Աբովյանի բնակիչների ահազանգերը մնում են անպատասխան. ծառահատումները շարունակվում են (տեսանյութեր)
Օրերս Աբովյան քաղաքի Հանրապետության 36 շենքի բնակչուհի Ժաննա Ավետիսյանից ահազանգ էինք ստացել, որ իրենց շենքի դիմաց գտնվող կանաչապատ տարածքը Աբովյանի քաղաքապետարանը վաճառել է Նաիրյան 2 շենքի բնակիչ, քաղաքապետարանի աշխատակից Աշոտ Գյուլումյանին:
168.am-ի այցելության պահին արդեն իսկ վաճառված տարածքում սկսել էին ծառահատման գործընթացը. «Երկու օրվա մեջ ապօրինի ծառահատում են իրականացրել և երկաթյա տարրայով ծածկել են կտրված ծառը, որ աննկատ թվա: Մեր շենքի բնակիչներից ստորագրություններ են հավաքում, որ շենքի դիմացի կանաչ տարածքը ոչնչացնեն և փոխարենը հրուշակեղենի խանութ կառուցեն: Ընդ որում, նա հրուշակեղենի ևս մեկ խանութ ունի ներքևի կանգառում, ուր նույնպես ծառահատում էր արել և «մարսել էր» ու թվում է` այս անգամ էլ կմարսի: Այս ամբողջ ծառերը բնակիչներն են տնկել, ու մենք՝ բնակիչներս չենք ցանկանում կորցնել մեր կանաչապատ տարածքները: Անգամ ահազանգել են ամուսնուս, ով Ռուսաստանում է և փորձում են համոզել, որ ստորագրեմ: Ահը սրտումս եմ տանից դուրս գալիս, որովհետև վախենում եմ, որ հենց տանից դուրս եկա՝ կհատեն ծառերը»,- մեզ հետ զրույցում պատմել էր Ժ. Ավետիսյանը:
168.am-ի հետ զրույցում կատարվածի նկատմամբ իրենց դժգոհությունն էին արտահայտել նաև շենքի մյուս բնակիչները. «Իհարկե, դեմ ենք, բայց տարածքը վաճառելուց մեզ՝ բնակիչներիս կարծիքը չհարցրեցին հիմա եկել են ստորագորություն են ուզում, որպեսզի շինություն կառուցեն: Չե՛մ ստորագրել, չեմ ուզում կորցնել կանաչապատ տարածքները, բայց ո՞վ է մեզ լսելու: Մեր երկրում քաղաքացիներին առհասարակ ո՞վ է լսում կամ հաշվի նստում մեր կարծիքի հետ»,-ասում էր նույն շենքի բնակչուհի տիկին Լարիսան:
Ծառահատումից անմիջապես հետո սկսել են շինարարական աշխատանքները:
Վաղ առավոտից բնակիչներն աղմուկ են բարձրացրել, բայց՝ ապարդյուն: Մեզ հետ զրույցում Աշոտ Գյուլումյանը նշել է, որ շենքի բնակիչների մի մասը ստորագրությամբ համաձայնություն է տվել, ապա ավելացրեց, որ կառուցապատման համար անհրաժեշտ համապատասխան բոլոր փաստաթղթերն ունի և շինարարությունը օրինական կարգով է իրականցվում: Իսկ այդ տարածքում նա պատրաստվում է կառուցել ծաղկի խանութ:
Նշենք, որ տարածքը դեռևս 2011թվականից է Աբովյանի քաղաքապետարանը վաճառել Ա. Գյուլումյանին: «Օրինական կառուցում եմ, բոլոր համապատասխան թույլտվություններն ունենք, առաջին հարկի բնակիչները դեմ չեն եղել»,-ասում է Ա. Գյուլումյանը՝ ներկայացնելով սեփականության վկայականը և այլ փաստաթղթերը:
Մանրամասները՝ տեսանյութերում: