Օբամայի քաղաքական մազոխիզմը իսլամիզմի սիրիական զինանոցում

Հետաքրքիր է, երբ Ամերիկա հայտնաբերում է ամերիկացին: Այն էլ ինչպիսի՜ ամերիկացին. Կենտրոնական հետախուզության վարչության տնօրենի տեղակալ Մայքլ Մորելան, ասել կուզի` երկրի N երկու գործակալը, որի տեղեկացվածության և քաղաքական կանխատեսումների հնարավորությունների մասին երկու կարծիք լինել չի կարող:

Ուրեմն, վաշինգտոնյան առաջին շարասյունի հետախույզը պաշտոնաթող լինելու պահին (էլ ուրիշ երբ են պաշտոնյաներն անկեղծանում) առանց աչքը թարթելու հանդես է գալիս դարակազմիկ հայտարարությամբ` եթե Ասադի կառավարությունն ընկնի, ապա Սիրիան կդառնա ահաբեկչության կենտրոն, «ալ Ղաիդայի» խոշորագույն միջազգային բազա ողջ երկրագնդում: Իսկական հայտնագործություն:

Այն, ինչը կասկածի նշույլ անգամ չի առաջացնում սկսնակ քաղաքագետների և վերլուծաբանների ուղեղներում, այսօր շեքսպիրյան հարց է դարձել ամերիկյան արտաքին քաղաքականության համար: Զինե՞լ, թե՞ չզինել արմատական մուսուլմաններին: Կռվե՞լ, թե՞ չկռվել Սիրիայում:

Սենատոր Ջոն Մակքեյնի տիպի կովբոյների համար հարցի լուծումը ընդամենը կապված է կոլտը դուրս քաշելու և կրակելու արագության հետ:

Կարդացեք նաև

Սակայն քիչ չեն հավասարակշռված և մտածող գործիչները, որոնք չեն կասկածում, որ «արաբական գարնունը» հեշտությամբ կարող է փոխակերպվել համաշխարհային հրդեհի, եթե Վաշինգտոնը կրկնի նույն սխալները, որ արել է Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում: Ի դեպ, պատերազմ սանձազերծելու դեմ հանդես է գալիս ամերիկյան գեներալիտետը: Նրանց տառապանքը, հավանաբար, փորձ ունի:

Օբամայի սիրիական քաղաքականության դեմ հանդես է գալիս Զբիգնև Բժեզինսկին, որի` ամերիկյան վարչակարգի համար մշակած դոկտրինան զգուշացնում է Բալկանո-եվրասիական գոտու քաոսից: Այդ գոտում աստիճանաբար հայտնվում է Սիրիան: Նրա կարծիքով, այստեղ և այլ երկրներում գործող «ալ Ղաիդայի» խմբավորումները ռեալ սպառնում են Միացյալ Նահանգների անվտանգությանը:

Եվ այստեղ է, որ մենք բախվում ենք մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր հայտնության հետ, որի ֆոնին Մորելայի հայտնագործությունն ուղղակի խամրում է:

Ես նկատի ունեմ այն, որ Օբաման և նրա թիմը, որոնցից, վերջին հաշվով, կախված են ռազմական էսկալացիան և արմատական իսլամիստներին զինելն ու մարտի նետելը, զարմանալի կերպով չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել, որ կրակի բոցերում կարող են հայտնվել նաև իրենք ու ողջ քաղաքակիրթ աշխարհը:

Անվանել սա քաղաքական կարճատեսություն կամ դիվանագիտական վրիպում, կնշանակի ոչինչ չասել: Անկախ այն բանից, թե ինչ գաղափարախոսության և մտածելակերպի տեր ես, եթե կրոնական խուժանին, որը ծնողների աչքի առաջ ողջ-ողջ այրում է երեխաներին, գլխատում է հոգևորականին կամ բացում է մարդու կրծքվանդակը, դու անվանում ես դեմոկրատ, ուրեմն քո ուղեղի հետ ինչ-որ բան այն չէ, և հոգեկան վիճակիդ լուրջ քննության կարիք ունես:

obama-hands (1)

Փորձենք հասկանալ, թե որն է խնդիրը: Դրա համար հարցին մոտենանք ոչ թե գոյություն ունեցող վերլուծական մոդելներով և մեթոդոլոգիայով, այլ հոգեբանական ճանապարհով: Ոչ թե քաղաքական, ռազմական կամ սոցիալական հոգեբանության, այլ անձի կոգնիտիվ (իմացական) հոգեբանության պրիզմայով:

Մի պահ մոռանանք, որ ԱՄՆ-ի նախագահն աշխարհի հզորագույն երկրի լիդերն է և նայենք նրան որպես սովորական մարդու: Ոչ միայն Օբամային, նաև այս աշխարհի մյուս ուժեղներին: Նրանք բոլորն էլ մնում են մարդ` իրենց թույլ և ուժեղ կողմերով, իրենց «Ես»-ով:

Հետևաբար, նրանք բոլորի նման ենթակա են հոգեբանական այս կամ այն ֆենոմենի (երևույթ) ներգործության, որոնց մեջ կան այսպես կոչված «ինքնաժխման», «ինքնախաբեության» կամ «ջայլամի» ֆենոմեններ:

(Փորձված դիվանագետները երբեմն դրանք օգտագործում են մաևրելու և դիմացինին շփոթեցնելու նպատակով):

Սակայն լինում են դեպքեր, երբ մարդիկ ենթագիտակցորեն են դիմում այդ մեխանիզմներին և անգամ բավականություն ստանում դրանից: (Դուք գիտեք, օրինակ, որ այսինչ անձնավորությունը նախանձում է ձեզ, վատաբանում և բամբասում է, սակայն դուք այդ ամենը «չեք տեսնում» և ձեր մեջ ուժ չեք գտնում դադարեցնելու հարաբերությունները նրա հետ: Կամ հասկանում եք, որ դիմացինը խաբեբա է և չի վերադարձնելու պարտքը, սակայն տալիս եք նրա խնդրած գումարը` կանխավ հաշտվելով և անգամ հաճույք զգալով խաբվելու հեռանկարից: (Ճագարն այդպես է նետվում դեպի օձը):

Եթե «ինքնախաբեության» կամ «ջայլամի» մեխանիզմները պրոյեկտենք քաղաքական ռեալիայի վրա, կարող ենք փաստել հետևյալը: Այսօրվա քաղաքական իրադրությունում, Սիրիայում կամ այլուր ծայրահեղական, մարտնչող իսլամիստներին ռազմական, նյութական և բարոյական օգնություն ցույց տալը ինքնասպանությանը սահմանակցող հանցագործություն է, որը տվյալ անձնավորությունը գործում է իր և մարդկության դեմ:

Նման օգնություն ցուցաբերողը, ով էլ որ նա լինի, իմ կարծիքով, մազոխիստ է, քանի որ ահաբեկչին տրամադրած զենքը նրա համար դառնալու է բումերանգ:

Մազոխիզմի հակառակ երևույթը սադիզմն է: Մազոխիզմը և սադիզմը նույն մեդալի տարբեր երեսներն են, և որքան էլ պարադոքսալ հնչի, դրանք մագնիսի նման ձգում են մեկմեկու: Այս փոխձգողականությունը գոյություն ունի նաև քաղաքականության մեջ ու միջազգային հարաբերություններում և, եթե չեմ սխալվում, դեռևս ուսումնասիրված չէ հոգեբանների կողմից:

Անշուշտ, կասկածել քաղաքական գործիչներին մազոխիզմով տառապելու մեջ, որոնք վճռում են միլիոնավոր մարդկանց ճակատագրերը, մեծ համարձակություն կլիներ: Սակայն, կրկնում եմ, մարդը մնում է մարդ, անգամ եթե նա հզոր տիրակալ է: Անսխալական է միայն Բարձրյալը:

Ծայրահեղական սուննիներին զինելու Ամերիկայի համառ ձգտումներն, ըստ իս, ունեն մեկ այլ բացատրություն ևս: Տասնյակ տարիներ միջազգային կյանքում ինչը որ ընդունելի է եղել ԽՍՀՄ-ի (այսօր Ռուսաստան) համար, հակացուցված է համարվել Միացյալ Նահանգներում, և հակառակը: Հակամարտությունն այդ երկրների միջև շարունակվում է: Շարունակվում է աշխարհաքաղաքական շահերի սուր բախումը` ով ում կործանարար հաշվարկներով: Դուրս է գալիս, որ ոչինչ չի փոխվել:

Իսկ որքան ճիշտ և ռացիոնալ կլիներ, եթե նրանք մի կողմ դնեին ամեն տիպի հին ու նոր հակասությունները և ձեռք-ձեռքի տված դիմակայեին XXI դարի կանաչ ժանտախտին և արմատախիլ անեին ժողովուրդների կյանքից: Մարդկությունը միայն շնորհակալ կլիներ նրանց:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat.am

Տեսանյութեր

Լրահոս