Ֆինանսների նախարարություն. Պետական բյուջեն կատարվել է շուրջ 31.2 մլրդ դրամ հավելուրդով

Հուլիսի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց 2013 թվականի պետական բյուջեի  առաջին հինգ ամիսների կատարողականի օպերատիվ արդյունքները:  Հրապարակված տվյալների համաձայն՝ ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 408.9 մլրդ դրամ, ծախսերը` 377.7 մլրդ դրամ, արդյունքում ձևավորվել է  շուրջ 31.2 մլրդ դրամ հավելուրդ՝  առաջին կիսամյակում նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Առաջին հինգ ամիսների տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները 81.4%-ով, ծախսերը՝ 74.9%-ով ապահովվել են կիսամյակային ծրագրի կատարումը: Բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 802.5 մլն դրամով, մինչդեռ առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված  էր 43.3 մլրդ դրամի օգտագործում:

Գ. Զարգարյանը նշեց, որ պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել են աճ 19.6 %‑ով կամ շուրջ 67.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների հաշվին: Պետական գանձարան մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են ավելի քան 389.4 մլրդ դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ եկամուտներն աճել են 20.4%‑ով կամ 65.9 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի և բնապահպանական ու բնօգտագործման վճարների աճով:

Անդրադառնալով պետբյուջեի ծախսային մասի կատարողականին՝ Զարգարյանն ընդգծեց, որ պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես աճել են՝ հիմնականում պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով: Աճն ընդհանուր առմամբ կազմել է 8.5% կամ շուրջ 29.7 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս