թվականը, ամբողջովին վերահսկելու է «Գազպրոմը»: Հայաստանը զրկվել է այդ ընթացքում գազի մատակարարման պայմանները փոխելու իրավունքից:
Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ու Ղրղզստանի նախագահները: Երկու երկրներն էլ նախկինում հայտարարել են եվրասիական այդ ինտեգրացիոն նախագծերին միանալու իրենց ցանկության մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեկ հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ Հայաստանը ավելի շուտ կանդամակցի Մաքսային միությանը, քան՝ Ղրղզստանը, քանի որ Հայաստանի պարագայում գործը շատ ավելի առաջ է գնացել, քան Ղրղզստանի դեպքում է: Ի դեպ, Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու իր ցանկության մասին հայտարարել է այս տարվա սեպտեմբերին, մինչդեռ Ղրղզստանը դա արել է դեռևս 2011 թվականին: