Մոսկվան Բաքվին առաջարկում է խաղալ ռուսական ռուլետկա

Նախագահ Պուտինի այցելությունը Բաքու հասկանալիորեն ավելի բարձրացրեց արդեն իսկ որոշակի նախադրյալների հիման վրա Երևանում ստեղծված մտահոգության ալիքը: Տարաբնույթ մեկնաբանությունները շարունակում են հեղեղել մամուլի ասուլիսների, մեկնաբանական հոդվածների և վերլուծական փորձերի առանցքային նյութերով հագեցվող տարածքները:

Այս բոլորը սկսվեց, երբ հրապարակվեց Ռուսաստանի կողմից Բաքվին սպառազինելու համար վաճառված զինուժի տարողությունը: Դեպի Բաքու նկատվող ռուսական ջերմացման այս աստիճանաչափի կտրուկ բարձրացումը տարբեր պատճառներ կարող է ունենալ: Հայկական դիտակետից գործընթացը արժեւորելու ընթացքում, անշուշտ, ոչ պետք է ողբերգականացնել երևութը և ոչ էլ թերագնահատել այն, անվերջ հանկերգելով, որ դա որևէ ձևով չի կարող ազդեցություն ունենալ Երևան-Մոսկվա ռազմավարական հատուկ գործընկերության վրա: Քաղաքական տրամաբանության համահունչ նախադրյալներ  են պարփակում այն պնդումները, որոնք ներկա ժամանակահատվածին առնված ռուսական քայլը բացատրում են Եվրամիության ասոցացման փաստաթղթի նախօրյակին դիպուկ ուղերձներ փոխանցելու մղումով: Ի վերջո, Եվրասիան ևս առաջարկվող ուղի է Երևանի համար. և առաջարկողը ուրիշ կողմ չէ, եթե ոչ ռազմավարական գործընկերը կամ Ադրբեջանը սպառազինողը: Պատճառահետևանքային տրամաբանությունը կարելի է երկարել այլ մղումներ ևս տեսնելու համար Մոսկվայի կողմից առնված և առնվող քայլերի հետևում:

Հիմա, կենտրոնանանք մի քանի դիտարժան կետերի վրա, որոնք ընդհանուր առմամբ արձանագրվել են Բաքվում կայացած միջնախագահական համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է միայն քաղաքական լուծում ունենալ: Իսկ ահա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով, ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա: Վերջինս նաև հիշեցրել է «պատմական արդարության» մասին և նշել, որ Ռուսաստանը մեծ դեր  խաղում հակամարտության հանգուցալուծման գործում:

Կարդացեք նաև

Ալիևի խուսանավումը այստեղ նախնական է: Ալիևը նախ փորձ  է կատարում չվերարտադրելու իր  ռուս պաշտոնակցի կատարած հայտարարության ընթացքում օգտագործված բառեզրը, որովհետև դա  ուղղակի հակադրվում է ներքին սպառման համար տարիներ ի վեր իր կողմից շահարկված և տակավին շահարկվող ռազմատենչ հռետորաբանությանը, որը բարձրակետի էր հասել վերջերս: Նույնիսկ պատերազմի նախապատրաստություններ տեսնելու և զորակոչի խաբկանք ստեղծելու ուղղությամբ հայտարարություններ կատարելով: Փոխարենը, նա խոսում է միջազգային օրենքի հիման վրա հարցը լուծելու մասին, ինչը որ, բնականաբար, պետք է հասկանալ տարածքային ամբողջականության սկզբունքը գերադասելով: Ակնկալությունը շարունակության մեջ է. Ռուսաստանը, որը մեծ դերակատարություն ունի հակամարտության հանգուցալուծման մեջ, պետք է վերականգնի պատմական արդարությունը:

Տարածաշրջանում մեծ դերակատարը սակայն, կրկնում է այն, ինչ որ համանախագահները ասել են ու կշարունակեն ասել. խնդրի լուծումը բացառապես քաղաքական հարթության վրա պետք է տեսնել: Բայց… ռուսական վտանգավոր խաղը շարունակվում է: Վեց միլիարդ դոլարի համապատասխան սպառազինել կողմը, որ հակամարտության մեջ է իր ռազմավարական հատուկ գործընկերոջ հետ և հետո հայտարարել, որ խնդիրը պետք է բացառապես քաղաքական ճանապարհով լուծել:

Եվ խաղը շարունակվում է. երեքշաբաթի օր, գրեթե միաժամանակ Պուտինի Բաքու այցելության, նախագահ Սերժ Սարգսյանը  ընդունում էր Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին: ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը հայտնում էր, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ խոսել են երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին և անդրադարձել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմաարհեստագիտության համագործակցության ամրապնդման և խորացման ուղղված ծրագրերին: Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև պաշտպանության ոլորտի փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ Ռուսասատնը մեծ չափերով զինում է Բաքվին, հետո Բաքվում հայտարարում, որ հարցերը բացառապես պետք է քաղաքական մակարդակով լուծել: Բաքվին զինելու և նրա հետ նոր պայմանագրեր ստորագրելու ընթացքում, նույն օրերի ճշտապահությամբ, Մոսկվայի ներկայացուցիչը պաշտպանության ոլորտի համագործակցության ծիրն ընդլայնելու բանակցություններ է վարում հայկական կողմի հետ: Արդյունքն այն է, որ վտանգավոր խաղի կանոնները թելադրում է Մոսկվան միաժամանակ թե’ Երևանին և թե’ Բաքվին:

Առաջին հայացքից թվում է, թե հայկական կողմը կոչ է ուղղում Բաքվին չներքաշվելու այս վտանգավոր խաղի մեջ: Երեկ պարզ դարձավ, որ Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում  Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային պաշարների համատեղ կառավարման շուրջ:

Կարևորը երկխոսություն ստեղծելու կամ բանակցային սեղանի շուրջ նստելու առաջարկն է, որ համահունչ է նաև Պուտինի՝ Բաքվում հայտարարած քաղաքական ճանապարհ ընտրելու կոչին և ոչ՝  նույն Մոսկվայի կողմից Բաքվին  հսկայածավալ զինելուն: Դա արդեն Բաքվին ուղղված վտանգավոր խաղին մասնակցելու առաջարկ է: Իսկ ռուսական վտանգավոր խաղը աշխարհին ծանոթ է ռուլետկա անունով: Ռուսական ռուլետկա:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս