Բաժիններ՝

Աշակերտի կուրացման համար ծնողները մեղադրում են ուսուցչուհուն (տեսանյութ)

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Դարակերտ գյուղի մաթեմատիկայի ուսուցչուհու կողմից աշակերտին պատժելու հետևանքով վերջինիս տեսողությունից զրկելու` ծնողների պնդումների առնչությամբ:

Դարակերտի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարուխանյանի մայրը՝ տիկին Գայանեն, պնդում է, որ ուսուցչուհին հանձնարարությունը չկատարելու համար պատժել է աշակերտին` հարվածելով գլխին, ինչի հետևանքով երեխայի աջ աչքի տեսողությունը տուժել է 90 տոկոսով:

Տիկին Գայանեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ այցելել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ էլ բժշկուհին ասել է, թե հարվածի հետեւանքով  մահացել է աչքը սնուցող նյարդը՝ ինչը հնարավոր չէ վերականգնել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուսուցչուհին՝ Սուսանա Գալոյանը, հերքել է իրեն ուղղված մեղադրանքներն ու նշել, որ ինքը երբեւէ երեխաներին՝ հատկապես Գեւորգին, չի հարվածել, իսկ իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները որակել է որպես հեյրուրանք:

Կարդացեք նաև

«Ես պատիվ եմ պահանջելու ․․․»,- ասել է ուսուցչուհին:

Ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ իրենք իրավունք չունեն որևէ նման եզրակացություն ներկայացնել, եթե իրենց գրավոր չեն դիմել ոստիկանությունից, դատարանից կամ դատախազությունից:

Երեխայի մայրը պատմում է, որ դեպքի մասին տեղեկանալուց հետո ուսուցչուհին այցելել է երեխային, ընդունել, որ իր հարվածի հետեւանքով է երեխայի տեսողությունը վնասվել եւ առաջարկել է իր օգնությունը: Գալոյանը չի հերքում իր այցելության մասին տեղեկությունն ու պնդում է, որ որպես գյուղացի է այցելել երեխային եւ առաջարկել իր օգնությունը:

Ծնողները նշում են, որ այսօր երեխայի առօրյան գլխի վայր շուռ է եկել, ստիպված է արևային ակնոց կրել և օրվա ընթացքում հսկայական քանակով դեղեր է ընունում: Ծնողները դիմում են Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` պահանջելով, որպեսզի 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցչուհին հեռացվի աշխատանքից:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության բաժնի պետ Նորինե Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ նախարարությունը սպասում է ոստիկանության պատասխանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս