Հայաստանը կարող է Ղրղզստանից շուտ անդամակցել Մաքսային միությանը. Ուշակով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը կարող է Մաքսային միության մեջ մտնել Ղրղզստանից ավելի շուտ: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Վերջինիս խոսքերով՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ աշխատանքներն ընթանում են շատ արագ տեմպերով, համապատասխան «ճանապարհային քարտեզը» ստորագրվելու է վաղը.
«Կցանկանայի ընդգծել, որ հայկական հայտի դիտարկման համատեքստում շատ ինտենսիվ, շատ արագ տեմպերով են ընթանում փորձագետների աշխատանքները: Դա անգամ ինչ-որ տեղ գերազանցում է այն աշխատանքը, որը տարվում է Ղրղզստանի հետ»:
Նշվում է, որ վաղը Մոսկվայում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որում քննարկվելու է 2014 թվականի մայսին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման նախապատրաստությունը: Այն պետք է ստեղծվի 2015 թվականից՝ արդեն իսկ գործող Մաքսային միության հիման վրա:
Նիստում դիտարկվելու են նաև Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ու Ղրղզստանի հայտերը: Ուշակովը հաստատել է, որ Մոսկվայի վաղվա նիստում ստորագրվելու են Մաքսային միությանն այդ հանրապետությունների անդամակցության «ճանապարհային քարտեզները».
«Ղրղզական «ճանապարհային քարտեզը» նույնպես քննարկվելու է: Պարզապես այն պատրաստի այն փուլում չէ՝ համեմատած հայկականի հետ»: Ղրղզստանը Մաքսային միությանը միանալու իր մտադրության մասին հայտարարել է դեռևս 2011 թվականին, մինչդեռ Հայաստանը նման որոշում է ընդունել 2013 թվականի սեպտեմբերին՝ Մոսկվայում Ռուսաստանի ու Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի հանդիպման արդյունքներով: