Թանկից էժանը կա
Երեկ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, որ Հայաստանի իշխանությունները երբեք Իրանի հետ բանակցություններ չեն վարել գազ գնելու շուրջ: Այս հայտարարությունը սենսացիոն է ոչ միայն նրանով, որ այդկերպ Իրանի դեսպանը բացահայտել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից հանրությանը մոլորեցնելու հերթական փորձը (վերջին շրջանում դա կարծես այս պաշտոնյայի հիմնական առաքելությունն է), այլ նաև այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չի արել ավելի էժան գազ ներկրելու համար: Իսկ այն, որ Իրանը պատրաստ է Հայաստանին ավելի էժան գազ մատակարարել, քան Ռուսաստանը, պարզ է դառնում Իրանի դեսպանի մեկ այլ հայտարարությունից:
«Պետք է նստել, բանակցել, և գործարքը կնքելու պահին նոր կերևա, թե որ գազն է թանկ,- ի պատասխան հարցի՝ ռուսակա՞ն, թե՞ իրանական գազն է ավելի թանկ, ասել է դեսպանը՝ շարունակելով,- Մի բան էլ կագգուցե մի երկիր ինչ-որ մի երկրի 1000 խորանարդ մետրը վաճառի 400 դոլարով, մեկ այլ երկրի ցանկանա վաճառել 100 դոլարով: Դա կախված է երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունից»: Այսպիսով, Մոհամմադ Ռեյիսին հերքել է Արմեն Մովսիսյանի այն հայտարարությունը, թե իրանական գազը սահմանին արժե 400 դոլար՝ 1000 խ/մ-ի դիմաց:
Ակնհայտ է, որ Իրանի դեսպանը նման պատասխանատու հայտարարություն չէր անի, եթե համոզված չլիներ, որ «բանակցելուց» հետո իր երկիրը պատրաստ է Հայաստանին ավելի էժան գազ վաճառել, քան Ռուսաստանը: Բնականաբար, պատահական չէ նրա հայտարարության մեջ որպես օրինակ նշված 100 դոլար թիվը: Դա, իհարկե, չի նշանակում, թե Իրանը 100 դոլարով գազ կվաճառի Հայաստանին, պարզապես դեսպանը ցանկացել է հասկացնել, որ քաղաքական որոշում կայացնելու դեպքում գազի գինը կարող է նաև սպասվածից ավելի ցածր լինել: Ընդ որում, խոսքը մի երկրի դեսպանի մասին է, որն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ պատժամիջոցների վերացման դեպքում, եթե հարկ լինի, Իրանը պատրաստ է նավթի բարելի գինը նվազեցնել անգամ մինչև 20 դոլարի:
Այսինքն՝ Իրանից էժան գազ ստանալու հնարավորությունն առավել քան իրատեսական է: Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի էլ փորձել բանակցել Իրանից գազ ներմուծելու հարցի շուրջ: Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև դա թույլ չի տվել Ռուսաստանը: Որովհետև Ռուսաստանի հետ մեր «դարավոր բարեկամությունն» ու «ռազմավարական գործընկերությունը» ենթադրում է, որ Հայաստանը պարտավոր է գազ գնել միայն Ռուսաստանից: Իսկ այդ դեպքում գազի գնի շուրջ ոչ թե բանակցում են, այլ խոնարհաբար համաձայնում են այն գնին, որը որոշում են ռուսները: Հատկապես, որ նրանք նա— հնարավորություն են տալիս հասարակությանը գնի բարձրացման մասին տեղեկացնել երկու տարի անց, որպեսզի մինչև այդ իշխանությունը կարողանա վերարտադրվել: Այս օրերին իշխանության բոլոր ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե որքան կկազմեին Հայաստանի վնասները, եթե Ռուսաստանի հետ չկնքվեր վերջին գործարքը, և «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը չտրամադրվեր «Գազպրոմին»:
Իսկ որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե քանի միլիարդ դոլարի վնաս է կրել Հայաստանը, ասենք՝ 5 կամ 7 տարի առաջ Իրանի հետ չբանակցելով ու այսքան տարի ավելի էժան գազ չգնելով: Նման հարցադրումներին իշխանությունները, ամենայն հավանականությամբ, հակադարձելու են այն հանգամանքը, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ են գործում, և իրանական գազ գնելով` Հայաստանը կարող էր խնդիրներ ունենալ միջազգային հանրության հետ: Բայց այդ փաստարկներն այնքան թույլ են, որքան ռուսական գազի կալորիականությունը: Որովհետև նույն միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, տարիներ շարունակ ըմբռնումով է մոտեցել շրջափակման մեջ գտնվող Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերություններին: Հենց դրա արդյունքում է, որ տարիներ շարունակ Հայաստանը Իրանից գազ է ստանում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով: