Պակիստանը Հայաստանում իր առաջին դեսպանին է նշանակել
Պակիստանը Հայաստանում իր առաջին դեսպանին է նշանակել, որն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպանը Շաֆքատ Ալի Խանն է։
«Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ կարևորելով, որ նա Պակիստանի առաջին դեսպանն է Հայաստանում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շաֆքատ Ալի Խանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղությունների առաջմղման հնարավորությունները։
Հիշեցնենք` Հայաստանը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1 տարի առաջ։ 2026 թվականի հուլիսին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Հավելենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առաջ Պակիստանն աշխարհի միակ երկիրն էր, որը չէր ճանաչում Հայաստանի անկախությունը։ Այդպիսով Իսլամաբադը ցույց էր տալիս իր աջակցությունը Բաքվին` Ղարաբաղյան հակամարտության ժամանակ։


