Գազի գնի սուբսիդավորման մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ. Արմեն Մովսիսյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե գազի գնի սուբսիդավորման խնդիրն ի՞նչ փուլում է, ի վերջո, ռուսաստանյան կողմը համաձայնելո՞ւ է վճարել տարբերությունը: ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց. «Վարչապետի նամակում, որ ուղղված էր գների կարգավորման հանձնաժողովին, գրված էր, որ մինչև նոր տարի գազի գինը սուբսիդավորվելու է ռուսաստանյան կողմից… Ձեր ելույթներում անընդհատ լսում եմ, որ սպասվում է, որ Ռուսաստանը սուբսիդիայի տեսքով պետք է այդ պարտքը մարի, որը վեց ամիս առաջ մոտ 160 մլն դոլար էր կազմում և մոտ այդքան էլ կազմում էր անցյալ տարվա պարտքը։ Վարչապետի հետ առանձին խոսակցության ժամանակ նա ասաց, որ հոկտեմբերին սպասվում է պայմանագիր ռուսների հետ, որտեղ կկարգավորեն այս բոլոր խնդիրները, մասանավորապես գազի գնի տարբերությունը: Որքանո՞վ է քաղաքացին մուծում, և որքանո՞վ ենք մենք ՀայՌուսագազարդին վճարում, այսինքն այդ 90 դոլարի տարբերությունը»:
Արմեն Մովսիսյանը համաձայնեց, որ քննարկումները բավականին երկար տևեցին, բայց նշեց, թե արդյունքներն արդեն կան։ «Ճիշտ եք նկատել, նախ ռուսական կողմի հետ համաձայնության եկանք, հետո խնդիր եկավ իրավական ձևակերպումների, համապատասխան փաստաթղթի ստեղծման մասով։ Հետո, երբ փաստաթուղթը ստեղծվեց և պետք է ստորագրվեր առաջ եկավ Մաքսային միությանը միանալու խնդիրը և հիմա խնդիրը լուծվում է այդ լույսի ներքո»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ բյուջեի մասով չեն ընդգրկել, քանի որ կար կոնկրետ պայմանավորվածություն, որ պետք է լուծվեր։ «Ռուսական կողմի հետ մեր պայմանավորվածության համաձայն՝ համաձայնագիրը պետք է մինչ այդ ստորագրվեր, վերջին համաձայնություններ են ընթանում այս պահին, և, իմ կարծիքով, շուտով կստորագրենք մինչև նոր տարի, այն, ինչ-որ վստահեցնում են մեր գործընկերները»,-ասաց նախարարը:
Արամ Մանուկյանն էլ ճշտող հարց ուղղեց. «Այսինքն այն մոտեցումը, որ պետք է կառավարությունը պարտքը մուծի, դո՞ւրս է գալիս»: Արմեն Մովսիսյանը դրական պատասախան տվեց։ ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե մինչև Վիլնյուսյան գագաթնաժողովը կստորագրվի՞ արդյոք պայմանագիրը: Ի պատասխան՝ նախարարը նշեց, թե իրենք այդ կտրվածով չեն քննարկում հարցը։ Արամ Մանուկյանը հակադարձեց՝ նշելով, թե գազն ամենաքաղաքական ապրանքն է։ Նախարարը կրկնեց, թե ինքը չի կարծում, որ ձեռք բերված պայմանավորվածություններից ռուս գործընկերները կհրաժարվեն՝ «Ուղղակի մի օր էս կողմ, մի օր էն կողմ…» ։ Արամ Մանուկյանը խնդրեց պատասանեց. «Այսինքն արձանագրեք, որ դուք վստահ եք, որ գազի գինը սուբսիդավորվելու է ռուսական կողմից»։ Նախարարը դրական պատասխան տվեց. «Այո»։