Հայաստանում արտադրվող թունաքիմիկատներն ավելի ձեռնտու են
Հայաստանի թունաքիմիկատների շուկայում առկա պատրաստուկների մեծ մասը անհայտ ծագման են, հաճախ դրանք նաև անորակ ու ժամկետանց են, իսկ դրանց օգտագործումը ոչ միայն տնտեսապես վնաս է հասցնում ֆերմերներին, այլ նաև ունի կողմնակի շատ ավելի վտանգավոր և հեռահար ազդեցություն: Նման պատրաստուկների կիրառման արդյունքում, ըստ մասնագետների, օրինակ` միջատները ձեռք են բերում դիմացկունություն, իսկ հետագայում՝ նորմալ պատրաստուկների օգտագործման արդյունքում, դրանց ազդեցությունը նվազում է:
Այժմ հայաստանյան շուկայում թունաքիմիկատներ արտադրող միակ ընկերությունը` «Ագրոսայնս» գիտա-արտադրական ընկերութունը, որը ստեղծվել է 2010 թվականին, արտադրում է բավականին անվտանգ պատրաստուկներ: Դրանք տրամաբանական շարունակությունն են տասնամյակներ շարունակ տարվող գիտական տասնյակ հետազոտությունների, որոնք կատարել են ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Այդ գիտական հետզոտությունների արդյունքները ներկայացվել են ավելի քան 30 հոդվածների և գիտական զեկությումների տեսքով ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրի հեղինակավոր հանդեսներում:
Այժմ նշյալ գիտա-արտադրական ընկերությունը արտադրում է երկու տեսակի թունաքիմիկատներ` «Ցիպեր Մաքսի»-ն և «Ալիֆոս.Արմ»-ը. դրանք միջատասպաններ են և պայքարում են մոլախոտների դեմ:
168.am-ի հետ զրույցում «Ագրոսայնս» գիտա-արտադրական ընկերության գործադիր տնօրեն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյուղաատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում բազային լաբորատորիայի գիտական ղեկավար Արամ Միքայելյանն ասաց, որ նշյալ պատրաստուկներում կիրառված միացությունների ընտրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դրանք դասվում են աշխարհում ամենատարածված և ամենաանվտանգ թունաքիմիկատների շարքին:
«Դրանք շրջակա միջավայրում արագ քայքայվելու ունակություն ունեն, ընդ որում` քայքայման արգասիքներն անվտանգ միացություններ են, իսկ միջատների նկատմամբ արագ «նոկդաուն» ազդեցություն ունեն»,- ասաց Ա.Միքայելյանը՝ հավելելով, որ այժմ իրենց արտադրանքն իրացնում են միայն Հայաստանում:
Նրա փոխանցմամբ՝ այս տարի արտադրանքի մոտ 10 տոննա վաճառք են ունեցել, սակայն հայաստանյան արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն կա նաև դրսում, մինչդեռ այն արտահանելու համար, ըստ Ա. Միքայելյանի՝ հատուկ լիցենզիաներ են անհրաժեշտ, որոնց ձեռքբերումը ծախսատար է:
«Եթե մենք կարողանանք մեծացնել մեր արտարանքի ծավալները, արտադրատեսականին և ընդլայնել մեր շուկաները, ապա, բնականաբար, մեր արտադրանքի գինը կնվազի, սակայն այս ամենի համար մեզ կապեր և նոր համագործակցություններ են անհրաժեշտ»,- ասաց Ա.Միքայելյանը` նշելով, որ հենց այդ պատճառով էլ իրենք մասնակցում են Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսին, որտեղ ներկա են տեղական և արտասահմանյան վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ, գործարարներ:
Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է դրսից ներկրվող թունաքիմիկատների հետ մրցակցությունը, Ա. Միքայելյանը պատասխանեց. «3-րդ աշխարհի` չինական, թուրքական և այլ տեղերիրց ներկրվող նման արտադրանքների հետ գինը նույնն է կամ համարժեք է, սակայն տեղական արտադրանքն ավելի ձեռնտու է, քանի որ մեկ հեկտարի վրա ավելի քիչ է օգտագործվում տեղական թունաքիմիկատը, քան օրինակ չինական թունաքիմիկատը, իսկ ազդեցությունը նույնն է: Այսինքն` որակը հաշվի առնելով՝ մերն ավելի ձեռնտու է»:
Տեղեկացնենք, որ «Գաղափարից դեպի շուկա» վենչուրային կոնֆերանսը, որը մեկնարկել է այսօր, կշարունակվի նաև վաղը, իսկ երեկոյան տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ և կհայտարարվեն մրցույթի հաղթողներն ու կստանան դրամական պարգևներ: