Բաժիններ՝

Գարի Ֆոուլեր. «Մի՛ եղեք զուտ երազողներ»

Նոյեմբերի 28-29-ը Երևանում տեղի ունեցավ ArmNet ամենամյա միջազգային կոնֆերանսը և համահայկական վեբ-մրցանակաբաշխությունը: Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան ոլորտի ինչպես` հայ, այնպես էլ` միջազգային հայտնի փորձագետները` ռուսաստանյան «Սկոլկովո» Ստարտափ ակադեմիայից: ArmNet-ին մասնակցելու համար Հայաստան էր եկել նաև Գարի Ֆոուլերը:
Հարցազրույց Fowler International ընկերության տնօրեն, «Սկոլկովո» Ստարտափ ակադեմիայի պրոֆեսոր Գարի Ֆոուլերի հետ:

– Պրն. Ֆոուլեր, Ձեր ելույթում նշեցիք, որ ամեն բան հնարավոր է, եթե հավատում եք…

– Այո, իրականում, երբ հետևեք ամենահաջողակ մարդկանց կամ ընդհանրապես հաջողության հասած մարդկանց կյանքին և գործունեությանը, կտեսնեք, և անգամ նրանք Ձեզ կասեն այդ մասին, որ հաջողության բանալին հավատի մեջ է: Եթե Դուք չեք հավատում ինքներդ Ձեզ, ապա ոչ ոք չի հավատա Ձեզ: Ուրեմն Դուք պետք է հավատաք այն ամենին, ինչ անում եք: Երբեք մի ասեք՝ կփորձեմ, վստահ չեմ, և այլն, նման բաներ: Ես, օրինակ, երբեք չեմ վստահի մի մարդու կամ ընկերության, որն ինքն իրեն չի վստահում: Հավատը դեպի հաջողություն տանող առաջին քայլն է: Դուք պետք է հավատաք Ձեր երազանքներին, պետք է հավատաք, որ Դուք կարող եք, և ինքներդ Ձեզ ասեք. «Այո, ես կարող եմ»: Եթե ուղղակի ասեք՝ «կփորձեմ, գուցե և հաջողեմ», ապա դա չի աշխատի:

Դրականորեն տրամադրվելը ևս շատ կարևոր է: 30 տարիների իմ փորձառությունից (Գ. Ֆոուլերն աշխատել է Siemens, Oracle և այլ հայտնի ընկերություններում.- Լ.Մ.) կարող եմ ասել, որ հաջողության հասնելու համար հավատը և դրական տրամադրվածությունը չափազանց կարևոր են: Լավ աշխատանք կատարելու միակ ճանապարհը, սակայն, այդ աշխատանքը սիրելն է, ինչպես ասում էր Սթիվ Ջոբսը: Աշխատելիս դուք պետք է վայելեք այն (enjoy it), այսինքն` սիրեք այն, ինչ անում եք: Գործում կարևորը կիրքն է, սակայն, բացի դա, Դուք պետք է անպայման սիրեք նաև ինքներդ Ձեզ: Ուզում եմ, որ իմանաք՝ Դուք հրաշալի եք, զարմանահրաշ եք:

Կարդացեք նաև

Հիշե՛ք, կարևոր չէ, թե Դուք ի՞նչ եք վաճառում, մարդիկ պետք է սիրեն Ձեզ, իսկ մարդկանց գրավելու համար Դուք շատ քիչ ժամանակ ունեք, պետք է գրավեք նրանց մի քանի վայրկյանում: Իրականում շատերին թվում է, որ իրենք երկար ժամանակ ունեն, սակայն` ոչ, իրականում դա կարող է լինել ընդամենը Ձեր առաջին մի քանի վայրկյանը: Մարդիկ Ձեզ կամ Ձեր ապրանքը տեսնելիս կամ Ձեր ընկերության մասին լսելիս` պետք է ասեն` «WOW!»:

Այս առումով չափազանց կարևոր է նաև ընկերության անվանումը, որն, իհարկե, որոշակի զգացողություններ պետք է առաջացնի մարդկանց մոտ: Պետք է տարբեր ձևով մտածել: Իհարկե, մարդիկ չեն ցանկանում ձախողվել, սակայն իրականում, երբ սխալ եք գործում, պետք է մտածեք, որ դա սխալ չէ, դուք պարզապես անում եք մի բան ու սովորում եք դրանից, և վե՛րջ: Այսինքն` փորձառություն եք ձեռք բերում: Այսպիսով Դուք պետք է հավատաք ինքներդ Ձեզ և Ձեր արած գործին, դրական մտածեք, սիրեք ինքներդ Ձեզ, տարբեր կերպ մտածեք և անպայման որոշակի ծրագիր ունեցեք: Դուք, իհարկե, պետք է երազեք, սակայն նաև առաջ շարժվեք, և հիշեք, որ հիմա՛ և այստե՛ղ է հնարավորությունը:

– Խոսցիք նաև Սփյուռքի մասին, այն լուրջ պոտենցիալի, որ մենք ունենք և կարող ենք արդյունավետ կիրառել: Ծանո՞թ եք հայկական մեծ սփյուռքին:

– Ոչ, պարզապես ես հույն եմ, և այս առումով մենք նման ենք: Մենք ևս ունենք մեծ սփյուռք: Դրսում բնակվող հայերն իրականում ցանկանում են կապ ունենալ Հայաստանի հետ, այսպիսով Դուք պետք է օգտագործեք այս հնարավորությունն ավելի արդյունավետ ձևով: Սփյուռքում գտնվող հայերից շատերն իրականում հաջողակ մարդիկ են` գործարարներ, գիտնականներ և այլք։ Դուք պետք է ավելի ամուր կապեր հաստատեք նրանց հետ:

Իրականում նրանք ցանկանում են իմանալ, թե ինչո՞վ եք Դուք զբաղվում, սակայն, միևնույն ժամանակ, ցանկանում են նաև վստահ լինել, որ Դուք վստահելի մեկն եք, որ հոգ կտանեք նրանց մասին, և նրանք կարող են վստահ լինել, որ կարող են հենվել Ձեզ վրա: Այսպիսով, Դուք պետք է վստահելի հարաբերություններ ստեղծեք և ամուր կապեր հաստատեք դրսում բնակվող հայերի հետ, այդ մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնեք, և այդպիսով ներդրումներ ներգրավեք դեպի Հայաստան:

– Սփյուռքի հետ կապված ի՞նչ կարող ենք անել:

– Կասեմ այն մասին, ինչ ինքս կանեի անպայման. ես ստեղծեի ձեռնարկատիրական սոցիալական ցանց, որը հնարավորություն կտար մարդկանց շփվել միմյանց հետ, իսկ հետագայում` գուցե և համագործակցել: Այս կերպ մարդիկ, ովքեր ունեն բիզնես, գումար և փորձառություն, տարբեր երկրներից կկարողանան շփվել միմյանց հետ, և, ինչո՞ւ ոչ, նաև աշխատել միասին: Աշխարհի տարբեր վայրերում գտնվող մարդիկ ասես կետեր են, սակայն այս կետերը միմյանց միացնելը կարող է որոշակի նշանակություն և իմաստ ունենալ, մինչդեռ առանձին կետերը կարող են և որևէ փոփոխություն չարձանագրել: Ցանց ասելով՝ ես նկատի ունեմ ստեղծել համագործակցության համայնք, որը կկապի բոլոր հայերին:

– Չգիտեմ, լսե՞լ եք, թե՞ ոչ, մենք ունենք նման մի հայկական սոցիալական ցանց, որը կոչվում է` Hayland.am, այն, ինչ-որ կերպ նման է Facebook-ին, որը միավորում է հայերին թե՛ Հայաստանից, թե՛ տարբեր երկրներից. նմա՞ն բանի մասին եք ասում:

– Անկեղծ ասած՝ ես այդ մասին չեմ լսել, սակայն մի բան ակնհայտ է. որքան շատ կապեր ունեք, այդքան մարդ կարող է օգնել Ձեզ: Այսպիսով, պետք է հաշվի առնել, որ դրսում բնակվող այդ մարդիկ կարիք ունեն իմանալու ավելին այն մասին, թե Դուք ինչո՞վ եք զբաղվում, որպեսզի կարողանան օգնել Ձեզ: Օրինակ, «Թումո» կենտրոնի օրինակն ինձ հաճելիորեն զարմացրեց, դա Հայաստանի զարգացման բանալիներից մեկն է և կարող է Հայաստանի զարգացման տարբերակներից մեկը լինել, ոչ մեկը նման բան չունի, իսկ Դուք ունեք, պարզապես պետք է այդ ամենը ֆորմալ ցանցի վերածել:

Այդ երեխաներն օգնում են Հայաստանի զարգացմանը, սակայն, այս ուղղությամբ կան շատ գործեր, որոնք պետք է կատարեք: Իրականում Դուք ստեղծել եք մի զարմանալի բան («Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին է.- Լ.Մ.), բայց միևնույն ժամանակ` մի բան, որը կարող է նաև վատ բան լինել, որովհետև այդ կենտրոնի սաներն այդտեղ սովորելուց հետո կարող են գնալ դրսում սովորելու կամ աշխատելու: Այսինքն` նրանք այնուհետև լայն հնարավորություններ կունենան դրսում մեծ գումարներ աշխատելու, իսկ այդպիսով Դուք կարող եք նաև կորցնել նրանց: Հենց դա է պատճառը, որ Դուք պետք է ստեղծեք նորաստեղծ ընկերությունների համայնք կամ ցանց և պետք է ցույց տաք նրանց, թե ինչպես նրանք կարող են բարձր վարձատրվող աշխատանքներ ստանալ նաև Հայաստանում:

Այդ ամենը պետք է հիմա անեք, այլապեսգ Այդ պատանիներն իրականում շատ լավն են, օրինակ, տպիչներով տպիչներ են տպագրում (3D տպիչներ տպագրելու մասին է), և այլն: Նման մակարդակի տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող պատանիների ես չեմ տեսել որևէ այլ երկրում, մինչդեռ ես բազմաթիվ երկրներում եմ եղել, և, բացի այդ, տեղյակ եմ, թե ի՞նչ է կատարվում շատ երկրներում, սակայն նման բան չեմ տեսել: Այս ամենը նշանակում է, սակայն, որ Դուք պետք է հզորացնեք նաև Ձեր համալսարանների ծրագրերը, ստեղծեք աշխատատեղեր կամ նորաստեղծ ընկերություններ, ցանկացած բան, անեք ամեն բան նրանց այստեղ պահելու համար, այլապես նրանք ուղղակի կհիասթափվեն և կգնան այստեղից:

Այսինքն, այն, ինչ արվում է «Թումոյում», հրաշալի է, սակայն, եթե այն շարունակություն չգտնի, այդ երիտասարդներն ուղղակի կլքեն Հայաստանը, քանի որ նրանք ունեն շատ հնարավորություններ` մի քանի անգամ ավելի լավ վարձատրվել դրսում, հետևաբար ինչո՞ւ պետք է մնան Հայաստանում: Իրականում իմ ասածն իրագործելի բան է, և կարող եք դա անել, ուղղակի այստեղ ստեղծեք ստարտափ հանրույթ, և վերջ:

– Ո՞վ պետք է հանձն առնի այդ գործը` կառավարությո՞ւնը, թե՞ մասնավոր ընկերություններն ու միությունները:

– Կառավարությունը, մասնավոր հատվածը պետք է ներգրավված լինեն: Կառավարությունը, իհարկե, պետք է որոշակի դրամաշնորհներ տրամադրի, որպեսզի կարողանա շրջանառության մեջ դնել այդ ամենը և օգնի այս երեխաներին այդ ամենի մեջ ներգրավելու գործում: Ինչպես, օրինակ` «Սկոլկովոյում» է, որտեղ տաղանդավոր երիտասարդները կարողանում են ընկերություններ ստեղծել և ձեռնարկատեր դառնալ: Պարզապես մի՛ խոսեք, այլ` գործեք:

Շատ մարդիկ են խոսում, իսկ նրանք երբևէ որևէ բա՞ն են անում, ոչ, նրանք պարզապես երազողներ են, մի եղեք զուտ երազողներ, այլ ուղղակի`գործեք: Դուք այստեղ ունեք այդքան խելացի մարդիկ, տաղանդավոր պատանիներ, ուղղակի օգտագործեք այդ ամենը: Օրինակ` «Թումոում» կա ստարտափներ ստեղծելու ամենալավ պոտենցիալը, որ ես երբևէ տեսել եմ, ուղղակի գործեք:

– Ո՞րն է Ձեր խորհուրդը հայ երիտասարդ մասնագետներին, ո՞ր ուղղություններով նրանք պետք է ստարտափներ ստեղծեն, որպեսզի հաջողության հասնեն:

– Գլոբալ տենդենցներին պետք է նայել, դրանք բոլորը հիմնված են սոցիալական ցանցերի, ալգորիթմների ավտոմատացմանը, մեծ տվյալների ուղղությամբ և այլն, հետևեք այդ տենդենցներին: Դրանք բոլորը հիմնված են գիտության վրա, ավտոմատացման վրա, և այլն: Դուք ունեք այստեղ լավ մարդիկ, օգտագործե՛ք նրանց, հետևեք գլոբալ տենդենցներին, օգնե՛ք մարդկանց, ովքեր գալիս են «Թումո» և այլուր` Ձեզ հետ աշխատելու նպատակով, և Դուք կհաջողեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս