Բաժիններ՝

Բագրատ Ենգիբարյան. Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի 90%-ից ավելին շարունակականություն ունեն

Այսօր` դեկտեմբերի  5-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց ամենամյա Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսը: Կոնֆերանսը մեկնարկեց պանելային քննարկմամբ, որը վերաբերում էր հայաստանյան և արտասահմանյան աղբյուրներից ներդրումների ներգրավում տեխնոլոգիական ընկերությունների գործունեության վաղ շրջանի համար: Միջոցառմանը մասնակցում էին տեղական և արտասահմանյան վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ, գործարարներ:

Կոնֆերանսի ընթացքում հայ-ամերիկյան գնահատող հանձնաժողովի առջև ներկայացվում են 25 ներդրումային ծրագրեր, որոնք «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մշակվել են հայ հետազոտողների, նորարար թիմերի և սկսնակ ընկերությունների կողմից՝ տեղեկատվական, բարձր և բիո-տեխնոլոգիաների, ինչպես նաև ճարտարագիտության ոլորտներում:

Իսկ թե ի՞նչ է սպասվում հաղթողին և ընդհանրապես այս ծրագրի կարևորության մասին 168.am-ը զրուցեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիտարյանի հետ: Նրա խոսքով` ներկայացված 25 թիմերից 5 հաղթող է ընտրվելու` 2 ուղղությամբ: Ըստ նրա՝ այս տարի հայտ էր ներկայացրել 70 թիմ, ինչը ոչ միայն ոգևորիչ է, այլ նաև բավականին դժվար` ընտրություն կատարելու առումով:

«Մենք 70-ից ընտրել ենք 25-ին, նման բան դեռ չէր եղել, միշտ դիմում էին 30-40 թիմ, որոնցից վերջում ընտրվում էին 10-ը»,- ասաց Բ. Ենգիբարյանը:

Կարդացեք նաև

Qnnarkum01

Նրա խոսքով` այս տարի երկու ուղղություն է ընտրվել. առաջինը` ստարտափների (նորաստեղծ ընկերությունների) աջակցությունն է: 3 թիմ կստանա 5000 դոլար, ինչպես նաև Միացյալ նահանգներ այցելության հնարավորություն, որտեղ տարբեր հանդիպումներ կունենա հավանական ներդրողների, վենչուրային ֆոնդերի և աջակցության տարբեր հիմնադրամների ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա լրացուցիչ ֆինանսավորում բերել: Երկրորդ ուղղությունը, Բագրատ Ենգիբարյանի փոխանցմամբ՝ վերաբերում է գաղափարի և դրա նախատիպը ունեցող թիմերին. այս ուղղությամբ հաղթող կճանաչվի 2 թիմ, որոնք կստանան 15.000 դոլար:

«Այս աջակցությունները շատ կարևոր են, որպեսզի հետագայում այդ ծրագրերի հեղինակները կարողանան որոշակի գաղափարի արդյունքում ստեղծված սարքերը և նախատիպերը ներկայացնել, օրինակ` վենչուրային հիմնադրամներին կամ որոշ ընկերություններին: Այսինքն մյուս ներդրողներին, իսկ նրանց ներկայացնելու համար տվյալ գաղափարը պետք է որոշակի ճանապարհ անցած լինի և որոշակի արդյունք ունենա»,- ասաց Բ.Ենգիբարյանը:

Նրա խոսքով` վերջին տարիներին թիմերն այս մրցույթին ներկայանում են ոչ միայն թղթի վրա գրված գաղափարով, այլև ավելի հստակ ծրագրերով: «Օրինակ` նրանց հետ մինչ կոնֆերանսը 3-4 ամիս ԱՄՆ-ի փորձագետներն օնլայն mentor-ություն են անում (ուսուցանում են, խորհուրդներ են տալիս), իսկ այնուհետև Հայաստանում երկու օր՝ մինչ կոնֆերանսի մեկնարկը, աշխատել են առանձին թիմերի հետ: Այսինքն` իմաստն այն է, որ ոչ թե այդ թիմերը գան այդ գումարները շահելու, այլ իրականում ունենան ծրագիր, որը հետաքրքիր է ֆինանսավորման համար: Այսինքն`որպեսզի իրականում վենչուրային կոնֆերանսը դառնա ոչ թե դրամաշնորհ շահելու կոնֆերանս, այլ վենչուրային կոնֆերանս, իսկ դրամաշնորհն ուղղակի առիթ լինի մասնակցելու համար»,- ասաց Բ. Ենգիբարյանը: Ըստ նրա՝ հաճախ Հայաստանում որևէ մրցույթ հայտարարվելու դեպքում մարդիկ սկսում են մտածել մրցույթում շահելու մասին, իսկ երբ չեն շահում, այլևս չեն զբաղվում այդ գործով:

«Մեր ցանկությունն է, որ մարդիկ իրականում իրենց հավատացած գաղափարի վրա աշխատեն, իսկ հետո նոր միայն փորձեն դրա համար ֆինանսավորման աղբյուրներ գտնել և ոչ թե հակառակը: Այսինքն`դա չի նշանակում, որ եթե ծրագիրը չհայտարարեն, դու այդ գաղափարի շուրջ չէիր աշխատելու»,- ասաց Բ. Ենգիբարյանը:

Ըստ նրա` վերջին 3 տարում այս ուղղությամբ մտածելակերպի փոփոխություն է նկատվում ինչպես նորաստեղծ ընկերությունների, այնպես էլ՝ սկսնակ երիտասարդների շրջանում, ինչը հուսադրող է:

Ինչ վերաբերում է նախորդ տարիների արդյունքներին, և նրան, թե նախկինում ներկայացված գաղափարներից քանիսն են կյանքի կոչվել մեր զրույցակիցն ասաց, որ ծրագրի արդյունքները տեսանելի են. «Իրականում ծրագրի դիմորդները գնալով շատանում են, ինչը խոսում է այս ծրագրի օգնությամբ ստեղծած հաջողության պատմությունների մասին: Նմանատիպ ծրագրեր արվում են նաև Ղազախստանում, Ուկրաինայում և Վրաստանում, սակայն Հայաստանը շատ առաջ է իր հաջողություններով և համարվում է լավագույն STEP-ի ծրագիրը ամբողջ տարածաշրջանում, և դա ոչ թե լավ կազմակերպելու կամ սուրճի ընդմիջման մասին է խոսքը, այլ ծրագրերի, որոնք նախևառաջ որակյալ ծրագրեր են, և բացի այդ, այն, որ ամենակարևորն է, այդ ծրագրերի մոտ 90%-ից ավելին ունեն շարունակականություն»,- ասաց Բ.Ենգիբարյանը` նշելով, որ նախորդ տարիներից մոտ 10 ծրագիր աշխարհով մեկ արդեն համարվում է հաջողված ծրագիր: Այսինքն` այս կերպ շատերը կարողացան ոչ թե հաջողվել, այլ նաև լրացուցիչ ֆինանսավորում բերել ու ինչու ոչ՝ այժմ գումար են վաստակում:

Ըստ Բ. Ենգիբարյանը ծրագրի գործունեության 7 տարների ընթացքում միջինում 140 և ավելի ծրագրեր (գաղափարներ) են կյանքի կոչվել:

Տեղեկացնենք, որ «Գաղափարից դեպի շուկա» վենչուրային կոնֆերանսը կշարունակվի նաև վաղը: Վաղը երեկոյան տեղի կունենա մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ և կհայտարարվեն մրցույթի հաղթողները:

Նշենք, որ Վենչուրային ֆորումը կազմակերպվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս