
Չեխիայի խորհրդարանը քվեարկել է իր իսկ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օգտին

Չեխիայի ստորին պալատի անդամներն այսօր քվեարկել են խորհրդարանը վաղաժամկետ արձակելու օգտին: Անհրաժեշտ 120-ի փոխարեն նախագիծը 140 «կողմ» է ստացել: Նախագծին դեմ է հանդես եկել ընդամենը 7 պատգամավոր:
Ստորին պալատի այս որոշումը ճանապարհ է բացում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, որն, ըստ երկրի սահմանադրության, պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան այսօրվա որոշումից 60 օր անց: Ընտրությունների կոնկրետ ժամկետը պետք է նշանակի երկրի նախագահ Միլոշ Զեմանը:
Նախագահ Զեմանն ավելի վաղ ընդունել էր վարչապետ Իրժի Ռուսնոկի հրաժարականը: Վարչապետը հրաժարական էր ներկայացրել այն բանից հետո, երբ խորհրդարանի ստորին պալատն անվստահություն էր հայտնել կառավարությանը: