… Եվ քեզ նման հստակ ու մեծ, ո՜վ պողպատե առաջնորդ…
Միջին տարիքի կանայք ու տղամարդիկ են: Իջնում են ավտոբուսներից ու համերաշխ խմբերով շարժվում նույն ուղղությամբ: Այն, որ նրանք ունեն ընդհանուր նպատակ, մատնում է յուրաքանչյուրի ձեռքին ծածանվող, այս դեպքում` տատանվող, փոքրիկ, թղթե դրոշակը` Ռուսաստանի Դաշնության դրոշի գույներով:
Բոլորի հանգման կետը նույնն է` հայ և ռուս քույր ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ: Ովքե՞ր են տխուր այս երթի մասնակիցները, որտեղի՞ց են նրանց պեղել, և ինչո՞ւ են նրանք այսքան շատ: Ընդ որում` նրանցից յուրաքանչյուրն իր նվաստացած կերպարով համառորեն փորձում է խորհրդանշել ռուս ժողովրդի հետ իր բարեկամությունը: Եվ դա անելու համար առավոտ կանուխ, աշխատանքի գնալու փոխարեն, քայլերը նրանց բերել են այստեղ՝ կաթոլիկ եկեղեցու սգակիր կույսերի հիշեցնող հուշարձանի մատույցներ…
Առավել նվաստացուցիչ էր հետևել բուն հուշարձանի բացման արարողությանը: Այդ իսկ պատճառով ինքս նախընտրեցի չհետևելը. մի տեսակ անհարմար էր:
Մեր բարձրաստիճան պաշտոնյաները ՌԴ նախագահի այցին սպասում էին նույն ազնիվ շփոթվածությամբ, ինչպես Լյապկին-Տյապկինը, Դոբչինսկին և Բոբչինսկին` ռևիզորին: Պուտինի այցից առաջ Գյումրիին փորձում էին ներկայանալի տեսք հաղորդել: Նախ` քանդած մայթերին, որոնք վերանորոգելուն անգամ Պուտինի այցը չէր կարող օգնել, փռվեց արհեստական գազոն, ինչը ստեղծեց հաճելի, գարնանային եղանակի իմիտացիա: Հնարավորինս արագ ասֆալտապատվեց Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շուրջբոլորը, տնկվեցին եղևնիներ: Կայծակնային արագությամբ վերանորոգեցին թատրոնի դահլիճը, սրահը. դեպքերը զարգանալու էին դրամատիկականում: Թեև այն սյուժեն, որով առաջնորդվում էին Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները, այն հասկանալի շփոթությունը, որ անակնկալ վրա էր հասել ՌԴ նախագահ Պուտինին տեսնելու հաճույքից, առավել հարմար կլիներ ներկայացնել հումորի և սատիրայի թատրոնում:
Սակայն երեկ Գյումրին` արժանապատիվ ու տոհմիկ այդ քաղաքը, կաթվածահար էր: Երբ Դյումա հայրը Թբիլիսիում էր (1856-57թթ.), և արդեն հայտնի էր, որ պատրաստվում է հաջորդ օրն այցելել քաղաքի գրախանութներից մեկը, գրախանութի տերը հավաքում է իր գրախանութի բոլոր գրքերն ու գրադարակները լցնում Դյումայի ստեղծագործություններով: Գալիս է Դյուման, նայում շուրջն ու զարմացած հարցնում. «Միայն ի՞մ գրքերն են… Իսկ ո՞ւր են մյուս հեղինակների գործերը»: Գրախանութի տերը` հարցից անակնկալ` պատասխանում է. «Վաճառվել են»:
Բարձրաստիճան հյուրին հաճելի լինելու նույն հիմնավորմամբ գյումրեցիներին արգելել էին երևալ նրա աչքին: Ժրաջան տնտեսուհիներին արգելվել էր լվացք փռել. հին հայկական սովորություն է` սպիտակեղենն այլոց առաջ չփռել: Ամենագլխավորը` արգելված էր հուղարկավորել հարազատներին. ի՞նչ կարիք կա շտապել բաժանվել հանգուցյալից. համաձայնեք, նրա հետ անցկացրած լրացուցիչ մեկ օրն անմոռանալի է: Այսինքն` քաղաքում բնականոն կյանքի բոլոր դրվագները սառեցվել էին:
Եվ չէր մտածել Սերժ Սարգսյանը, թե ի՞նչ է պատասխանելու հարգելի Պուտինին, եթե վերջինս անկեղծորեն հետաքրքրվի. «Իսկ ո՞ւր են քաղաքի բնակիչները»: Անհարմար իրավիճակից դուրս գալու համար ՀՀ նախագահը կպատասխաներ. «Ռուսաստանում»:
ՌԴ նախագահը Հայաստան առաջին անգամ չի գալիս, և նրա նախորդ այցերն այսքան լարված արձագանք չէին գտնում: Թվում է` ավելի մեծ նվաստացում հայերիս համար այլևս հնարավոր չէր. «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով Հայաստանի լավագույն ձեռնարկություններն անցել են Ռուսաստանի տնօրինության տակ, ռուս բարձրաստիճան ղեկավարները չեն էլ թաքցնում իրենց արհամարհանքը հայերիս հանդեպ` մեր երկիրը համարելով Ռուսաստանի ֆորպոստը, Ադրբեջանին զենք են վաճառում, և այլն: Ռուսաստանը հզոր պետություն է և վարում է այն քաղաքականությունը, որն իրեն ձեռնտու է:
Սա հասկանալ հնարավոր է: Սակայն, երբ այս ամենին լծվում են հայ պաշտոնյաները` ռուսաց լեզվին մեր երկրում հատուկ կարգավիճակ տալու նախաձեռնությամբ, երբ ռուս պաշտոնյաների առաջ ծռվում են այնքան, որքան թույլ է տալիս ռադիկուլիտը, երբ Հայաստանն այնպես են ներկայացնում, որ ՌԴ նախագահն այստեղ իրեն տանտեր է զգում, սա արդեն ոչ մի կերպ հասկանալ հնարավոր չէ: Եվ հենց դա էր ստիպել իրենց հարգող մեր քաղաքացիներին` երեկ դուրս գալ փողոց` «Ազատ, անկախ Հայաստան», «Սերժիկ, հեռացի՛ր», «Պուտին, հեռացի՛ր» բովանդակությամբ կարգախոսներով:
Իհարկե, բողոքի ալիքի համար բարոյական ազդեցություն ունեցան նաև Կիևում տեղի ունեցող իրադարձությունները: «Մայ-դան, Մայ-դան» վանկարկումները, սակայն, մեր դեպքում այնքան էլ իրատեսական չէին:
Նախ` շատ են այնպիսի քաղաքացիները, որոնք պատրաստ են առավոտ շուտ ՌԴ դրոշներով շտապել հայ-ռուսական բարեկամության հուշարձանին իրենց հարգանքի հավաստիքը փոխանցելու: Եվ հետո, ակտիվ այն զանգվածը, որը կարող է հստակ գործել, նախընտրում է սոցցանցերը: Սոցցանցը շեղում է ուշադրությունը. քեզ սկսում է թվալ, թե պայքարի կիզակետում ես, ահա, հարվածում ես ընկերոջդ քաշքշող ոստիկանին, իսկ պայքարի արդյունքում` հայտնվում է նոր ստատուս:
Հետաքիքիր մի պատմություն կա. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները շատ մտահոգ էին` իմանալով, որ անգլիացիներն աշխատում են հատուկ ռադիոլոկացիոն սարքավորումների վրա, որոնցով կարելի է հայտնաբերել ու ոչնչացնել թշնամու ինքնաթիռները: Ի՞նչ արեցին գերմանացիները. նրանք թշնամական նախագծային այդ բյուրո գործուղեցին իրենց գործակալներին, որոնք այնպես, իմիջիայլոց, սեղաններին թողեցին մի քանի գլուխկոտրուկներ (ռուբիկ-կուբիկի տիպի): Անգլիացի գիտնականները մի քանի շաբաթ կորցրեցին հետաքրքրությունը լոկատորների հանդեպ: Իսկ պատերազմը շարունակվում էր:
Անկախ նրանից` մեր երկրի, ինքներս մեր հանդեպ հարգանքը դրսևորվում է ստատուսով կամ Բաղրամյան 26 երթ կազմակերպելով, թող որ կարճաժամկետ ակցիաներով, դա անհամեմատ ավելի արժանապատիվ է, քան Հայաստանում ՌԴ դրոշակներով փողոցում հայտնվելը: Կամ ռուս երկրորդ ռանգի պաշտոնյայի առաջ այնպես ժպտալը, որ հետո դեմքը ելման կետի բերելու համար լրացուցիչ ժամանակ է պահանջվում:
Հ.Գ. Վերնագիրը Նաիրի Զարյանի «Ստալին» բանաստեղծությունից է: