Շանթ Հարությունյանը քաղկալանավո՞ր է, թե՞ քրեական հանցագործ
Ո՞վ է Շանթ Հարությունյանը. քաղաքական գործի՞չ, թե՞ խուլիգան, ինչպե՞ս պետք է վերաբերվել Շանթ Հարությունյանին այսօր. որպես քաղկալանավորի՞, ով կալանավայրում է հայտնվել իր քաղաքական հայացքների և իշխանության դեմ ուղղված գործողությունների համար, թե՞ քրեական հանցագործի, ով Երևանի կենտրոնում իր մի խումբ կողմնակիցների հետ ծեծուջարդ է սարքել ոստիկանների հետ: Նրան փորձում են վարկաբեկել տարբեր միջոցներով. ներկայացնելով որպես նախկին ոստիկան, ով իրավունք չունի դատել գողական հասկացություններով` «պանյատներով», փորձում են ներկայացնել` որպես հոգեպես անհավասարակշիռ մարդու, ով իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչի կարող են հանգեցնել իր կոչերը և գործողությունները, ծայրահեղական ազգայնամոլի, ում կողմնակիցներն իրենց դեմ բռնություն կիրառող կամ բռնությանը հակազդող ոստիկաններին անվանում էին «թուրքեր»:
Ինչպես հայտնի է, Շանթ Հարությունյանը կալանավորվել է խորհրդային տարիներին, և այն ժամանակ նա քաղկալանավոր էր: Հարությունյանը հետապնդվում էր հակախորհրդային քարոզչության համար և բանտից ազատվեց Խորհրդային Միության փլուզման արդյունքում, որից հետո նրան համարում էին քաղկալանավոր: Երկրորդ անգամ նա կալանավորվեց 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, և այն ժամանակ ևս ՀԱԿ-ը և ընդդիմադիր մյուս ընդդիմադիր գործիչները նրան ճանաչում էին որպես քաղկալանավորի: Իշխանությունը, ի վերջո, ազատ արձակեց մարտի 1-ի դեպքերի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, բայց Շանթ Հարությունյանը միակն էր, ում ազատ արձակեցին հոգեբուժական հիվանդանոցում պահելուց հետո և ազատ արաձակելը հիմնավորեցին նրա անմեղսունակությամբ: Շանթ Հարությունյանը հայտարարում էր, որ ինքը հոգեբուժական հիվանդանոց է տարվել ռուսական հատուկ ծառայությունների պատվերով, և հնարավոր է, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնեն: Ավելի ուշ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ իր ֆիզիկական ոչնչացումը չիրականացավ միայն ամերիկացիների միջամտության արդյունքում:
Ինչպե՞ս են այսօր Շանթ Հարությունյանին վերաբերվում իրավապաշտպանները և այն մարդիկ, ովքեր Շանթ Հարությունյանին խորհրդային տարիներին և 2008թ. ին համարում էին քաղկալանավոր: Միակ մարդը, ով համարում է, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, «Հելսինկյան ասոցացիայի» նախագահ Միքայել Դանիելյանն է:
«Միանշանակ ես Շանթ Հարությունյանին համարում եմ քաղկալանավոր, որովհետև նրա գործողությունների շարժառիթը եղել է քաղաքական, նա հռչակել է քաղաքական նպատակներ և փորձել է իրականացնել դրանք»,- ասում է Միքայել Դանիելյանը:
Մեր այն դիտարկմանը, որ նա և նրա կողմնակիցներն օգտագործել են մահակներ և պայթուցիկ նյութեր, չի՞ նշանակում, որ նրա արարքների մեջ կան քրեական տարրեր, Դանիելյանը պատասխանեց. «Դրա մեջ ոչ մի քրեական տարր չկա. դա կոչվում է «քաղաքական պայքար` ուժային մեթոդներով»:
Երբ Ոստիկանությունն արգելում է խաղաղ երթ անցկացնել, դրանով ցուցարարներին հրահրում է ուժային գործողությունների: Առաջինը հակաօրինական գործողությունների դիմել է Ոստիկանությունը՝ սահմանափակելով երթ անցկացնելու քաղաքացիների իրավունքը: Այնպես որ, Շանթ Հարությունյանին և նրա հետ կալանավորվածներին պետք է ճանաչել քաղբանտարկյալներ և պայքարել նրանց շուտափույթ ազատ արձակման համար»:
Իրավապաշտպան և նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանն ասում է, որ Շանթ Հարությունյանը կալանավոր չէ, որպեսզի որոշվի` նա քաղկալանավո՞ր է, թե՞ քրեական:
Մեր այն դիտարկմանը, որ ամեն ինչ գնում է հենց դրան, որ Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների համար դատարանը տալու է կալանքի սանկցիա, քանի որ կա հարուցված քրեական գործ, Հարությունյանն արձագանքեց. «Նախ` Շանթ Հարությունյանը պետք է հայտարարի, որ ինքը քաղկալանավոր է, եթե նա այդպիսի հայտարարություն անի, իհարկե, ես էլ կհայտարարեմ, որ նա քաղկալանավոր է»:
Շանթ Հարությունյանի մերձավոր ընկեր, նախկին քաղկալանավոր Ազատ Արշակյանը մեր նույնանման հարցին, թե ինքը Շանթին համարո՞ւմ է քաղկալանավոր, պատասխանեց.
«Ես չեմ ուզում մեկնաբանել Շանթի կարգավիճակը»:
Իսկ թիվ մեկ քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանը մեզ հայտնեց, որ ինքը նոյեմբերի 5-ին Հայաստանում չի եղել և չգիտի, թե ինչ է կատարվել Ազատության հրապարակում, և դա` չնայած այն հանգամանքին, որ կալանավորվել է նաև իր քրոջ որդին:
ՀՀԿ-ական քաղբանտարկյալներն ընդհանրապես անհասանելի են դարձել և անցել են ընդհատակ: Ավելի խորը քան նույնիսկ խորհրդային տոտալիտարիզմի պայմաններում, քանի որ հիմա այլախոհությունը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան նույնիսկ Բրեժնևի կամ Անդրոպովի օրոք:
Իրեն ընդդիմադիր համարող Լևոն Զուրաբյանը, հարցին, թե նոյեմբերի 5-ի միջադեպից հետո կարո՞ղ են հայտնվել նոր քաղբանտարկյալներ, պատասխանել է. «Իհարկե կարող են, ոչինչ չի բացառվում: Բայց եկեք անդրադառնանք նրան, թե ո՞ւմ կարելի է համարել քաղբանտարկյալ: ԵԽ ԽՎ-ի քաղբանտարկյալի սահմանման բանաձևի համաձայն կա հինգ կետ:
Եթե Շանթ Հարությունյանի գործողությունները անգամ ֆորմալ կարելի է գնահատել որպես օրենքի խախտում, և նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, ապա ԵԽ ԽՎ-ն նրանց կհամարի քաղբանտարկյալ, եթե նրա նկատմամբ կիրառվի անհամաչափ պատիժ: Կարծում եմ` այս հարցում պետք չէ շտապել. հասարակության մեջ էլ պետք է ձևավորվի կոնսենսուս` ո՞վ է քաղբանտարկյալ, ո՞վ` ոչ, ինչը եղավ Տիգրան Առաքելյանի դեպքում:
Մի քիչ խճճված իրավիճակ է, որովհետև այնպես չէ, որ, ասենք, հակաիրավական գործողություն չի կատարվել… Եթե Շանթ Հարությունյանի գործը հինգ չափանիշներից որևէ մեկին համապատասխանի, մենք այդ թեման կբարձրացնենք»:
Ինչպես տեսնում եք` Լևոն Զուրաբյանը չի ուզում առաջ ընկնել, ուզում է սպասել և տեսնել, եթե մեծամասնությունը հայտարարի, որ Հարությունյանը քաղբանտարկյալ է, իրենք չեն կարող կրկնել իշխանությանը, և ասել, որ նա քրեական հանցագործ է, չնայած` «այնպես չի, որ հակաիրավական գործողություններ չեն կատարվել»:
Եվ սա ասում է Լևոն Զուրաբյանը, ով ՀԱԿ փոխնախագահն է, մի կուսակցության, որը ձևավորվեց 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում: Մեզ հետ զրուցողների մի մասը` չցանկանալով, որ իրենց անունը նշվի, ակնարկում էին, որ Շանթ Հարությունյանը հոգեպես անառողջ է, և նրան պետք է շտապ բուժում, նրան պետք է հանել այդ վիճակից:
Իսկ ո՞րն է այդ վիճակը, ինչո՞ւմ է արտահայտվում նրա հիվանդությունը. Շանթ Հարությունյանը հավատում էր, որ Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, հավատում էր, որ դրա համար բավարար է, որ մարդիկ մի քիչ համարձակություն դրսևորեն: Իրենց հոգեպես առողջ համարողները վաղուց նման հնարավորությանը չեն հավատում: