Որոշ բանկեր սիրում են վարկ տալ մեկ անձի կամ էլ՝ «իրենց մարդկանց»
ՀՀ կենտրոնական բանկն առևտրային բանկերի համար սահմանում է հիմնական տնտեսական նորմատիվները և դրանց չափերը: Վերջիններս միասնական են բոլոր բանկերի համար, և դրանց խախտումը չի թույլատրվում:
Նորմատիվների շարքում գոյություն ունեն այնպիսիք, որոնց նպատակը վարկային ռիսկի նվազեցումն է: Օրինակ, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը: Այն սահմանվում է որպես բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի՝ բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ: Հայաստանում այդ առավելագույն չափը 20% է կազմում: Այսինքն, հայաստանյան առևտրային բանկը չի կարող իր ընդհանուր կապիտալի 20%-ից ավելի գումարով վարկ տրամադրել մեկ անձի (իրավաբանական կամ ֆիզիկական) կամ նրա հետ փոխկապակցված անձանց: Որովհետև եթե այդ անձը հանկարծ սնանկանա ու չկարողանա իր պարտավորությունները կատարել բանկի նկատմամբ, ապա բանկը կհայտնվի բավական վատ ֆինանսական վիճակում:
2013թ. առաջին 9 ամիսների գործունեության արդյունքներով, Հայաստանում ոչ մի բանկ այդ նորմատիվը չի խախտել: Բանկային համակարգում միջինում այդ նորմատիվը կազմել է 16,22%: Սակայն հետաքրքիր է, որ կան բանկեր, որոնք մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվով գրեթե սահմանագծի վրա են, ինչից կարելի է եզրակացնել, որ այդ բանկերն ունեն իրենց խոշոր հաճախորդը, որին էլ վարկավորում են: Առաջին տեղում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն է (19,40%), երկրորդ տեղում՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն (18,95%), երրորդ տեղում՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ն (18,74%):
Գոյություն ունեն նաև նորմատիվներ, որոնք սահմանափակում են բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի չափը: Բանկին չի թույլատրվում իր ընդհանուր կապիտալի 5%-ից ավելի գումարով վարկ, այլ փոխառություն, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրել իր հետ կապված անձին (բանկի հետ կապված բոլոր անձանց գծով թույլատրելի սահմանաչափը կազմում է 20%): Այս նորմատիվներով նույնպես հայաստանյան բանկերը խախտում չունեն. ավելին, նորմատիվների միջին մեծությունը բարվոք է (մի դեպքում՝ 2,56%, մյուս դեպքում՝ 9,49%): Սակայն, գոյություն ունեն բանկեր, որոնք սիրում են իրենց հետ փոխկապակցված անձանց խոշոր վարկեր տրամադրել: Օրինակ, «Արցախբանկ» ՓԲԸ-ն իր հետ կապված մեկ անձին տրամադրել է իր ընդհանուր կապիտալի 4,78%-ի չափով վարկ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն՝ 4,74%-ի չափով, իսկ , «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն՝ 4,48%-ի չափով: Բանկի հետ կապված բոլոր անձանց տրամադրված ընդհանուր վարկերի տոկոսային մեծությամբ առաջատարը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն է (19,06%), այնուհետև՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ն (17,92%) և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն (16,30%): Փոքր չեն նաև մյուս նորմատիվների գծով առավել ռիսկային համարվող երկու այլ բանկերի կողմից իրենց հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի չափերը. «Արցախբանկ» ՓԲԸ-ի այս նորմատիվի մեծությունը կազմում է 16,06%, իսկ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ինը՝ 14,15%:
ԱՐՍԵՆ ԱԲԳԱՐՅԱՆ