Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը
yerkir.am կայքում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հոդված է հրապարակել: Ներկայացնում ենք մի հատված այդ հրապարակումից:
«Այն տպավորությունն ունեմ, թե մենք մի շատ կարևոր բան ենք բաց թողել: Աչքաթող ենք արել: Թույլ ենք տվել, որ մեր կողքով անցնի: Կամ էլ ինքներս ենք մեր կյանքի ինչ-որ կարևոր բանի կողքով անցել և նույնիսկ չենք էլ նկատել այդ կորուստը: Հետ հայացք եմ ձգում 80-ականների վերջերին, 90-ականներին, նույնիսկ 2000-ականների սկզբին և տեսնում, որ մենք ամենեւին չէինք ծրագրում հայտնվել նման կեղտի մեջ, որում, ներեցեք արտահայտությանս համար, հայտնվել ենք: Ընդ որում` այս ոչ այնքան պարկեշտ արտահայտությունը դժվար չէ արդարացնել, և դժվար թե մեր այսօրվա կեցության համատեքստում գտնվեն այն մեղմել ցանկացողներ:
Թող «կեցություն» բառը ձեզ չապակողմնորոշի: Ես չեմ պատրաստվում գրել մարդկային արժանապատվությունը նվաստացնող մեր կենցաղի, սոցիալական, տնտեսական ու բնապահպանական ճնշող խնդիրների, ամենակուլ կոռուպցիայի, իշխանական վերնախավի զգալի մասի մասնագիտական լիակատար անկարողության կամ հանցագործ հակումների մասին, թեեւ հիանալի գիտակցում եմ, որ մեր հասարակության մեջ շատերին, դրանից բացի, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում:
Աշխարհընկալման ձեւափոխումը մեզանում կատարվեց աստիճանաբար, այնպես, որ հասարակական տրամադրությունների զանազան վիճակների միջև սահմանագծերն անզեն աչքով կարող ես և չնկատել` «Ոչ միայն հացիվ» ազնիվ կարգախոսից մենք անցանք նախ «Հաց և զվարճանք» պահանջին, բայց հաց չի եղել և հիմա էլ չկա, իսկ միայն զվարճանքներով, որոնցով մեզ կերակրում է հանրապետական իշխանությունը, չես կշտանա, այնպես որ` հասարակական տրամադրությունները սահուն կերպով վերածվեցին «Որտեղ հաց՝ այնտեղ հայրենիք» քաղքենիական խորիմաստությանը: Եվ դա պատահական չէ: Ինչ-որ տեղ մեր ճանապարհին սխալ նրբանցք ենք թեքվել: Ո՞վ է դրանում մեղավոր, և ինչո՞ւ այդպես ստացվեց՝ հիմա քննարկելն անիմաստ է, այսինքն` առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի է: Դա չէ կարևորը:
«Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը». այս արտահայտությունը ես կարդացել եմ շատ տարիներ առաջ ամերիկացի գրող Թորնթոն Ուայլդերի «Մարտյան իդեր» հրաշալի վեպում: Եվ հաճախ էի հիշում, երբ Հայաստանն անկախության ճանապարհին իր առաջին քայլերն անելիս հայտնվեց ճամփաբաժանին: Ո՞ր ճանապարհն ընտրել: Միշտ էլ սխալվելու վտանգ կա` փորձ չունենք, իսկ մեր քաղաքական ու աշխարհագրական դրությունն այնպիսին է, ինչպես սակրավորի պարագայում` սխալը կարող է միայն մեկը լինել՝ ճակատագրական և վերջինը:
Վերջի՞նը: Ախ, երանի այդպես լիներ: Բայց ոչ, այս հարցում մեր բախտը չի բերել: Ի տարբերություն ականապատ դաշտի, քաղաքական դաշտն ունի մեկ առանձնահատկություն՝ պայթյունը հազվադեպ է անմիջապես հաջորդում արված սխալին, այդ պատճառով էլ դրա հետևանքները միանգամից նկատելը հաճախ դժվար է լինում: Եթե սխալների հետևանքներն անմիջապես նկատելի դառնային, կկարողանայինք ընթացքում փոխել ձախորդ «սակրավորներին», այսինքն’ տարբեր տրամաչափերի ու տեսակի ղեկավարներին և առաջ շարժվել՝ սրբագրելով և շտկելով մեր ճանապարհի ուղղությունը: Ավաղ, փոցխը անմիջապես չի խփում ճակատին եւ ոչ նրանց’ ովքեր դրա վրա կանգնել են: Եվ մեր ճակատագրերի ինքնագոհ արարիչները շարունակում են մեկը մյուսի հետևից սխալներ գործել՝ չնկատելով, թե ինչ բավիղներ են մտցնում երկիրը՝ մինչև վերջապես չի գալիս հատուցման ժամանակը: Ձեզ չի՞ թվում, որ մեր շոգեքարշը, որն «առաջ է սլանում» (Առա՜ջ, Հայաստան) այն մարդկանց ղեկավարությամբ, ովքեր չեն կարողանում տեսնել, ընդունել և ուղղել իրենց և իրենց նախորդների սխալները, մոտենում է հենց այդ կանգառին: Ճիշտ է, այդ ամենը հատուցելը ավելի ծանր կլինի մեզ, այլ ոչ թե նրանց համար, սակայն դա արդեն նշանակություն չունի:
Մարտավարական, ռազմավարական, դժվար շտկվող այդ սխալների հետևանքները մենք տեսնում ենք բոլոր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, բարոյական և քաղաքական:
Անձամբ ինձ թվում է, թե մեր հույսերին հասցված ամենաուժգին հարվածը քաղաքացի լինելու զգացումը՝ ազգային օրգանիզմի հիմնական իմունային մեխանիզմի կորուստն էր: Ասածս բացատրելու համար ես ստիպված կլինեմ խոսել պարզ, թվում է՝ այբբենական ճշմարտությունների մասին: Սրանք սոսկ բառեր չեն: Ի՞նչ է քաղաքացի լինելու զգացումը: Դա ընդամենը պատասխանատվության զգացումն է: Բայց ոչ միայն ընտանիքի, մտերիմների, երեխաների առողջության և սեփական բարեկեցության նկատմամբ: Պատասխանատվություն՝ հայրենիքի նկատմամբ: Պատասխանատվություն, որն անհնար է դնել ուրիշի, նույնիսկ սեփական կառավարության ուսերին: Պատասխանատվություն, որը չի կարելի վաճառել, ինչպես ձայն են վաճառում ընտրությունների ժամանակ:
Հիշենք 80-ականների վերջը, հիշենք Ղարաբաղի համար մղվող պատերազմը: Ի՞նչը մեզ դարձրեց հպարտ, վճռական, քաջ: Ի՞նչը մեզ դարձրեց քաղաքացիներ: Ի՞նչն էր մեզ միավորում: Ազգային պատկանելությո՞ւնը, լեզո՞ւն, եզակի այբուբե՞նը, ընդհանուր պատմությո՞ւնը, «Ջերմուկ» հանքային ջո՞ւրը, ազգային ինքնության գիտակցո՞ւմը, եկեղեցի՞ն, սերը տոլմայի ու խաշի նկատմա՞մբ: Ո’չ, թվարկածները և շատ այլ բաներ մեզ դարձնում են հայ, բայց Հայաստանի քաղաքացի մեզ դարձնում էր մեկ այլ բան’ պատասխանատվության զգացումը: Ղարաբաղյան շարժումը մեզ քաղաքացիական պարտքի զգացումով պարուրեց: Մենք մեզ զգացինք մասը այն հասարակության, որը գիտակցում է իր պատասխանատվությունը, և մտածել անգամ չէինք կարող այն մասին, որ այդ պատասխանատվությունը դնենք «պոլիտբյուրոյի» կամ նման՝ մեզ չենթարկվող այլ կազմակերպությունների ինչ-որ «քեռիների» ուսերին: Այդ պատճառով էլ հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում…»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: